Համաշխարհային պատմության ուսումնասիրությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է փաստերի պարզ արձանագրումը։ «Համաշխարհային պատմություն» մագիստրոսական ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր ձգտում են հասկանալու աշխարհի փոփոխությունների խորքային պատճառներն ու պատմական տրամաբանությունը։
Մագիստրոսական ծրագրի առանձնահատկությունների, ուսումնառության ընթացքում ձևավորվող հմտությունների, արդիական հետազոտական ուղղությունների և մասնագիտական հեռանկարների մասին զրուցել ենք Համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Սմբատ Հովհաննիսյանի հետ։
- Պարո՛ն Հովհաննիսյան, ի՞նչ առանձնահատկություններ ունի «Համաշխարհային պատմություն» մագիստրոսական կրթական ծրագիրը։
- «Համաշխարհային պատմություն» մագիստրոսական ծրագիրը դասական պատմագիտական դպրոցները զուգակցում է արդի հետազոտական մեթոդների հետ՝ ավանդական խորությունը դարձնելով ժամանակակից վերլուծության հենք։ Այստեղ պատմությունը դիտարկվում է ոչ թե որպես առանձին փաստերի հավաքածու, այլ որպես որոշումների և հետևանքների փոխկապակցված համակարգ։ Ուսանողը սովորում է տեսնել, թե ինչպես են տարածաշրջանային իրադարձությունները ձեռք բերում գլոբալ ազդեցություն, և ինչ տրամաբանությամբ է ձևավորվում արդի աշխարհակարգը։
Խոսելով ծրագրի հիմնական առանձնահատկությունների մասին՝ կարող եմ առանձնացնել.
Նորարարական մեթոդաբանությունը. ուսուցումը հիմնված է «հիմնախնդրային» (inquiry-based) և «փոխկապակցված պատմության» (connected history) հարացույցների վրա. մենք սովորեցնում ենք ոչ թե անգիր սովորել փաստերը, այլ հասկանալ և վերլուծել պատմության տրամաբանությունն ու գլոբալ կապերը։
Աշխատանքի հետ համատեղելի ճկուն գրաֆիկ. դասերը կազմակերպվում են շաբաթական ընդամենը 3 օր, ինչը հիանալի հնարավորություն է ուսումը աշխատանքի հետ համատեղելու համար։
Միջազգային շարժունություն և ակադեմիական ցանց. «Էրազմուս+» ծրագրի շնորհիվ մեր ուսանողները կարող են մեկ կիսամյակ անվճար սովորել եվրոպական գործընկեր առաջատար համալսարաններում՝ ընդլայնելով իրենց աշխարհայացքն ու կապերը։
Պրակտիկայի և տեսության համադրում. դասավանդման գործընթացում ներգրավված են ոչ միայն համալսարանի առաջատար դասախոսներն ու հետազոտողները, այլև մասնագետներ՝ պրակտիկ դիվանագետներ, պետական հատվածի և վերլուծական կենտրոնների փորձագետներ։
- Ի՞նչ գիտելիքներ և մասնագիտական հմտություններ է ձևավորում ծրագիրը ուսումնառության ընթացքում։
- Մեր նպատակն է պատրաստել ոչ միայն պատմաբանների, այլև բարձրակարգ հետազոտող-վերլուծաբանների, որոնք արդյունավետ կգործեն ինչպես ակադեմիական, այնպես էլ հանրային, պետական և միջազգային ոլորտներում։
Ուսումնառության ավարտին ուսանողները կզարգացնեն.
Վերլուծական և քննադատական մտածողությունը։ Նրանք կսովորեն քննել և մեկնաբանել արդի աշխարհաքաղաքական բարդ գործընթացները՝ դրանք դիտարկելով պատմական լայն համատեքստում։
Մեթոդաբանական և վերլուծական հմտությունները։ Կտիրապետեն պատմական հետազոտության արդի մեթոդներին ու ակադեմիական գրագրության չափանիշներին՝ աշխատելով տեղական արխիվների, սկզբնաղբյուրների և միջազգային թվանշանայնացված հավաքածուների հետ։
Նախագծերի մշակման և կառավարման կարողությունները։ Կկարողանան ինքնուրույն նախագծել, համակարգել և ղեկավարել գիտական, կրթական և պատմամշակութային ծրագրեր։
Ակադեմիական և միջազգային հաղորդակցությունը։ Նրանք պատրաստ կլինեն հանդես գալու միջազգային գիտական հարթակներում, հեղինակելու միջազգային գրախոսվող հրապարակումներ և վարելու արդյունավետ բանավեճեր մասնագիտական լսարաններում։
- Ի՞նչ հետազոտական ուղղություններ և թեմաներ են առավել արդիական և պահանջված ծրագրի շրջանակում այսօր։
- Մենք ուսումնասիրում ենք այն թեմաները, որոնք ձևավորել են մեր ներկան և կանխորոշում են ապագան։ Ծրագիրը հնարավորություն է ընձեռում մասնագիտանալ համաշխարհային պատմության և միջազգային զարգացումների խիստ արդիական ուղղություններում.
Աշխարհաքաղաքականություն, կոնֆլիկտներ և արդի աշխարհակարգ։ Սա հնարավորություն է տալիս վերլուծելու միջազգային հարաբերությունների պատմական հիմքերը և գնահատելու արդի աշխարհակարգի վերափոխումները, գլոբալ ուժային կենտրոնների բախումն ու հակամարտությունների զարգացման միտումները։
Համաշխարհայնացում, քաղաքակրթություններ և գաղութատիրություն։ Այստեղ ուսանողները բացահայտում են գլոբալ կապերի, միջպետական հարաբերությունների և մշակութային փոխազդեցությունների արմատները՝ խորապես քննելով կայսրությունների պատմությունն ու հետգաղութային աշխարհի գործընթացները։
Տեխնոլոգիաների, նորարարությունների և սոցիալական պատմություն։ Մեր մագիստրանտները կարող են հետազոտել, թե ինչպես են գիտական առաջընթացը, տեխնոլոգիական նորարարությունները և լուսավորական գաղափարները վերափոխել հասարակությունների կառուցվածքն ու վերասահմանել զարգացման ընթացքը։
Պետական կառույցներ, վերափոխումներ և հեղափոխություններ։ Կփոխանցվեն գիտելիքներ քաղաքական մտքի և ինստիտուտների զարգացման մոդելների վերաբերյալ՝ անտիկ պոլիսներից մինչև ժամանակակից պետություններ: Կմեկնաբանվի պետական կառավարման համակարգերի ու սոցիալ-քաղաքական վերափոխումների տրամաբանությունը։
- Կարիերայի և մասնագիտական զարգացման ինչպիսի՞ հնարավորություններ են բացվում ծրագրի շրջանավարտների առջև։
- Այս ծրագիրը կոտրում է այն կարծրատիպը, թե պատմաբանի մասնագիտական գործունեությունը սահմանափակվում է միայն արխիվով կամ հանրակրթական դպրոցով։ Շրջանավարտների ձեռք բերած վերլուծական պատրաստվածությունն ապահովում է մրցակցային առավելություն՝ հնարավորություն ընձեռելով արդյունավետ գործունեություն ծավալելու մի շարք մասնագիտական ոլորտներում.
Դիվանագիտություն, պետական կառավարում և հանրային քաղաքականություն։ Պատմական խորքային գիտելիքն ու վերլուծական պատրաստվածությունը խիստ պահանջված են արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության, ռազմավարական պլանավորման և հանրային կառավարման համակարգերում։
Միջազգային կառույցներ և զարգացման ծրագրեր։ Շրջանավարտները կարող են իրենց գործնական ներդրումն ունենալ ՄԱԿ-ի գրասենյակների, միջազգային զարգացման կազմակերպությունների և իրավապաշտպան հիմնադրամների հետազոտական ու համագործակցային նախագծերում։
Վերլուծական կենտրոններ (think tanks) և մեդիա։ Հնարավորություն կլինի աշխատելու անկախ հետազոտական կենտրոններում և առաջատար լրատվամիջոցների վերլուծական բաժիններում որպես արդի աշխարհաքաղաքական և պատմական գործընթացների պրոֆեսիոնալ մեկնաբաններ։
Ակադեմիական և գիտակրթական ոլորտ։ Հետազոտական գործունեությունը հնարավոր է շարունակել ՀՀ ԳԱԱ ինստիտուտներում և համալսարանական գիտական բազաներում կամ զբաղվել դասավանդմամբ ու կրթական ծրագրերի ղեկավարմամբ։
- Ի՞նչ խորհուրդ ենք տալիս այն դիմորդներին, որոնք հետաքրքրված են համաշխարհային պատմությամբ և մտածում են այս մագիստրոսական ծրագիր ընդունվելու մասին։
- Մեր գլխավոր խորհուրդն է վերանայել պատմաբանի մասնագիտության հանդեպ ավանդական պատկերացումները։ Պատմությունը ոչ թե ավարտված փաստերի քարացած շտեմարան է, այլ այն բարդ գործընթացների համակցությունը, որի ազդեցությունը շարունակում է ձևավորել ժամանակակից աշխարհը։
Այս ծրագիրը պահանջում է հետազոտական հետաքրքրասիրություն, մտավոր ինքնուրույնություն և շարունակական հարցադրումներ անելու պատրաստակամություն։ Խորհուրդ ենք տալիս այստեղ գալ ոչ թե պատրաստի պատասխաններ ստանալու, այլ բարդ երևույթներն ինքնուրույն իմաստավորելու, տարբեր տեսակետներ համադրելու և սեփական վերլուծական գործիքակազմը ձևավորելու նպատակով։
Եթե ուսանողը պատրաստ է դուրս գալու տեղեկություն սպառողի կրավորական դերից և ցանկանում է դառնալ հետազոտող ու վերլուծաբան, ապա Համաշխարհային պատմության ամբիոնը կտրամադրի դրա համար անհրաժեշտ ակադեմիական միջավայրն ու մեթոդաբանական հիմքը։
Նշենք, որ «Համաշխարհային պատմություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հունիսի 1-26-ը՝ մինչև ժամը 18:00-ն։ 1-ին փուլի ընդունելության քննությունն անցկացվելու է ս.թ. հուլիսի 1-ին։
2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հուլիսի 6-ից օգոստոսի 17-ը՝ մինչև ժամը 18:00-ն։ 2-րդ փուլի ընդունելության քննությունն անցկացվելու է ս.թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 11:30-ին։
ԵՊՀ կայքէջի Համաշխարհային պատմություն բաժնում ներկայացված են ընդունելության հետ կապված ամբողջական տեղեկություններ, այդ թվում՝ ուսման տևողությունը և գրաֆիկը, ուսման վարձի և կապի միջոցների մասին տեղեկությունները։