- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ շրջանավարտը ներկայացրեց տիեզերական առաքելությունների իր փորձը
Հոկտեմբեր 01, 2026 | 16:23
Գիտություն
Միջոցառումներ
Շրջանավարտներ
ԵՊՀ շրջանավարտը ներկայացրեց տիեզերական առաքելությունների իր փորձը
ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում տիեզերական ոլորտի մասնագետ, համակարգերի ճարտարագետ և NASA-ի ռեակտիվ շարժիչների լաբորատորիայի («JPL») պայմանագրերի տեխնիկական ղեկավար Լերմոնտ Խաչիկյանի հետ։ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում բանախոսն ուսանողներին ներկայացրեց իր մասնագիտական ուղին, NASA-ում իրականացրած խոշորագույն առաքելությունները և տիեզերական ճարտարագիտության հեռանկարները:
Լերմոնտ Խաչիկյանը 1986 թվականին ընդունվել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։ ԽՍՀՄ փլուզման տարիներին նրա ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ նա կատարելագործել է անգլերենի իմացությունը և շարունակել կրթությունը Կալիֆոռնիայի պետական համալսարանում՝ ստանալով մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների բակալավրի աստիճան:
«Միշտ ցանկացել եմ տիեզերքի հետ ինչ-որ կապ ունենալ, որովհետև մանկուց տիեզերքը շատ է հետաքրքրել ինձ: Իմ փոքրիկ երազանքն իրականացնելու համար NASA-ի ռեակտիվ շարժիչների լաբորատորիայում աշխատելու առաջարկն ընդունեցի և 1995 թվականից սկսեցի աշխատել այնտեղ»,- պատմեց բանախոսը՝ ընդգծելով, որ մինչ այդ աշխատանքի ընդունվելու նպատակով տարբեր կազմակերպությունների էր դիմել և մի շարք հարցազրույցների մասնակցել:
Կարևորագույն առաքելությունները՝ «Cassini», «Dawn», «InSight», «Europa Clipper» և «NISAR»
Լերմոնտ Խաչիկյանն ունի 30 տարվա մասնագիտական փորձ թռիչքային ավիոնիկայի ծրագրային ապահովման, համակարգային ճարտարագիտության և ապարատային արտադրանքի կառավարման ոլորտներում: Նա ուսանողների հետ զրույցում ընդգծեց, որ աստիճանաբար զարգացրել և ընդլայնել է իր գիտահետազոտական ուսումնասիրությունների շրջանակը:
Նա աշխատել է Սատուրն մոլորակ ուղևորվող «Cassini» տիեզերանավի տելեմետրիայի և ծրագրային համակարգերի մշակման ուղղությամբ և ուսումնասիրել Երկիր մոլորակ ուղարկված տվյալները:
Լ. Խաչիկյանը պատմեց նաև «Dawn» տիեզերակայանի մասին՝ ընդգծելով, որ տիեզերանավեր հրաման ուղարկելը բավական երկար է տևում, և երբեմն մոտ 30 ժամ հետո են ստանում իրենց հրամանների պատասխանները:
«InSight» նախագծից խոսելով՝ նա նշեց, որ Մարսի վրա սեյսմոմետրի աշխատանքը վերահսկելու ժամանակահատվածում արձանագրել են մարսաշարժեր, որոնց ուժգնությունը չի գերազանցել 6 մագնիտուդը:
Լ. Խաչիկյանն աշխատել է նաև Յուպիտերի արբանյակ «Europa Clipper» առաքելության էներգամատակարարման և բաշխման համակարգի ուղղությամբ։
Նա մասնակցում է Մարսի հողանմուշների հավաքագրման նախագծին, ինչպես նաև Լուսնի համար ուղղաթիռների մշակմանը։
Անդրադառնալով անվտանգության թույլտվության վերաբերյալ ուսանողների հարցին՝ բանախոսը պարզաբանեց, որ «JPL»-ում կատարվող աշխատանքները զուտ գիտական են. «Մեր լաբորատորիան աշխատում է NASA-ի համար, և ամբողջ տեղեկությունը զուտ գիտական է: Հավաքագրված տեղեկությունը տալիս ենք նախ մեր գիտնականներին: Դրանից 90 օր անց տեղեկությունը բաժանվում է աշխարհի բոլոր հետաքրքրված գիտնականներին»:
Ուսանողները հետաքրքրվեցին նաև Մարսի վրա թթվածնի առկայությամբ, ինչին ի պատասխան՝ Լերմոնտ Խաչիկյանը նշեց, որ թեև թթվածին կա այդ մոլորակի վրա, սակայն այն բավարար բարձր մակարդակի չէ:

