- Главная
- Node
- ԵՊՀ-ից Կադիս․ հայ-իսպանական ակադեմիական երկխոսություն
Май 05, 2026 | 10:51
Գործընկերներ
Կրթական ծրագրեր
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ից Կադիս․ հայ-իսպանական ակադեմիական երկխոսություն
Միջազգային ակադեմիական համագործակցությունը շարունակում է մնալ ժամանակակից բարձրագույն կրթության զարգացման առանցքային ուղղություններից մեկը՝ ձևավորելով գիտելիքի փոխանակման և մշակութային երկխոսության նոր հարթակներ։ Երևանի պետական համալսարանի և Կադիսի համալսարանի միջև ձևավորված գործընկերությունը վերջին տարիներին ձեռք է բերել համակարգված և բազմաշերտ բնույթ։
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ներկայացրել է «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Կադիս կատարած այցի նպատակները, անցկացրած դասախոսությունները, ինչպես նաև հայ-իսպանական համալսարանական համագործակցության ներկա ձեռքբերումներն ու զարգացման հեռանկարները։
- Տիկի՛ն Բաղդասարյան, համագործակցության ի՞նչ շրջանակում էր կազմակերպված Ձեր այցը Կադիսի համալսարան:
- Այցը կազմակերպվել է Կադիսի համալսարանի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կենտրոնի հետ համագործակցության շրջանակում, որի պատասխանատուն է Անդրես Սանտանան։ Այցի ընթացքում նախատեսված էին դասախոսություններ, գրքի քննարկումներ, տարբեր հանդիպումներ, ինչպես նաև մշակութային միջոցառումներ Խերես դե լա Ֆրոնտերա քաղաքի համալսարանական կամպուսում:
2023 թվականին Կադիսի համալսարանի պաշտոնական պատվիրակությունն այցելել էր ԵՊՀ, ինչի արդյունքում ստեղծվել է հայ-իսպանական լսարանը։ Նշված նախաձեռնությունը նորարարական ծրագրի մաս է կազմում, որի նպատակն է երկկողմ ձևաչափով համալսարանական համագործակցության ցանցի զարգացումը՝ երկու բուհերում համապատասխան կառույցների ստեղծմամբ։ Այս նախագիծը, որն ունի բազմահայեցակերպ և բազմագիտակարգային տեսլական, մեծ կարևորություն է ձեռք բերել կրթության նորագույն մարտահրավերներին դիմակայելու համար:
Վերջին տարիներին Կադիսի համալսարանի հետ համագործակցության շրջանակում մեր ամբիոնում կազմակերպվել են ինչպես առկա, այնպես էլ առցանց մի շարք դասախոսություններ, որոնց մասնակցել են Կադիսի համալսարանի ութ դասախոսներ՝ անդրադառնալով իսպանական բանասիրության տարբեր խնդիրների։
-Ի՞նչ թեմաներով դասախոսություններ եք ներկայացրել Կադիսի համալսարանում։
- Առաջին հերթին կարևորում եմ այն դասախոսությունները, որոնք ներկայացրել եմ Կիրառական լեզվաբանության ինստիտուտում՝ ինստիտուտի տնօրեն, ճանաչված լեզվաբան, պրոֆեսոր Միգել Կասաս Գոմեսի հրավերով։ Իսպանիայում այս ինստիտուտը առանձնանում է իր առաջատար տեխնոլոգիական հնարավորություններով և եզակի լաբորատոր ենթակառուցվածքներով՝ ներառյալ կլինիկական և դատական լեզվաբանության կաբինետներ, համակարգչային, թվային, փորձարարական լեզվաբանության, հնչյունաբանության և ակուստիկ ինժեներիայի լաբորատորիաներ, որտեղ կատարվում են նորարարական բացառիկ հետազոտություններ։
Առաջին դասախոսությունը նվիրված էր միջլեզվական քննության տեսանկյունից առածաբանության արդի խնդիրներին՝ հիմնված իսպաներենի, ֆրանսերենի և իտալերենի լեզվանյութի վրա։ Երկրորդ դասախոսությունը վերաբերում էր Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպի առած-ասացվածքների ֆրանսերեն թարգմանության համարժեքության խնդրին։ Դասախոսությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մի շարք հարակից հարցերի, որոնց վերաբերյալ տեղեկություն է հրապարակվել ինստիտուտի պաշտոնական էջում (հղում 1, հղում 2, հղում 3):
«Փոխաբերություն և թարգմանություն․ Գաբրիել Գարսիա Մարկեսի պատմողական տիրույթի դիսկուրսիվ վերստեղծումը» խորագրով մեկ այլ դասախոսություն անցկացվել է համալսարանի բանասիրության և փիլիսոփայության ֆակուլտետում՝ «Բանասիրության օրեր» միջոցառման շրջանակում։ Նույն թեմայի վերաբերյալ դասախոսությամբ հանդես է եկել նաև Կադիսի համալսարանի դոկտորանտ Անահիտ Մարգարյանը: Արդյունքում սեմինարը վերածվել է մասնագիտական արդյունավետ երկխոսության հարթակի՝ փոխաբերության և թարգմանության փոխառնչությունների տարբեր հայեցակերպերի քննարկման համար: Այն հասանելի է հետևյալ հղմամբ:
- Կադիսի համալսարանի հետ համագործակցության շրջանակում ի՞նչ ծրագրեր և նախաձեռնություններ են արդեն իրականացվում։
- Բացի փոխադարձ այցելությունների շրջանակում դասախոսությունների կազմակերպումից և «Էրազմուս+» ծրագրի շնորհիվ մեր ամբիոնի ուսանողների համար Կադիսի համալսարանում մեկ կիսամյակ ուսանելու հնարավորությունից (այժմ այնտեղ սովորում են մեր ամբիոնի բակալավրիատի 3 ուսանող)՝ իրականացվել են նաև համատեղ մի շարք այլ նախաձեռնություններ։
Մասնավորապես՝ համատեղ ուժերով կազմակերպվել են երկու գրքի շնորհանդես և քննարկում, իսկ մեր ուսանողները մասնակցել են «COIL» («Collaborative Online International Learning») ծրագրին՝ ձեռք բերելով միջազգային համագործակցության արժեքավոր փորձ։
Մեր ամբիոնի շրջանավարտ Անահիտ Մարգարյանը ներկայում սովորում է Կադիսի համալսարանի դոկտորանտուրայում և մոտ ապագայում պատրաստվում է պաշտպանել իր ատենախոսությունը։ Ի դեպ, Անահիտը նաև զգալի ներդրում ունի մեր համալսարանների միջև համագործակցության զարգացման մեջ: Բացի դրանից՝ մեր ամբիոնի բակալավրիատի շրջանավարտներ Մերի Մարգարյանը, Քելլի Ս. Հովհաննիսյանը և Շուշանիկ Չախոյանը ուսանում են նույն համալսարանի մագիստրոսական տարբեր ծրագրերում և արդեն աշխատում են իրենց մագիստրոսական թեզերի վրա։
Առաջիկա ծրագրերից առանձնանշելի է հունիսի 24-25-ին ԵՊՀ-ում նախատեսվող «Իսպանական մշակույթի օրեր» միջոցառումը, որի շրջանակում Հայաստան կժամանեն Իսպանիայի չորս համալսարանների, այդ թվում՝ Կադիսի համալսարանի դասախոսներ։ Այս նախաձեռնությունը նաև կարևոր հարթակ կդառնա հայ-իսպանական հարաբերություններին նվիրված գիտահետազոտական համագործակցության ցանցի զարգացման համար։
Նշված գիտահետազոտական համագործակցության շրջանակում արդեն իսկ Գրանադայում լույս է տեսել «Հայաստանը իսպանախոս աշխարհում» գիրքը, որը թեմատիկ ընդգրկմամբ և գիտական արժեքով եզակի է Իսպանիայում։
- Պատմամշակութային ի՞նչ ընդհանրություններ ու հետաքրքիր կապեր կան Հայաստանի և Կադիսի միջև։
- Հայաստանի և Կադիսի միջև առկա են պատմամշակութային ուշագրավ առնչություններ։ Դեռևս 17-րդ դարում Կադիսում գործում էր փոքրաթիվ հայկական համայնք, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ այդ շրջանում Կադիսը և Սևիլիան Իսպանիայի կարևորագույն նավահանգիստներից էին և ակտիվ առևտրական կենտրոններ։
Այս կապերի վառ վկայություններից են Նոր Ջուղայից ժամանած հայ վաճառականների նվիրատվությունները Կադիսի Սուրբ Մարիամ եկեղեցուն 1670-ական թվականներին։ Դրանցից են հոլանդական հախճապակե սալիկների նշանակալի հավաքածուն, իտալական մարմարե պատվանդանով մկրտության ավազանը, ինչպես նաև կրիայի պատյանից պատրաստված կարմրավուն զարդաքարերով մեծ արծաթե խաչը` նախատեսված կրոնական երթի համար։
Եկեղեցու պատերը զարդարող հազարավոր սալիկները, որտեղ պատկերված են սրբեր, Հռոմի պապերի կերպարներ, աստվածաշնչյան տեսարաններ, պարունակում են հայերեն, իսպաներեն ու լատիներեն արձանագրություններ: Դրանք համարվում են նմանատիպ հոլանդական հավաքածուներից աշխարհում առավել արժեքավորներից՝ առանձնանալով իրենց ինքնատիպ պատկերագրությամբ։
Արխիվային նյութերի հետագա ուսումնասիրությունը հնարավորություն կընձեռի բացահայտելու այս կապերի նոր շերտեր, ինչին միտված է նաև հայ-իսպանական պատմամշակութային առնչություններին նվիրված գիտահետազոտական միջազգային համագործակցության ցանցի ձևավորումը։
- Ի՞նչ նոր հեռանկարներ և ծրագրեր եք տեսնում Կադիսի համալսարանի հետ հետագա համագործակցության համար։
- Առանձնահատուկ կարևորում եմ Կադիսի համալսարանի լեզվական քաղաքականության վարչության գլխավոր տնօրեն Լեոնոր Ակոստա Բուստամանտեի հետ մեր հանդիպումները, որոնց ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ ուղղված կրթական համատեղ ծրագրերի և տարբեր նախաձեռնությունների իրականացմանը։
Դրանք էական ներդրում կունենան ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնում իրականացվող ծրագրերի կատարելագործման, գիտահետազոտական գործունեության խթանման, ինչպես նաև դրանց միջազգայնացման ու արդիականացման գործընթացներում։
Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ մեր համալսարանների միջև առկա է համագործակցության զգալի ներուժ, որը միտված է նպաստելու երկկողմ կապերի հետագա խորացմանը։