- Գլխավոր
- Նորություններ
- Հիդրոօդերևութաբանական մոնիթորինգ և ածխածնային չեզոքություն. միջազգային գիտաժողով՝ ԵՊՀ-ում
Մայիս 05, 2026 | 14:41
Կոնֆերանսներ
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
Միջազգային համագործակցություն
Հիդրոօդերևութաբանական մոնիթորինգ և ածխածնային չեզոքություն. միջազգային գիտաժողով՝ ԵՊՀ-ում
ԵՊՀ-ում մեկնարկեց «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները փոփոխվող կլիմայի պայմաններում. հարմարվողականություն, կայունություն և արտադրական գործընթաց» խորագրով միջազգային գիտաժողովը: Այն նպատակ ունի համակողմանիորեն քննարկելու և վերհանելու հիդրոօդերևութաբանության ոլորտում առկա առաջնահերթ խնդիրները, բացահայտելու դրանց զարգացման օրինաչափություններն ու հեռանկարները, ինչպես նաև գնահատելու ոլորտի դերը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում՝ անդրադառնալով նաև ջրակլիմայական ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կառավարման ոլորտում կուտակված միջազգային փորձին։
ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանի խոսքով՝ վերջին տարիներին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը գրեթե ամեն տարի կազմակերպում է նմանօրինակ միջազգային գիտաժողովներ, որոնք լայն արձագանք են ստացել թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի գիտական համայնքի շրջանում. «Սա վկայում է թեմայի արդիականության և գիտական հետաքրքրության աճի մասին: Դա ամենից առաջ պայմանավորված է այն հանգամանքով, որ ժամանակակից աշխարհում գրեթե բոլոր ոլորտները ենթարկվում են հիդրոօդերևութաբանական պայմանների ազդեցությանը, ինչն էլ կարևորում է համապատասխան մասնագետների դերն ու նշանակությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում»:
Կլիմայական ճգնաժամ
Ակադեմիական հարցերի գծով պրոռեկտորն ընդգծեց, որ կլիմայի փոփոխությունն իրական և անհերքելի սպառնալիք է ողջ քաղաքակրթության համար. «Բավական է միայն նշել, որ 2023 թ. օդի ջերմաստիճանը 1,4 ցելսիուսով բարձր է եղել 1850-1900-ական թվականների միջինից՝ արձանագրելով 174 տարվա ընթացքում գրանցված ամենաշոգ տարին: Իսկ կայուն զարգացման կոնցեպտը մեզ սովորեցնում և պարտավորեցնում է անհետաձգելի գործողություններ ձեռնարկել կլիմայի փոփոխության և դրա հետևանքների դեմ պայքարելու համար»:
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանն իր հերթին շեշտեց, որ վերջին տասնամյակների ընթացքում նկատվում է տարերային աղետների հաճախականության կտրուկ աճ, որոնց շուրջ 90%-ն ունի եղանակային, կլիմայական կամ ջրային ծագում. «Նման իրավիճակը պահանջում է ունենալ բարձր որակավորում ունեցող ջրաօդերևութաբան մասնագետներ: Իսկ Հայաստանում այդպիսի մասնագետներ պատրաստվում են միայն ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում: Այն սերտորեն համագործակցում է բազմաթիվ գիտական և հասարակական կազմակերպությունների հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, որոնց թվում են Իսպանիայի, Գերմանիայի, ՌԴ-ի (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ) գիտահետազոտական կենտրոններն ու համալսարանները, ինչպես նաև Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ու «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնները»:
Սարգիս Քելյանն ընդգծեց, որ ֆակուլտետը կարևոր դեր ունի երկրային համակարգի վերաբերյալ գիտելիքների զարգացման գործում՝ ապահովելով գիտական տեղեկության հավաքագրում և վերլուծություն, գնահատելով կլիմայի, ջրային ռեսուրսների արդի վիճակը, դրանց փոփոխության միտումները, զարգացման օրինաչափությունները, պատճառահետևանքային կապերը և էկոլոգիական հիմնախնդիրները. «Միևնույն ժամանակ, կատարվում են աշխատանքներ կլիմայի փոփոխությանը հարմարվելու համար արդյունավետ մոտեցումների մշակման ուղղությամբ»:
Եվրոպական տեսլականը
Իսպանիայի Ժիրոնայի համալսարանի միջազգայնացման գծով պրոռեկտոր Ժոզեֆ Վիլա Սուբիրոսը նշեց, որ իրենց աշխարհագրության ֆակուլտետը կենտրոնացած է տարածքային պլանավորման և շրջակա միջավայրի ուղղությամբ. «Մենք հաճախ օգտագործում ենք «բնապահպանական փոփոխություն» հասկացությունը, որն ավելի լայն է, քան միայն կլիմայի փոփոխությունը: Գործնական աշխատանքները և ուսումնական ճամփորդությունները (օրինակ՝ դեպի Մարոկկո) մեր ուսուցման հիմնական գործիքներն են»:
Նրա խոսքով՝ այսօր եվրոպական բուհերը աշխատում են ցանցերով և իրականացնում համատեղ նախագծեր:
«Մենք աշխատում ենք այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են լանդշաֆտի փոփոխությունը, սահմանները և անցումը ցածր ածխածնային հասարակությանը: 2024 թվականին Եվրոպական խորհրդարանն ընդունեց «Բնության վերականգնման մասին» օրենքը: Մեր ուսանողներին պատրաստում ենք աշխատելու այս օրենքի կիրառման ուղղությամբ միջազգային ցանցերի միջոցով»,- ասաց նա ու հավելեց, որ իրենք անդամակցում են «Across» դաշինքին, որը միավորում է 10 համալսարան 10 երկրներից:
«Մեր կարգախոսն է. «Կրթական ապագա՝ առանց սահմանների»: Սա նոր և մեծ մարտահրավեր է, որը մեկնարկել է 2024 թվականին՝ նպատակ ունենալով ստեղծելու հետազոտական օրակարգ»,- նշեց նա:
Ածխածնային չեզոքության հասնելու ուղին
Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Օլչևը ներկայացրեց ջերմոցային գազերի մոնիթորինգի և կլիմայի փոփոխության վերաբերյալ զեկույց: Որպես կլիմայագետ և փորձագետ՝ նա իր զեկույցում անդրադարձավ նաև կլիմայական մարտահրավերներին և ածխածնային չեզոքության հասնելու ռազմավարություններին:
«Ջերմոցային գազերն առանցքային դեր ունեն ժամանակակից կլիմայի փոփոխության մեջ: Եթե համեմատենք նախաարդյունաբերական մակարդակի հետ, ջերմաստիճանն աճել է 1,3-1,5 աստիճանով, և այդ աճը շատ արագ է տեղի ունենում: Սա հանգեցրել է եղանակային ծայրահեղ երևույթների՝ ջերմային ալիքների և հորդառատ տեղումների հաճախականության աճին: Բազմաթիվ գործոններ են ազդում կլիմայի վրա (արեգակնային ակտիվություն, հրաբուխներ, օվկիանոսի շրջանառություն), սակայն ամենակարևորը մթնոլորտի գազային կազմի փոփոխությունն է: Ջերմոցային գազերը պաշտպանիչ դեր ունեն, սակայն խնդիրը դրանց կոնցենտրացիայի կտրուկ աճն է: Այսօր ցամաքը և օվկիանոսը կլանում են մարդածին արտանետումների միայն 50%-ը, իսկ մնացածը կուտակվում է մթնոլորտում»,- ասաց Ալեքսանդր Օլչևը:
Նա պարզաբանեց, որ ածխածնային չեզոքությունը նշանակում է հավասարակշռություն արտանետումների և կլանման միջև:
«Ռուսաստանն ունի «Ածխածնային սուպերսայթեր» նախագիծը՝ ուղղված այս խնդրին: Սակայն, եթե նայենք Կովկասյան տարածաշրջանին 2021-2024 թթ. տվյալներով, ամբողջ հարավային տարածաշրջանը կարմիր գույնի է, ինչը նշանակում է, որ այն CO2-ի աղբյուր է մթնոլորտի համար»,- շեշտեց նա ու եզրակացրեց, որ ածխածնային չեզոքությունը մեզնից դեռ շատ հեռու է:
Ապագայի համար, նրա խոսքով, անհրաժեշտ է ընդլայնել մոնիթորինգի ցանցը, կիրառել նոր տեխնոլոգիաներ և ապահովել տվյալների թափանցիկություն, քանի որ տվյալների բացակայությունը հանգեցնում է մեծ անորոշությունների:
Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ավագ գիտաշխատող, կ.գ.թ. Ելենա Կրասնովան նշեց, որ Մոսկվայում կայացած «Ծովային հետազոտություններ և կրթություն («MARESEDU») – 2025» գիտաժողովում հանդիպել է ԵՊՀ դոցենտ Վարդուհի Մարգարյանին և ստացել Երևանի պետական համալսարանում կազմակերպվող գիտաժողովի մասին հայտարարությունը:
«Սա դիտարկեցի որպես լավ հնարավորություն՝ կազմակերպելու թեմատիկ բաժին՝ նվիրված քաղցրահամ և ծովային ջրերում հատակային անօքսիայի հետ զուգորդվող շերտավորման զարգացմանը, որը համարվում է համաշխարհային միտումներից մեկը: Իմ գաղափարը հաստատեց ծրագրային կոմիտեն: Մոսկվայից, Տոլյատիից, Արխանգելսկից, Սանկտ Պետերբուրգից հրավիրել եմ գործընկերների, որոնք պարբերաբար մասնակցում են տարբեր, սեզոնային կամ մշտապես շերտավորված ջրամբարների, այդ թվում՝ մերոմիկտիկ լճերի հետազոտություններին: Նրանք մի քանի զեկույցներ ներկայացրին ջրի և հատակային նստվածքների հիդրոքիմիական վերլուծությունների, մանրէային համայնքների և դրանց գործունեության առանձնահատկությունների վերաբերյալ՝ տարբերվող օքսիդա-վերականգնողական միջավայրով շերտերում, սուլֆիդի ազդեցության վրա ջրիմուռների ֆոտոսինթեզի ունակության, ծովից տարբեր աստիճաններով մեկուսացված ափամերձ լագունների ջրում լույսի թափանցման առանձնահատկությունների և ստորջրյա լույսի սպեկտրի ֆիտոպլանկտոնի կազմի կախվածության մասին: Ներկայացված բոլոր տվյալները բնութագրում են շերտավորված ջրերը, դրանց արձագանքը կլիմայի փոփոխությանը և կենսոլորտի վրա ազդեցությանը»,- ընդգծեց նա։
Նշենք, որ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դոցենտ Վարդուհի Մարգարյանը մեծ ներդրում է ունեցել գիտաժողովի կազմակերպման գործում:
Եռօրյա գիտաժողովին զեկույցներ կներկայացնեն Հայաստանի, Իսպանիայի, Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսիայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Նիգերիայի և Հնդկաստանի գիտնականները՝ ակադեմիկոսներ, դոկտորներ, պրոֆեսորներ, ավագ ու կրտսեր գիտաշխատողներ, ինչպես նաև ասպիրանտներ և ուսանողներ։ Կներկայացվեն շրջակա միջավայրի մոնիթորինգի, կենսաբազմազանության պահպանության և էկոլոգիայի անվտանգության ապահովման ուղղությամբ կատարվող հիմնարար և կիրառական հետազոտությունների արդյունքներ, ինչպես նաև կքննարկվեն ժամանակակից հասարակության զարգացման և էկոհամակարգերի կառավարմանը վերաբերող կարևոր հարցեր:











