- Главная
- Node
- ԵՊՀ-ում քննարկվեցին միջազգային արբիտրաժային վարույթների արդյունավետության առանցքային բաղադրիչները
Апреля 27, 2026 | 16:30
Կրթություն
Միջոցառումներ
ԵՊՀ-ում քննարկվեցին միջազգային արբիտրաժային վարույթների արդյունավետության առանցքային բաղադրիչները
Երբ բիզնեսի, պետության և իրավունքի շահերը հատվում են մեկ կետում, որոշիչ են դառնում օրենքն ու այն գործոնները, որոնք կարող են արագացնել կամ ձախողել ամբողջ գործընթացը։ ԵՊՀ-ում անցկացված «Միջազգային արբիտրաժային վարույթների արդյունավետության «գաղտնի (և ոչ այնքան գաղտնի) բաղադրիչները»» խորագրով միջոցառման օրակարգում հենց այդ քիչ քննարկվող, սակայն վճռորոշ բաղադրիչներն էին։
Միջոցառումը կազմակերպվել էր Վիեննայի միջազգային արբիտրաժային կենտրոնի դեսպանների ցանցի (Վիեննայի միջազգային արբիտրաժային կենտրոնի նախաձեռնություն), «ArbMenia»-ի նախաձեռնությամբ և անցկացվում էր ԵՊՀ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի աջակցությամբ։
Գիտական այս միջոցառման հիմնական նպատակն էր բացահայտել և քննարկել միջազգային արբիտրաժային վարույթների արդյունավետության վրա ազդող առանցքային գործոնները՝ համադրելով ոլորտի տեսական գիտելիքն ու գործնական փորձը։ Այն միտված էր ստեղծելու մասնագիտական բաց հարթակ, որտեղ հնարավոր կլիներ անդրադառնալ ոչ միայն արբիտրաժային գործընթացների ակնհայտ մեխանիզմներին, այլև հաճախ անտեսվող այն բաղադրիչներին, որոնք վճռորոշ դեր են ունենում վեճերի արդյունավետ, արագ և արդար լուծման գործում։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային արբիտրաժի ոլորտում առկա արդի մարտահրավերներին՝ սկսած վարույթների արդյունավետության ու տևողության խնդիրներից մինչև ներդրումային վեճերի քննության ձևաչափերի վերանայման անհրաժեշտություն։ Առանձնակի ուշադրություն դարձվեց պետությունների և բիզնես կառույցների դերակատարությանը, ինչպես նաև արտաարբիտրաժային մեխանիզմների՝ բանակցությունների և հաշտարարության միջոցով վեճերի լուծման հնարավորություններին։ Քննարկվեցին նաև այն գործնական քայլերը, որոնք կարող են նպաստել արբիտրաժային գործընթացների առավել արագ, արդար և արդյունավետ կազմակերպմանը։
Միջոցառումը համախմբել էր հայաստանյան և միջազգային մասնագետների՝ քննարկելու միջազգային արբիտրաժային վարույթների արդյունավետ կազմակերպման վրա ազդող ակնհայտ և հաճախ ստվերում մնացող գործոնները։
ԵՊՀ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրի համահիմնադիր, դասախոս Քրիստինե Խանազադյանի խոսքով՝ սա հնարավորություն է տալիս համալսարանական միջավայրում զարգացնելու միջազգային արբիտրաժի վերաբերյալ մասնագիտական քննարկումները, դրանք դարձնելու առավել առարկայական և հասանելի թե՛ ուսանողների, թե՛ ոլորտի մասնագետների համար։
Քրիստինե Խանազադյանը շեշտեց, որ միջոցառումը առավելապես միտված էր պրակտիկ գիտելիքների և իրական փորձի փոխանցմանը։
Քննարկումների առանցքում էին միջազգային արբիտրաժի ոլորտում առկա արդի մարտահրավերները՝ ներդրումային և առևտրային արբիտրաժների համատեքստում։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց այն հարցին, թե արդյո՞ք ներդրումային վեճերը պետք է շարունակեն քննվել մեկանգամյա (ad hoc) կամ ինստիտուցիոնալ արբիտրաժային տրիբունալների կողմից, թե՞ անհրաժեշտ է անցում կատարել մշտական գործող ներդրումային դատարանների համակարգի։
Ըստ Քրիստինե Խանազադյանի՝ այս թեման հատկապես արդիական է, քանի որ արբիտրաժային վարույթները երբեմն լիարժեք չեն ծառայում իրենց սկզբնական նպատակին։
