- Գլխավոր
- Նորություններ
- Մեղրիի «լռած» գյուղերը՝ նոր կյանքի սպասումով. ԵՊՀ դոցենտը ներկայացնում է լքված բնակավայրերի զարգացման հնարավոր ուղիները
Ապրիլ 23, 2026 | 16:00
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Մեղրիի «լռած» գյուղերը՝ նոր կյանքի սպասումով. ԵՊՀ դոցենտը ներկայացնում է լքված բնակավայրերի զարգացման հնարավոր ուղիները
«Մեղրիի տարածաշրջանը, որը 664 կմ² տարածքով յուրահատուկ «լեռնակղզի» է և կազմում է ՀՀ Սյունիքի մարզի 15 տոկոսը, վերջին հարյուրամյակում զգալի փոփոխությունների է ենթարկվել»,- ասում է ԵՊՀ ընդհանուր աշխարհագրության ամբիոնի դոցենտ Կամո Ալեքսանյանը, որն իր ուսումնասիրություններում վերհանում է տարածաշրջանի մի շարք բնակավայրերի լքման պատճառներն ու մատնանշում զարգացման հնարավոր ուղիները:
Կամո Ալեքսանյանն ընդգծեց, որ ժամանակին Մեղրիի տարածաշրջանում եղել է 30-31 բնակավայր, իսկ այսօր դրանց թիվը կրճատվել է մինչև 15-ի։
«Վերջին 100 տարվա ընթացքում լքվել է շուրջ 15-16 բնակավայր: Ներկայում Մեղրիի տարածաշրջանում բնակչության թիվը կազմում է մոտ 11000 բնակիչ»,- ասաց նա:
ԵՊՀ դոցենտի խոսքով՝ բնակավայրերի լքման պատճառները բազմաշերտ են։
«Հատկապես խորհրդային տարիներին գյուղերի խոշորացումը և լեռնահանքային արդյունաբերության բուռն զարգացումը բնակչությանը կենտրոնացրին Ագարակ քաղաքում: Բնակավայրերը լքելու պատճառներից են նաև մշակութային ակտիվ կյանքի բացակայությունը, մասամբ՝ բնական աղետները, քանի որ սողանքները, սելավներն ու երկրաշարժերը ևս իրենց դերն ունեն այս պարագայում,- ասաց Կամո Ալեքսանյանն ու հավելեց, որ կենսաբազմազանության խախտումը, անտառների կրճատումը, արոտավայրերի գերարածեցումը, ոռոգման նորմերի խախտումը, հողերի դեգրադացիան ևս բնակավայրերի լքման պատճառներից են։ Նա փաստեց, որ ներկայում խոշոր բնակավայրերը Մեղրին ու Ագարակն են:
Ըստ Կամո Ալեքսանյանի հետազոտության՝ Մեղրիի տարածաշրջանի վերջին լքված բնակավայրը Այգեձորն է, որը լքվել է 2010-ականների սկզբին՝ տեղի ոսկու հանքավայրի շահագործման դադարեցման և դրա հետևանքով առաջացած գործազրկության պատճառով:
«Այսօր գոյություն ունեցող գյուղերում բնակիչները բախվում են մի շարք խնդիրների: Պարադոքսալ է, բայց գտնվելով Իրանից եկող գազատարի հարևանությամբ՝ որոշ բնակավայրերում շենքերը գազաֆիկացված չեն. պատճառները տարբեր են:
Մեկ այլ լուրջ խնդիր է բերքի իրացումը: Գյուղացին ստիպված է իր բերքը հասցնել Երևան՝ անցնելով 400 կմ, քանի որ տեղի պահածոների գործարանը չունի բավարար հզորություն ամբողջը մթերելու համար: Բացի դրանից՝ տարածաշրջանում զգացվում է որակյալ բժիշկների պակաս»,- նշեց Կամո Ալեքսանյանը՝ խոսելով գոյություն ունեցող բնակավայրերում առկա խնդիրներից:
Նրա դիտարկմամբ՝ հաշվի առնելով, որ լքված բնակավայրերի անմիջապես վերաբնակեցումը բարդ է, պետք է զարգացման այլընտրանքային ուղիներ գտնել, օրինակ, տուրիզմի միջոցով։
«Մեղրին ունի հսկայական ներուժ՝ պատմական կամուրջներ, եկեղեցիների ավերակներ և իր տեսակով եզակի Մեղրու բերդը՝ իր վեց աշտարակներով: Լքված տարածքները կարող են ծառայել որպես տուրիստական ճամբարների և էքստրեմալ տուրիզմի վայրեր»,- մեկնաբանեց ԵՊՀ հետազոտողը՝ անդրադառնալով գոյություն ունեցող գյուղերը պահելու տարբերակներին:
Կամո Ալեքսանյանն այս համատեքստում նշեց, որ գյուղատնտեսական հումքի վերամշակման փոքր ձեռնարկությունների, չրանոցների և գինեգործության զարգացումը ևս կարող է մարդկանց պահել գյուղերում։
«Օրինակ՝ կարելի է Մեղրիի տարածաշրջանում վերականգնել բամբակենու մշակությունը, որը ժամանակին մեծ պահանջարկ է ունեցել, և ստացված արտադրանքն արտահանվել է Իրան ու Ռուսաստան»,- ասաց դոցենտը:
Նա կարծում է, որ պետության աջակցությամբ սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու «16 միլիոնի» ծրագիրը, որը վերաբերում է նաև սահմանամերձ բնակավայրերին, ինչպես նաև բժիշկների և զինվորականների համար խրախուսական պայմանների բարելավումը կարող են նոր շունչ տալ տարածաշրջանին՝ նույնիսկ վերաբնակեցնելով լքված բնակավայրերը:
Կամո Ալեքսանյանը, շեշտելով Մեղրիի տարածաշրջանի ռազմավարական և աշխարհաքաղաքական բացառիկ նշանակությունը, ընդգծեց. «Եթե Երևանը Հայաստանի սիրտն է, ապա Մեղրին նրա գլխավոր արյունատար անոթն է»:
Նշենք, որ ԵՊՀ դոցենտի հեղինակած «Մեղրիի տարածաշրջանի լքված և գոյություն ունեցող բնակավայրերի հիմնախնդիրները վերջին հարյուրամյակում» վերտառությամբ հոդվածը հրապարակվել է ՀՀ ԳԱԱ «Լրաբեր» հասարակական գիտությունների հանդեսում: