- Գլխավոր
- Նորություններ
- Լեհ գիտնականը՝ կրթության, գիտության և երիտասարդների ներուժի մասին
Հունիս 16, 2026 | 10:40
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Լեհ գիտնականը՝ կրթության, գիտության և երիտասարդների ներուժի մասին
Միջազգային գիտական համագործակցությունները համալսարանի զարգացման կարևորագույն բաղադրիչներից են։ Դրանք ոչ միայն ստեղծում են նոր գիտելիքի և փորձի փոխանակման հնարավորություն, այլև ուսանողներին ներգրավում են համաշխարհային գիտական միջավայրում։ Այդպիսի համագործակցության վառ օրինակներից մեկը լեհ գիտնական, նեյրոֆիզիոլոգ Քշիշտով Տուրլեյսկու և ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի հետազոտողների միջև ձևավորված գործակցային երկարամյա կապն է։
Լեհ գիտնականը, որը գիտական գործունեություն է ծավալում Լեհաստանի գիտությունների ակադեմիայի Մ․ Նենցկու անվան փորձարարական կենսաբանության ինստիտուտում, տարիներ շարունակ համագործակցել է հայ գործընկերների հետ, իսկ վերջերս ԵՊՀ-ում հանդես է եկել նեյրոֆիզիոլոգիային նվիրված դասախոսությունների շարքով։
«Իմ գիտական ամբողջ կարիերան անցել է Նենցկու անվան ինստիտուտում։ Ավելի ուշ սկսեցի դասավանդել նաև Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանում (Վարշավա)։ Հայ գործընկերներիս հետ, սակայն, շատ ավելի վաղուց եմ համագործակցում»,- պատմում է պրոֆեսոր Տուրլեյսկին։
Նրա խոսքով՝ Հայաստանի հետ գիտական առաջին կապը ձևավորվել է դեռ ուսանողական տարիներին, երբ նրա դասախոսը՝ հայ գիտնական Բելլա Հարությունյանը, աշխատում էր Վարշավայում։ Ավելի ուշ նա սկսել է այցելել Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ, որտեղ էլ հանդիպել է իր ապագա կնոջը՝ Արմինեին, որը ևս գիտնական է։ Այսօր նրանք ապրում են Վարշավայում և շարունակում գիտական գործունեությունը։
Պրոֆեսոր Տուրլեյսկու և ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտնականների համագործակցությունը սկսվել է գիտական ընդհանուր հետաքրքրություններից։ Նրա խոսքով՝ հատկապես կարևոր դեր է ունեցել պրոֆեսոր Էդուարդ Յավրույանի նախաձեռնությունը՝ գետնափորների (գետնափորանմանների կարգի կաթնասունների ընտանիք) ուսումնասիրության ոլորտում համատեղ աշխատանք կատարելու ուղղությամբ։
Հետագայում համագործակցությունն ավելի է ընդլայնվել։ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ղազարյանը գիտական աշխատանք է կատարել Վարշավայի Նենցկու ինստիտուտում, ինչն էլ հիմք է դարձել նրա թեկնածուական ատենախոսության համար։
«Այդ ժամանակվանից մեր գործընկերային կապերը շատ ամուր են դարձել։ Ես բազմիցս եկել եմ Հայաստան, իսկ հայ գիտնականներն այցելել են Լեհաստան։ Մեզ հաջողվել է համագործակցություն ձևավորել նաև «Էրազմուս» ծրագրի շրջանակում, և այն շարունակվում է մինչ օրս»,- նշում է գիտնականը։
ԵՊՀ-ում գտնվելու ընթացքում պրոֆեսոր Տուրլեյսկին Կենսաբանության ֆակուլտետի ուսանողների համար անցկացրել էր նեյրոֆիզիոլոգիային նվիրված դասախոսությունների շարք։ Նրա խոսքով՝ հայ ուսանողների ամենաուժեղ կողմերից են հետաքրքրասիրությունն ու ակտիվ մտածողությունը։
«Ուսանողները պասիվ չեն, և դա հենց այն է, ինչ ինձ շատ դուր եկավ այստեղ։ Նրանք տալիս են հետաքրքիր հարցեր, փորձում են ներգրավվել միջազգային գիտության մեջ և ունեն զարգանալու մեծ ներուժ»,- ընդգծում է նա։
Միաժամանակ, գիտնականը կարևորում է միջազգային կրթական ծրագրերի մասնակցելու հնարավորությունները՝ նշելով, որ երիտասարդ հետազոտողների համար չափազանց կարևոր է տարբեր երկրներում փորձ ձեռք բերելը։
«Տաղանդավոր մարդիկ ծնվում են ամենուր։ Նրանց անհրաժեշտ են ճիշտ կապեր, որակյալ կրթություն և զարգացման հնարավորություններ։ Այդ պատճառով միշտ արժե ներդրումներ կատարել շնորհալի մարդկանց զարգացման գործում»,- ասում է պրոֆեսորը։
Խոսելով գիտության զարգացման մասին՝ նա առանձնահատուկ շեշտադրում է մարդկային ներուժի վրա ներդրում կատարելու կարևորությունը՝ մատնանշելով, որ ժամանակակից գիտությունը միայն սարքավորումներով չի կառուցվում։
«Առաջին հերթին պետք է ներդրում կատարել մարդկանց հմտությունների զարգացման գործում, և միայն դրանից հետո ձեռք բերել համապատասխան սարքավորումներ այն մասնագետների համար, որոնք ունեն հետաքրքիր գաղափարներ և կարողություններ՝ աշխատելու այդ տեխնիկայով»,- շեշտում է նա։
Պրոֆեսոր Տուրլեյսկու համոզմամբ՝ գիտության հաջողության հիմքում ճիշտ հարցեր առաջադրելու և ուժեղ մասնագետներ ձևավորելու կարողությունն է։
«Գիտական սարքավորումները ժամանակի ընթացքում հնանում են, սակայն լավ մասնագետներն ու հետաքրքիր գաղափարները մնում են գիտության առաջընթացի գլխավոր շարժիչ ուժը»,- եզրափակում է լեհ գիտնականը։