- Главная
- Node
- ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը ճանապարհեց իր շրջանավարտներին՝ ամփոփելով ձեռքբերումներով լի ուսումնական տարին
Май 25, 2026 | 16:49
Գիտություն
Կրթություն
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը ճանապարհեց իր շրջանավարտներին՝ ամփոփելով ձեռքբերումներով լի ուսումնական տարին
ԵՊՀ-ում տեղի ունեցավ ՍԹԵՄ ավագ դպրոցի՝ 2025-2026 ուսումնական տարվա ավարտական հանդիսավոր միջոցառումը․ դպրոցը հրաժեշտ տվեց իր 28 շրջանավարտներին։ Տոնական միջոցառմանը հնչեցին շնորհավորանքներ, բարեմաղթանքներ և գնահատանքի խոսքեր՝ ուղղված այն երիտասարդներին, որոնք երեք տարվա ընթացքում ոչ միայն գիտելիքներ են ձեռք բերել, այլև ձևավորվել են որպես մտածող, նախաձեռնող և պատասխանատու անհատներ։
ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն ընդգծեց, որ դպրոցի ստեղծման հիմքում եղել է կրթության մասին մեծ երազանքը՝ ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ սովորելը հաճելի է, իսկ գիտելիքն ու ինտելեկտը՝ ամենաբարձր արժեքները։
«Մենք երազում էինք ունենալ մի դպրոց, որտեղ սովորելը կլինի հաճելի, մարդիկ գեղեցիկ կլինեն իրենց ինտելեկտով։ Այսօր արդեն հպարտությամբ կարող ենք ասել, որ այդ երազանքն իրականություն է դարձել։ Վստահ եմ՝ ձեր ճանապարհը շարունակվելու է աշխարհի լավագույն համալսարաններում, իսկ ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը կշարունակի կամուրջ լինել դեպի այդ հնարավորությունները»,- նշեց Էլինա Ասրիյանը։
Նա փաստեց, որ հաջորդ ուսումնական տարվանից դպրոցը կմիանա Միջազգային բակալավրիատի (IB) ցանցին, ինչը նոր հնարավորություններ կընձեռի սովորողներին՝ ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն և ավելի լայն հասանելիություն աշխարհի առաջատար բուհերին։
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը, դիմելով շրջանավարտներին, ընդգծեց, որ դպրոցում ստացած գիտելիքներից առավել կարևոր է այն արժեքային համակարգը, որը ձևավորվել է ուսումնառության տարիներին։
«Այստեղ դուք ոչ միայն ձեռք եք բերել նոր գիտելիքներ, այլև սովորել եք մտածել, կասկածել, հարցեր տալ և չվախենալ սխալվելուց։ Ամենակարևոր ձեռքբերումը մտածող և ստեղծագործող մարդ լինելու կարողությունն է։ Անկախ նրանից, թե որքան արագ է փոխվում աշխարհը, այն միշտ կարիք կունենա ձեզ նման երիտասարդների՝ մտածող, ստեղծագործող և հայրենասեր մարդկանց»,- ասաց դպրոցի տնօրենը՝ շրջանավարտներին մաղթելով համարձակ երազանքներ և մեծ նպատակներ։
Շրջանավարտների անունից խոսեցին Սուսաննա Պետրոսյանն ու Նանե Անանիկյանը՝ անդրադառնալով դպրոցական տարիների հիշարժան պահերին, ձեռքբերումներին և ընկերություններին, որոնք ձևավորել են իրենց աշխարհայացքն ու ապագայի պատկերացումները։
«Այսօր մենք փակում ենք մեր կյանքի կարևոր էջերից մեկը, որ բացենք հաջորդը՝ ավելի պատասխանատու և ավելի մեծ հնարավորություններով լի»,- նշեց Սուսաննա Պետրոսյանը։
Նանե Անանիկյանն ընդգծեց, որ դպրոցում անցկացրած երեք տարիներն իր կյանքում դարձել են ոչ միայն գիտական ու կրթական, այլև անձնական աճի կարևոր փուլ՝ լի օլիմպիական հաջողություններով, նախագծերով և անմոռանալի հիշողություններով։
Ձեռքբերումներով և նոր հնարավորություններով լի ուսումնական տարի
2025-2026 ուսումնական տարին ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի համար առանձնացավ նշանակալի հաջողություններով ինչպես ակադեմիական, այնպես էլ միջազգային համագործակցության ոլորտներում։
Արամ Խաչատրյանի խոսքով՝ ուսումնական տարվա կարևորագույն ձեռքբերումներից է Միջազգային բակալավրիատի թեկնածու դպրոցի կարգավիճակ ստանալը և վերջնական հավաստագրման փուլ մտնելը։ Ակնկալվում է, որ մոտ ապագայում դպրոցը կդառնա Միջազգային բակալավրիատի լիիրավ անդամ, ինչը սովորողներին կընձեռի բացառիկ կրթական հնարավորություններ և ավելի հասանելի կդարձնի աշխարհի առաջատար համալսարանները։
Ուսումնական տարվա ընթացքում դպրոցի սովորողները շարունակել են հաջողություններ գրանցել օլիմպիական մրցույթներում։ Վերջերս օլիմպիադայի մասնակցած երեք աշակերտներն էլ վերադարձել են մեդալներով։ Հաջողություններ են գրանցվել նաև հանրապետական և Երևանի պետական համալսարանի օլիմպիադաներում՝ կենսաբանության, պատմության, հայոց լեզվի և գրականության և այլ առարկաների ուղղություններով։
Դպրոցի աշակերտները ակտիվորեն մասնակցել են գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտին նվիրված տարբեր փառատոների ու մրցույթների՝ ներկայացնելով իրենց նախագծերն ու հետազոտական աշխատանքները։ Նրանք ներգրավված են եղել Գիտության փառատոնի, ՍԹԵՄ ուղղվածության մրցույթների, ԵՊՀ «ԲանՈՒԳործ» էքսպոյի և բազմաթիվ այլ ծրագրերի աշխատանքներում։
Հատկանշական է, որ դպրոցի շրջանավարտներից շատերն արդեն ստացել են ընդունելության առաջարկներ Հայաստանի և արտերկրի (Կորեայի, Չինաստանի, Իսպանիայի և մի շարք այլ երկրների) հեղինակավոր բուհերից։ Որոշ աշակերտներ միաժամանակ ընդունվել են մի քանի բուհ, և այժմ ընտրությունն իրենցն է։
Դպրոցի հաջողության կարևոր գրավականներից մեկը համալսարանական միջավայրում կրթություն ստանալու բացառիկ հնարավորությունն է։ ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի սովորողները օգտվում են համալսարանի կրթական և գիտական ենթակառուցվածքներից, լաբորատորիաներից, գրադարաններից և ակադեմիական համայնքի ներուժից, ինչը նրանց հնարավորություն է տալիս վաղ տարիքից ներգրավվելու գիտակրթական գործընթացներում։
Տնօրենի խոսքով՝ դպրոցը հետևողականորեն պահպանում է ակադեմիական բարձր չափանիշներ և պահանջկոտ մոտեցում կրթության նկատմամբ։ Թեև նոր ընդունված աշակերտների համար սկզբնական շրջանում անսովոր է լինում գնահատման այդ համակարգը, ժամանակի ընթացքում նրանք հաջողությամբ ինտեգրվում են միջավայրին և գնահատում իրական գիտելիքի ու արդար գնահատման կարևորությունը։
«Մեր հիմնական նպատակը ոչ թե բարձր գնահատականներ ապահովելն է, այլ իրական, որակյալ կրթություն տալը, որը երկարաժամկետ հեռանկարում ավելի մեծ արդյունքներ է ապահովում»,- ընդգծում է տնօրենը։
Այսօր ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը շարունակում է ամրապնդել իր դիրքերը Հայաստանի լավագույն կրթական հաստատությունների շարքում՝ համադրելով ժամանակակից կրթությունը, գիտական մտածողությունը, միջազգային հնարավորությունները և համալսարանական հարուստ միջավայրը։ Իսկ հերթական շրջանավարտների ճանապարհումը ևս մեկ անգամ վկայում է, որ դպրոցը հաջողությամբ իրականացնում է իր առաքելությունը՝ կրթելով ապագայի գիտակից, մրցունակ և պատասխանատու քաղաքացիներ։



































