- Գլխավոր
- Նորություններ
- Երբ համալսարանները միավորում են երկրներ․ հայ-լեհական համագործակցության նոր հեռանկարները
Հունիս 09, 2026 | 14:30
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Երբ համալսարանները միավորում են երկրներ․ հայ-լեհական համագործակցության նոր հեռանկարները
Հայաստանի և Լեհաստանի միջև ակադեմիական համագործակցությունը վերջին տարիներին շարունակաբար զարգանում է՝ ընդլայնելով կրթական և գիտական կապերը երկու երկրների համալսարանների միջև։ Երևանի պետական համալսարանում անցկացվող դասախոսությունների և ակադեմիական փոխանակումների շրջանակում զրուցել ենք Բելոստոկի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի բաժնի ղեկավար Անդրեյ Յացկիևիչի հետ։ Նա խոսել է հայ-լեհական համալսարանական համագործակցության, միջազգայնացման գործընթացների, հայ ուսանողներից ստացած իր տպավորությունների, ինչպես նաև Հայաստանի գիտական ներուժի և ակադեմիական զարգացման հեռանկարների մասին։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը Անդրեյ Յացկիևիչին հյուրընկալել էր «Էրազմուս+» ծրագրի շրջանակում։ Նա ֆակուլտետի ուսանողների համար հանդես է եկել Լեհաստանի սահմանադրական համակարգի և դրա զարգացման առանձնահատկությունների վերաբերյալ դասախոսություններով։
– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Լեհաստանի միջև ներկայիս համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտում։
– Այս հարցին կպատասխանեմ Բելոստոկի համալսարանի և ԵՊՀ-ի միջև համագործակցության օրինակով, որը, ըստ իս, ամուր է և համընդգրկուն։
Նախ՝ նշեմ, որ սա իմ երկրորդ այցն է Հայաստան․ առաջինը մասնավոր այց էր, ուստի սա իմ պաշտոնական առաջին այցն է։ Իմ գործընկերները, սակայն, ամեն տարի այցելում են Երևանի պետական համալսարան․ նրանք ավելի փորձառու են այս հարցում։ Երկու համալսարանների միջև համագործակցությունը բավականին ամուր է, ինչի մասին են վկայում պարբերաբար կազմակերպվող փոխադարձ այցելությունները, իրականացվող համատեղ ծրագրերը, ակադեմիական փորձի փոխանակումը։
– Ի՞նչ դերակատարում ունեն համալսարանները միջազգայնացման գործընթացում։
– Այս հարցին կարող եմ պատասխանել իմ համալսարանի օրինակով։ Բելոստոկի համալսարանը մեծապես աջակցում է միջազգայնացման գործընթացին և խրախուսում է աշխատակիցների կրթական ու գիտական այցերը։ Եթե հնարավորություն կա, այն միշտ օգտագործվում է։ Երբ միջոցներ են հատկացվում միջազգայնացման համար, մենք դրանք լիարժեք կիրառում ենք։ Մենք շատ բաց ենք համագործակցության համար ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Եվրոպայում, կարող եմ ասել՝ ամբողջ աշխարհում։ Կարծում եմ՝ լեհերը շատ բաց են և մշտապես նոր հնարավորություններ են փնտրում։
– Երևանի պետական համալսարան այցելելուց հետո ի՞նչ տպավորություններ ունեք հայ ուսանողներից և ակադեմիական կյանքից։
– Իմ դասախոսությունների ընթացքում ուսանողները մեծ հետաքրքրություն էին դրսևորում այն ամենի նկատմամբ, ինչից խոսում էի։ Նրանք ուշադիր հետևում էին սահիկաշարերին և լսում իմ խոսքը։ Երբ հարցեր էի տալիս, նրանք ակտիվորեն պատասխանում էին, փորձում հասկանալ, թե ինչ եմ հարցնում։ Ուստի կարող եմ ասել, որ դասախոսությունը շատ ինտերակտիվ էր։ Ինձ հատկապես տպավորեց նրանց հետաքրքրվածությունը։ Երբեմն դասախոսությունների ժամանակ, հատկապես Լեհաստանում, ուսանողները նայում են հեռախոսներին կամ մտածում այլ բաների մասին, բայց այստեղ ես զգացի, որ նրանք իսկապես հետաքրքրված են։ Ինձ համար հաճելի էր տեսնել, որ ինչ-որ մեկը շատ ուշադիր լսում է այն, ինչ ես ասում եմ։
