- Главная
- Node
- ԵՊՀ-ում շարունակվում է «T4GREEN» ծրագրի պիլոտային փուլը
Апреля 16, 2026 | 14:43
Միջազգային համագործակցություն
Շարունակական կրթություն
ԵՊՀ-ում շարունակվում է «T4GREEN» ծրագրի պիլոտային փուլը
Երևանի պետական համալսարանը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը «Erasmus+ Capacity Building» («T4GREEN») ծրագրին, որի նպատակն է արդիականացնել ուսուցչական կրթությունը՝ համահունչ «կանաչ» և թվային անցման ժամանակակից պահանջներին։
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում իրականացվող մանկավարժի հավաստագրման 30-կրեդիտանոց դասընթացի շրջանակում «T4GREEN» («Transforming Teacher Education for Green and Digital Transition in Armenia and Moldova») ծրագրի այս փուլում իրականացվում է պիլոտային փորձարկում, որի նպատակն է ապահովել ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացումը՝ համապատասխան կրթական նոր չափորոշիչների։
Հատկանշական է, որ ծրագրի նախորդ փուլերում անցկացվել են դասախոսների վերապատրաստումներ, որոնց ընթացքում ներկայացվել են եվրոպական գործընկերների փորձը, ժամանակակից կրթական տեխնոլոգիաները և «կանաչ» ու թվային կրթության մոտեցումները։ Վերապատրաստված դասախոսներն այժմ ներգրավված են պիլոտային ծրագրում՝ կիրառելով ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կրթական գործընթացում։
Պիլոտային ծրագրի բովանդակությունը ձևավորվել է «T4GREEN»-ի հիմնական գաղափարների հիման վրա՝ ներառելով՝
թվային կրթության ժամանակակից գործիքներ,
կայուն զարգացման սկզբունքների ինտեգրում,
միջառարկայական և նախագծահենք ուսուցման մոտեցումներ։
Դասընթացի շրջանակում կիրառվում են ուսուցման նորարարական մեթոդներ՝ ինտերակտիվ ուսուցում, «blended learning» և գործնական առաջադրանքներ, որոնք նպաստում են ուսուցիչների մասնագիտական հմտությունների զարգացմանը և կրթական գործընթացի արդիականացմանը։
Հատկանշական է, որ ծրագրի ընթացքում ԵՊՀ-ում արդեն վերանայվել և արդիականացվել են առարկայական մի շարք ծրագրեր՝ ներառելով «կանաչ» և թվային կրթության բաղադրիչներ։ Տարբեր առարկաների դասավանդման մեթոդիկաներում ընդգծվել են ժամանակակից կրթական տեխնոլոգիաների կիրառման և կայուն զարգացման գաղափարների ինտեգրման ուղղությունները։
«T4GREEN» ծրագրի իրականացումը կարևոր քայլ է ԵՊՀ-ում ուսուցչական կրթության որակի բարձրացման, ինչպես նաև ազգային կրթական համակարգում բարեփոխումների իրականացման ուղղությամբ։ Ծրագրի պիլոտային փուլը հնարավորություն կտա գնահատելու մշակված մոդուլների արդյունավետությունը և հիմք կդառնա դրանց հետագա ներդրման և տարածման համար։