- Главная
- Node
- Ֆրանս-հայկական ամառային դպրոցը՝ կենսաբանությունն ու գյուղատնտեսական գիտությունները միավորող օղակ
Май 18, 2026 | 15:00
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ֆրանս-հայկական ամառային դպրոցը՝ կենսաբանությունն ու գյուղատնտեսական գիտությունները միավորող օղակ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում անցկացվեց «Կամրջելով ֆիզիկական քիմիան կենսաբանության և ագրոգիտությունների հետ․ ներկա միտումները և կիրառությունները» խորագրով ֆրանս-հայկական ամառային դպրոցը՝ միավորելով տարբեր մասնագիտությունների ուսանողների և ստեղծելով գիտական ու միջմշակութային համագործակցության հարթակ։
Մասնակիցները հնարավորություն ունեցան զարգացնելու լաբորատոր փորձարարական հմտությունները, ծանոթանալու սննդամթերքի ֆիզիկական քիմիայի և կենսաֆիզիկայի ժամանակակից մոտեցումներին, ինչպես նաև խորացնելու գիտելիքները շոկոլադի, հացի և կաթի արտադրության հիմքում ընկած ֆիզիկաքիմիական գործընթացների վերաբերյալ։ Դասընթացի կարևոր բաղադրիչներից էր նաև հաղորդակցման, թիմային աշխատանքի և միջմշակութային փոխգործակցության հմտությունների զարգացումը։
Ամառային դպրոցի շրջանակում դասախոսություններով հանդես եկավ ֆրանսիացի գիտնական, Բուրգունդիայի համալսարանի (Ֆրանսիա) սննդագիտության լաբորատորիայի պրոֆեսոր Ալի Ասիֆաուին։
Պրոֆեսոր Ասիֆաուին ուսանողներին ներկայացրեց հացի արտադրության ֆիզիկաքիմիական հիմքերը՝ ընդգծելով, որ սննդի տեխնոլոգիաների ոլորտում հաջողելու համար կարևոր է հասկանալ յուրաքանչյուր բաղադրիչի դերն ու դրանց փոխազդեցությունները։ Ըստ նրա՝ հենց այդ գիտելիքներն են հնարավորություն տալիս նորարարություններ ներմուծելու, օրինակ, գտնելու գլյուտենին փոխարինող լուծումներ կամ բարելավելու արտադրական գործընթացները։
Ֆրանսիացի գիտնականը նշեց նաև, որ սա իր երկրորդ այցն է Հայաստան, և կրկին մեծ տպավորություն է ստացել մարդկանց հյուրընկալությունից, մշակույթից ու մասնագիտական համագործակցության մթնոլորտից։ Նա առանձնահատուկ ընդգծեց հայ գործընկերների հետ կատարվող համատեղ գիտական աշխատանքների կարևորությունը։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Փոլադյանի խոսքով՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետն արդեն շուրջ տասը տարի համագործակցում է Դիժոնի ագրոինստիտուտի հետ։ Այդ համագործակցության շրջանակում իրականացվել են համատեղ մագիստրոսական և գիտահետազոտական ծրագրեր, ինչպես նաև ասպիրանտական և դրամաշնորհային նախաձեռնություններ։
Աննա Փոլադյանը մատնանշեց, որ ամառային դպրոցի մասնակիցներն ընտրվել են մրցութային կարգով. բազմաթիվ դիմորդներից ընտրվել են ԵՊՀ «Կենսաբանություն», «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» կրթական ծրագրերի 12 ուսանողներ։ Նա կարևորեց նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հետ համագործակցությունը՝ նշելով, որ ծրագրի կիրառական հատվածը հիմնականում կատարվել է հենց այնտեղի լաբորատորիաներում։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել տարբեր միջավայրերում կատարելու գործնական աշխատանքներ՝ ուսումնասիրելով հացի, կաթի և շոկոլադի ֆիզիկաքիմիական առանձնահատկությունները։
Նրա գնահատմամբ՝ ծրագիրը կարևոր նշանակություն ունի նաև միջհամալսարանական կապերի ամրապնդման տեսանկյունից, քանի որ նույն թիմերում աշխատել են թե՛ ԵՊՀ, թե՛ ՀԱԱՀ ուսանողները։ Այդ համագործակցությունը կարող է հիմք դառնալ ապագա համատեղ նախագծերի և մասնագիտական կապերի ձևավորման համար։
Ծրագրի մասնակից, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Մարի Գասպարյանը նշեց, որ ուսանողները բաժանվել են խմբերի և կատարել տարբեր գործնական աշխատանքներ՝ ուսումնասիրելով հացի արտադրության փուլերը, խմորի ֆիզիկաքիմիական հատկությունները, ջրի պարունակության և գլյուտենի ազդեցությունը։ Նրա խոսքով՝ նման ծրագրերը հնարավորություն են տալիս ապագա կենսաբաններին ծանոթանալու մասնագիտական նոր ուղղությունների և աշխատելու միջազգային փորձ ունեցող մասնագետների հետ։
ՀԱԱՀ պարենամթերքի բաժնի 2-րդ կուրսի ուսանող Ժորա Գյուլումյանը փաստեց, որ դասընթացները հատկապես արժեքավոր էին իրենց գործնական ուղղվածությամբ և ֆրանսիացի մասնագետների փորձով։ Նա ընդգծեց, որ ապագայում ցանկանում է մասնագիտանալ կաթի տեխնոլոգիայի ոլորտում, և ամառային դպրոցը կարևոր հնարավորություն է այդ ոլորտում գիտելիքները խորացնելու համար։
Հավելենք, որ ամառային դպրոցը կազմակերպվել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվել է Դիժոնի ագրոինստիտուտի (Institut Agro Dijon) համակարգմամբ, Երևանի պետական ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանների գործակցությամբ։
Ամառային դպրոցի ավարտին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։