– Ուսանողական շարժունության ծրագրերի շրջանակում Բելոստոկի համալսարանում ի՞նչ կարելի է տեսնել կամ սովորել։
– Բելոստոկի համալսարանը մեր տարածաշրջանի ամենամեծ համալսարանն է։ Այն սոցիալական և հումանիտար գիտությունների խոշոր պետական համալսարան է։ Մեր քաղաքում գործում են նաև բժշկական և տեխնիկական համալսարաններ, սակայն սոցիալական գիտությունները, հումանիտար ոլորտը, բանասիրությունը, պատմությունը, իրավագիտությունը, տնտեսագիտությունը և այլ մասնագիտություններ ներկայացված են մեր համալսարանում։
Մեր տարածաշրջանը յուրահատուկ է, քանի որ գտնվում ենք անտառների մեջտեղում։ Դա կանաչ տարածք է, որտեղ ապրում են բազմաթիվ ազգային փոքրամասնություններ։ Տարածաշրջանում ապրում են բելառուսներ, լիտվացիներ և թաթարներ։ Մենք ունենք նաև մեծ ուղղափառ համայնք։ Լեհաստանում գերակշռում է կաթոլիկ եկեղեցին, սակայն մեր տարածաշրջանում շատ են ուղղափառները։ Այդ պատճառով մեր մշակութային միջավայրը շատ հետաքրքիր է։
Ի դեպ, մեր համալսարանը համեմատաբար երիտասարդ է․ այն հիմնադրվել է 1997 թվականին։ Մինչև այդ Բելոստոկի համալսարանը Վարշավայի համալսարանի մասնաճյուղն էր։ 1997 թվականին այն դարձավ ինքնուրույն և անկախ համալսարան։ Հավանաբար, հենց այդ պատճառով էլ մենք շատ բաց ենք, մշտապես նոր հնարավորություններ ու գործընկերներ ենք փնտրում և ընդլայնում մեր բարեկամական կապերը։ Մենք սիրով ընդունում ենք դասախոսների և ուսանողների աշխարհի տարբեր երկրներից։
– Ի՞նչ առանձնահատուկ բան կարող եք ասել Հայաստանի մասին։ Կա՞ մի բան, որ Ձեզ դուր է եկել, դուր չի եկել կամ անսպասելի է եղել։
– Կարծում եմ՝ Հայաստանը երկու «դեմք» ունի։ Մի «դեմքը» Երևանն է, որը, ըստ իս, եվրոպական քաղաք է։ Այն ինչ-որ առումով ինձ հիշեցնում է Բալկանները, որոշ նմանություններ եմ տեսնում։
Մյուս կողմից՝ Երևանից դուրս ամեն ինչ այլ է։ Գյուղեր, վանքեր, հին ճանապարհներ։ Ամեն ինչ բոլորովին տարբեր է։ Հիշում եմ, երբ նախորդ անգամ Հայաստանում էի, այցելեցի բազմաթիվ վանքեր։ Մի վանքում զբոսավարն ասաց. «Սա տասներորդ դարի վանք է, այստեղ չենք մտնելու․ պարզապես տասներորդ դարի կառույց է։ Մենք գնում ենք չորրորդ դարի հուշարձան տեսնելու»։
Սա իմ ամենահիշվող տպավորություններից մեկն է։ Հայաստանը հին պատմություն ունի, և այդ պատմությունը ամենուր է։ Մի վանք, մի հին եկեղեցի, մի բերդ, հետո՝ տասը կիլոմետր այն կողմ՝ մեկ այլ նույնքան հին կամ նույնիսկ ավելի հին հուշարձան։ Կարծում եմ՝ զբոսաշրջության տեսանկյունից Հայաստանը Լեհաստանում դեռևս լիովին բացահայտված չէ։
– Իսկ Հայաստանի ակադեմիական ոլորտի մասին ի՞նչ կասեք։
– Կարծում եմ՝ հայաստանյան գիտությունը ավելի մեծ միջազգայնացման անհրաժեշտություն ունի։ Խոսքը գիտաժողովների, ակադեմիական շարժունության, «Scopus»-ի, «Web of Science»-ի, արտասահմանում հրապարակումների, ինչպես նաև սեփական գիտական ամսագրերը միջազգային գիտական շտեմարաններում առավել ակտիվորեն ինդեքսավորելու մասին է․ սրանք շղթայորեն փոխկապակցված են միմյանց։ Իհարկե, այս ամենը հնարավոր չէ իրականացնել մեկ տարվա ընթացքում․ դրա համար որոշ ժամանակ է պահանջվում։