«Արբիտրաժի գաղափարը հենց այն էր, որ այն լիներ դատական համակարգի այլընտրանք՝ ապահովելով արդյունավետություն, կարճ ժամկետներ և արդար քննություն։ Սակայն այսօր գործնականում հաճախ արձանագրվում է, որ վարույթները տևում են ավելի երկար, քան նախատեսված է, իսկ կողմերը շատ դեպքերում չեն համաձայնում կայացված վճիռներին և նախաձեռնում են չեղարկման գործընթացներ։ Հենց այս հանգամանքների պատճառով էլ ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի երրորդ աշխատանքային խմբի շրջանակում ներկայում քննարկվում է մեկանգամյա ստեղծվող (ad hoc) կամ ինստիտուցիոնալ արբիտրաժային տրիբունալներից դեպի մշտական գործող ներդրումային դատարանների համակարգ անցում կատարելու հարցը»,- ասաց նա՝ միջոցառմանը ուշադրություն դարձնելով պետությունների առջև ծառացող մարտահրավերներին, երբ պետությունն է ներգրավվում արբիտրաժային վարույթի շրջանակում։
Նրա խոսքով՝ պետության դեմ ուղղված վեճերի լուծման մեխանիզմները, հատկապես ներդրումային արբիտրաժի համատեքստում, ունեն իրենց առանձնահատկությունները։ Այս գործընթացներում գործում է այսպես կոչված «սպասման ժամանակահատվածը» (Cooling-off period), երբ կողմերը փորձում են վեճը լուծել բանակցությունների միջոցով։ Սովորաբար այս փուլը տևում է 3-6 ամիս՝ կախված համապատասխան ներդրումային համաձայնագրի դրույթներից։
«Գործնականում հաճախ այս ժամանակահատվածը կիրառվում է ձևական բնույթով, և դրա ավարտից հետո վեճը տեղափոխվում է արբիտրաժային քննության փուլ։ Միևնույն ժամանակ, եղել են դեպքեր, երբ Հայաստանում վեճի ծանուցումից հետո պետությունը ձեռնարկել է քայլեր՝ այն արտաարբիտրաժային կարգով լուծելու ուղղությամբ՝ բանակցությունների միջոցով հասնելով կարգավորման։ Որոշ իրավիճակներում կիրառվում է հաշտարարության (մեդիացիայի) մեխանիզմը, որի արդյունքում կողմերը կարողանում են հասնել համաձայնության։ Նույնիսկ արձանագրվել են դեպքեր, երբ հայցվոր կողմը հրաժարվել է իր պահանջներից՝ վեճը լուծելով մինչ արբիտրաժային փուլ հասնելը»,- նշեց Քրիստինե Խանազադյանը, որը կարծում է՝ նախաձեռնությունը համահունչ է ԵՊՀ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի առաքելությանը՝ Հայաստանում զարգացնել միջազգային արբիտրաժի վերաբերյալ գիտելիք և ձևավորել ոլորտի նոր մասնագետների համայնք։
Նշենք, որ միջոցառումը նախատեսված էր ոչ միայն իրավաբանների, այլև շինարարության, տնտեսագիտության և այլ ոլորտների մասնագետների, ինչպես նաև ուսանողների համար, որոնք հետաքրքրված են միջազգային իրավունքով և միջազգային վեճերի լուծման մեխանիզմներով։
Միջոցառմանը ներկա էին ոլորտի հեղինակավոր մասնագետներ և փորձառու իրավաբաններ տարբեր երկրներից։ Մասնակիցների և բանախոսների թվում էին Վիեննայի միջազգային արբիտրաժային կենտրոնի գլխավոր քարտուղար Նիվ Լայնվաթերը, «Equity Law Partners»-ի գործընկեր, Բրյուսելում գործող «van den Berg Arbitration»-ի իրավաբան Ալվին Շիրինյանսը, Ժնևում գործող «Archipel»-ի իրավախորհրդատու, Հայաստանում Վիեննայի միջազգային արբիտրաժային կենտրոնի դեսպան Մարլենա Հարությունյանը, Փարիզում գործունեություն ծավալող անկախ արբիտր և Վրաստանում Վիեննայի միջազգային արբիտրաժային կենտրոնի դեսպան Քեթևան Բեթանելին, «Concern Dialog»-ի գործընկեր Լիլիթ Կարապետյանը, ինչպես նաև իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ներկայացուցիչ և «ELL Partnership»-ի հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանը։









