- Главная
- Node
- Նախնական ֆինանսավորման ռազմավարական նշանակությունը գիտության ոլորտում
Апреля 17, 2026 | 10:30
Գիտություն
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
Նախնական ֆինանսավորման ռազմավարական նշանակությունը գիտության ոլորտում
Միջազգային գիտական համագործակցությունները գիտության զարգացման կարևոր շարժիչ ուժերից են, որոնք ստեղծում են հնարավորություններ թե՛ գիտնականների, թե՛ կրթական հաստատությունների համար։ Հատկապես նախնական ֆինանսավորման («seed funding») մոդելի վրա հիմնված ծրագրերը նպաստում են նոր գաղափարների ձևավորմանն ու դրանց վերածմանը կիրառական արդյունքների։ Այս համատեքստում առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում «MIT Global Seed Funds» (GSF) նախաձեռնությունը և դրա ազդեցությունը Հայաստանի վրա։
Թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, դոցենտ Գրիգոր Հայրապետյանի հետ։
– Պարո՛ն Հայրապետյան, Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է արդյունավետ GSF-ի նման մոդելը գիտական համագործակցությունները խթանելու տեսանկյունից։
– «MIT Global Seed Funds»-ի այսօրինակ մոդելները բավականին արդյունավետ են գիտական համագործակցությունները խթանելու առումով։ Դրանք հիմնված են «seed funding» (նախնական ֆինանսավորում) սկզբունքի վրա, այսինքն՝ տրամադրում են սկզբնական փոքր ֆինանսավորում, որը հնարավորություն է տալիս տարբեր երկրների գիտնականներին ստեղծելու առաջին կապերը, մշակելու համատեղ գաղափարներ և գնահատելու դրանց կենսունակությունը։ Ծրագրի կարևոր առանձնահատկությունն այն է, որ կառուցված է ըստ երկրների և տարածաշրջանների, և այսօր արդեն ներառում է շուրջ 20 գործընկեր երկիր։ Հայաստանի ներգրավումը (2023 թվականից) կարևոր քայլ է մեր գիտական համակարգի միջազգայնացման ճանապարհին։
– Ի՞նչ երկարաժամկետ արդյունքներ կարող են ունենալ այսպիսի «seed funding» ծրագրերը Հայաստանի համար։
– Նման ծրագրերը կարող են ունենալ բազմաշերտ և երկարաժամկետ ազդեցություն։ Առաջին հերթին՝ դրանք ստեղծում են կայուն համագործակցության հիմք Հայաստանի բուհերի և գիտահետազոտական կենտրոնների ու միջազգային առաջատար հաստատությունների միջև։ Սկզբնական փոքր դրամաշնորհներով ձևավորված գաղափարները հետագայում հաճախ վերածվում են ավելի խոշոր նախագծերի՝ ներգրավելով լրացուցիչ ֆինանսավորում և ընդլայնելով համագործակցության շրջանակը։ Այս առումով «seed funding»-ը կարելի է դիտարկել որպես գաղափարների ինկուբատոր, որտեղ ձևավորվող նախաձեռնությունները հետագայում կարող են ձեռք բերել կիրառական նշանակություն և ծառայել ինստիտուցիոնալ համագործակցության զարգացմանը։
– Այս ծրագրերը կարո՞ղ են վերածվել ավելի խոշոր, ինստիտուցիոնալ մակարդակի համագործակցությունների։
– Այո՛, և հենց սա է դրանց հիմնական առավելություններից մեկը։ Երբ համագործակցությունը հաջողությամբ անցնում է սկզբնական փուլը, այն կարող է վերաճել ավելի խորքային և համակարգային գործընկերության։ Խոսքը կարող է լինել համատեղ հետազոտական ծրագրերի, լաբորատորիաների ստեղծման, կրկնակի դիպլոմների կամ համատեղ կրթական ծրագրերի մասին։ Այսպիսով, նման նախաձեռնությունները ոչ միայն խթանում են առանձին գիտնականների համագործակցությունը, այլև հիմք են ստեղծում հաստատությունների միջև երկարաժամկետ կապերի համար։
– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի համալսարանների պատրաստվածությունը նման միջազգային համագործակցությունների մասնակցելու առումով։
– Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Հայաստանի առաջատար բուհերը, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարանը, ունեն բավարար գիտական ներուժ և մարդկային ռեսուրսներ նման ծրագրերի մասնակցելու համար։ Միևնույն ժամանակ, միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է շարունակական զարգացում, հատկապես՝ ծրագրերի կառավարման, վարչական կարողությունների և միջազգային փորձի կուտակման ուղղությամբ։ Ճիշտ ռազմավարության դեպքում նման ծրագրերը կարող են դառնալ Հայաստանի գիտության և կրթության զարգացման կարևոր շարժիչ ուժ։