- Главная
- Node
- Ռոմանտիզմից մինչև Մեսոլոնգի․ Բայրոնը՝ որպես հայ-հունական կապի խորհրդանիշ
Апреля 23, 2026 | 10:55
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
Ռոմանտիզմից մինչև Մեսոլոնգի․ Բայրոնը՝ որպես հայ-հունական կապի խորհրդանիշ
ԵՊՀ հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանի նախաձեռնությամբ համալսարանում կայացավ «Ռոմանտիզմից մինչև Մեսոլոնգի. Լորդ Բայրոնի ճանապարհորդությունը» խորագրով միջոցառում։ Այն նպատակ ուներ ներկայացնելու Ջորջ Բայրոնի կյանքի կարևոր փուլերը (հատուկ անդրադարձով Մեսոլոնգիի ելքին)՝ որպես ազատության և պայքարի խորհրդանիշ, ինչպես նաև ընդգծելու նրա կապը հունական ազատագրական շարժման հետ և խթանելու հայրենասիրական արժեքների ընկալումը երիտասարդության շրջանում։
Ջորջ Գորդոն Բայրոնը 19-րդ դարի անգլիացի բանաստեղծ է, ռոմանտիզմի ամենանշանավոր ներկայացուցիչներից և եվրոպական գրականության առանցքային դեմքերից մեկը։ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանությունում նա ուսումնասիրել է հայերեն, մասնակցել թարգմանական աշխատանքների և նպաստել անգլերեն-հայերեն բառարանի ստեղծմանը։ Բայրոնը նաև ակտիվ մասնակցություն է ունեցել Հունաստանի ազատագրական պայքարին, որի ընթացքում էլ մահացել է։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ընդգծելով այս իրադարձության կարևորությունը, ասաց. «Ջորջ Բայրոնը յուրօրինակ կամուրջ է հայ և հույն ժողովուրդների միջև։ Նրա գործունեությունը՝ կապված թե՛ Մխիթարյան միաբանության, թե՛ Հունաստանի ազատագրական պայքարի հետ, միավորում է երկու ժողովուրդներին պատմական և մշակութային հարթության մեջ»։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը մատնանշեց, որ նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն կրթության և ինքնազարգացման գործում՝ ընդգծելով, որ համալսարանական կրթությունը պետք է նպաստի անձի և հասարակության զարգացմանը։
Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, կարևորելով հայ-հունական կրթական և մշակութային համագործակցությունը, նշեց, որ միջոցառումը միավորում է գրականությունը, պատմությունն ու ընդհանուր արժեքները՝ հնարավորություն տալով վերաիմաստավորելու ոչ միայն Բայրոնի գրական ժառանգությունը, այլև նրա կապը Հունաստանի հետ։ Նա ընդգծեց, որ այս տարին առանձնահատուկ է Մեսոլոնգիի դիմադրության 200-ամյակի առթիվ, երբ քաղաքի բնակիչները հանձնվելու փոխարեն նախընտրեցին դիմադրությունը։
ԵՊՀ հունագիտության գիտաուսումնական կենտրոնի գրադարանի տնօրեն Լիզա Քարիմյանը, խոսելով միջոցառման նշանակության մասին, ընդգծեց, որ այն նվիրված է ոչ միայն մեծ բանաստեղծին, այլև համամարդկային արժեքներին՝ ազատությանը, արժանապատվությանը և համերաշխությանը։ Նրա խոսքով՝ Բայրոնը իր գործունեությամբ դարձել է հայ և հույն ժողովուրդների միջև հոգևոր կամուրջ՝ միավորելով նրանց պատմական հիշողությունն ու փորձառությունը։
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին նաև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հունարենի և հունական մշակույթի կենտրոնի ղեկավարը, Երևանի «Պոնտի» հունական համայնքի ղեկավարը, համայնքի անդամներ, ուսանողներ և այլ հյուրեր։








