- Главная
- Node
- ԵՊՀ-ում քննարկվեցին քիմիայի զարգացման արդի ուղղությունները
Июня 10, 2026 | 12:30
Գիտություն
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
ԵՊՀ-ում քննարկվեցին քիմիայի զարգացման արդի ուղղությունները
ԵՊՀ-ում կայացավ «Քիմիայի մոլ-2026» գիտության դպրոցը, որը մեկ հարկի տակ համախմբեց միջազգային ճանաչում ունեցող առաջատար մասնագետների, երիտասարդ գիտնականների, ուսանողների և ավագ դպրոցների աշակերտների։ Միջոցառման նպատակն էր ստեղծել կրթական և գիտական այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդներն ու ճանաչված գիտնականները հնարավորություն կունենան հանդիպելու, մտքեր փոխանակելու և քննարկելու քիմիայի զարգացման արդի ուղղությունները:
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Արմեն Գալստյանը նշեց, որ միջոցառմանը մասնակցել են քիմիայով հետաքրքրված ավագ դպրոցների աշակերտներ Երևանից ու Վանաձորից, ԵՊՀ ուսանողներ, ինչպես նաև երիտասարդ հետազոտողներ գիտական տարբեր կառույցներից, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնից և Ա․ Բ․ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտից:
«Գիտության դպրոցը պարբերական միջոցառում է լինելու: Ի տարբերություն զուտ գիտական ուղղվածություն ունեցող «Նոր զարգացող միտումները քիմիայում» («New Trends in Chemistry») գիտաժողովի, որի համակազմակերպիչներից է ԵՊՀ-ն, «Քիմիայի մոլ» գիտության դպրոցն ավելի շատ ուսուցողական բնույթի է: Առաջատար մասնագետներն իրենց գիտելիքները մատուցում են մատչելի ձևով, որպեսզի երիտասարդները, հասկանալով ոլորտի յուրահատկությունները, ճիշտ ընտրեն իրենց ուղին ժամանակակից գիտության մեջ»,- ընդգծեց Արմեն Գալստյանը:
Նա հավելեց, որ ծրագրին միացել են անվանի գիտնականներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ճապոնիայից, Ղազախստանից, Ռուսաստանից և Գերմանիայից:
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, կարևորելով այսօրինակ նախագծերի դերակատարումը, նշեց, որ քիմիան այսօր էլ շարունակում է մնալ այն հիմնաքարը, որի վրա հենվում են մարդկության գլոբալ մարտահրավերների լուծումները։
«Սկսած կայուն էներգիայից և շրջակա միջավայրի պահպանությունից մինչև առաջադեմ նյութեր, դեղագործություն և կենսատեխնոլոգիա՝ բոլոր ոլորտներում գիտական առաջընթացը պայմանավորված է երեք հիմնական գործոններով՝ հետաքրքրասիրությամբ, ստեղծագործական մտածողությամբ և համագործակցությամբ։ Նման գիտական դպրոցները ստեղծում են հիանալի միջավայր հենց այս գործոնների զարգացման համար»,- մատնանշեց նա:
Մոսկվայի Ն. Դ. Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտի պրոֆեսոր Վալենտին Անանիկովը փաստեց, որ Երևանն ունի առանձնահատուկ կարգավիճակ համաշխարհային գիտական քարտեզի վրա։
«Շատ չեն այն քաղաքները, որտեղ մենք պարբերաբար այցելում ենք, օրինակ, տարեկան մեկ կամ նույնիսկ երկու անգամ, իսկ Երևանը դրանցից մեկն է։ Այն ժամանակակից քիմիայի ձևավորման և զարգացման կարևոր կենտրոններից է։ Հուսով եմ, որ այս միտումը կշարունակվի, և քիմիան այստեղ կզարգանա նոր ուղղություններով՝ նպաստելով նյութագետների միջև համագործակցային ցանցի ընդլայնմանը»,- ընդգծեց նա:
Տեխասի համալսարանի պրոֆեսոր Վլադիմիր Գևորգյանն անդրադարձավ ներկայիս տեխնոլոգիական փոխակերպումներին և STEM (ԳՏՃՄ) ուղղությունների կենսական նշանակությանը։
«Մինչ ՏՏ ոլորտում որոշ աշխատանքներ արհեստական բանականության զարգացման պատճառով կարող են փոփոխվել կամ վերանալ, քիմիայի ոլորտում զբաղվածությունը կմնա կայուն։ Քիմիան, ամենայն հավանականությամբ, կպահպանի իր առանցքային նշանակությունը նաև ԱԲ դարաշրջանում»,- շեշտեց պրոֆեսորը:
Նա երիտասարդներին խորհուրդ տվեց չվախենալ գիտական ճկունությունից և ժամանակ առ ժամանակ փոխել հետազոտական ուղղությունները՝ մոտիվացիան և ստեղծագործական «կայծը» պահպանելու համար։
«Գիտելիքի վրա հիմնված տրամաբանությունը ձեզ կտանի Ա-ից Բ կետ, իսկ երևակայությունը՝ ամենուր»,- նշեց Վ․ Գևորգյանը:
Գիտության դպրոցի շրջանակում ներկայացվող զեկուցումներն ընդգրկում էին քիմիայի առաջատար ուղղությունները, որոնց թվում էին ասիմետրիկ կատալիզին վերաբերող հետազոտությունները, ժամանակակից գիտության մեջ վերջնական նյութ ստանալու համար անհրաժեշտ ռազմավարության և մեթոդաբանության ընտրությունը, ինքնատարածվող ռեակցիաները, որոնք լայն կիրառություն ունեն նյութագիտության ոլորտում նոր նյութեր ստեղծելու համար և այլն:










