- Главная
- Node
- Կայացել է ԵՊՀ ԳԽ հերթական և 2025-2026 ուսումնական տարվա վերջին նիստը
Июня 11, 2026 | 15:58
Գիտություն
Կրթություն
Կայացել է ԵՊՀ ԳԽ հերթական և 2025-2026 ուսումնական տարվա վերջին նիստը
ԵՊՀ գիտական խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել են համալսարանի կրթական, գիտական և կազմակերպական գործունեությանը վերաբերող մի շարք կարևոր հարցեր։ Խորհուրդը հաստատել է դոցենտի և պրոֆեսորի պաշտոններում ընտրվելու վերաբերյալ որոշումները, ընդունել գիտական կազմի թափուր պաշտոնների համալրման և աշխատողների ատեստավորման նոր կարգը, հրատարակության երաշխավորել գիտական և ուսումնական մի շարք աշխատություններ, ինչպես նաև անդրադարձել կառուցվածքային փոփոխություններին ու համալսարանական ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող նախաձեռնություններին։
ԵՊՀ գիտական խորհրդի մրցութային հանձնաժողովի նախագահ, կ.գ.դ., պրոֆեսոր Պողոս Վարդևանյանը զեկուցեց դոցենտի գիտական կոչում հայցող ԵՊՀ աշխատակիցների ցանկը: Գիտական խորհուրդը, հիմք ընդունելով համապատասխան օրենսդրական կարգերը, ԵՊՀ ԳԽ աշխատակարգը և կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքները, որոշեց ներքոնշյալ անձանց շնորհել հայցվող գիտական աստիճանը.
Հ/Հ | ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ ՀԱՅՐԱՆՈՒՆ | ՊԱՇՏՈՆԸ |
1. | Արշակյան Էդգար | ԵՊՀ ռուս գրականության ամբիոնի ասիստենտ |
2. | Բաղդասարյան Գևորգ | ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասիստենտ |
3. | Յարմալոյան Մարինե | ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ |
4. | Պետրոսյան Տիգրան | ԵՊՀ տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ |
5. | Վարդանյան Եվգինե | ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ |
6. | Վիրաբյան Գևորգ | ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի ասիստենտ |
7. | Ցուցուլյան Սմբատ | ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ |
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հաջորդիվ ներկայացրեց պրոֆեսորի թափուր պաշտոնի համալրման նպատակով կառուցվածքային ստորաբաժանումների գիտական խորհուրդներում անցկացված բաց մրցույթի արդյունքների (ընդունած որոշումների) հաստատելու մասին զեկուցումը:
ԵՊՀ կանոնադրության համաձայն և կայացած բաց քվեարկության արդյունքներով՝ ԳԽ-ն որոշեց հաստատել պրոֆեսորի թափուր պաշտոնում ընտրվելու վերաբերյալ Երևանի պետական համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների գիտական խորհուրդների որոշումները: Ըստ այդմ՝ ներքոնշյալ անձինք 2026 թ. սեպտեմբերի 1-ից համարվում են ընտրված պրոֆեսորի պաշտոնում:
Հ/Հ | ԱԱՀ | ԱՄԲԻՈՆԸ |
1. | Աթաբեկյան Վարուժան | ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոն |
2. | Զասլավսկայա Մարիա | ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոն |
3. | Ժամկոչյան Անդրանիկ (Անուշավան) | ԵՊՀ աստվածաբանության և հայ եկեղեցու պատմության ամբիոն |
4. | Հովհաննիսյան Գալինա | ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոն |
5. | Ղամբարյան Կարեն | ԵՊՀ նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոն |
6. | Մաթևոսյան Լիանա | ԵՊՀ ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոն |
7. | Մակարյան Ալբերտ | ԵՊՀ ակադեմիկոս Հ. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոն |
8. | Մայիլյան Ֆիրուզա | ԵՊՀ տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն |
9. | Մուրադյան Գայանե | ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոն |
10. | Ջիվանյան Ալվարդ | ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոն |
ԵՊՀ ռեկտորն այնուհետև հանդես եկավ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի՝ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչի մրցութային ընտրության վերաբերյալ որոշման հաստատման վերաբերյալ ելույթով: ԳԽ-ն, հիմք ընդունելով վարիչի ընտրության ընթացակարգի պահանջները, Գիտական խորհրդի աշխատակարգը, բաց մրցութային քվեարկության արդյունքները, որոշեց հաստատել Իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի՝ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ ընտրելու վերաբերյալ որոշումը և ըստ այդմ՝ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հայկյանցին 2026 թ. հուլիսի 1-ից համարել ընտրված վերոգրյալ ամբիոնի վարիչի պաշտոնում:
Օրակարգային հաջորդ հարցի՝ ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գիտական կազմի թափուր պաշտոնի համալրման և աշխատողների ատեստավորման կարգի» հաստատման վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը: Վերջինս ԳԽ-ին հանգամանորեն ներկայացրեց օրենքում կատարված փոփոխություններն ու հավելումները, ինչպես նաև դրանք կատարելու անհրաժեշտությունը:
Պրոռեկտոր Ռ. Բարխուդարյանը մանրամասնորեն պատասխանեց ԳԽ անդամների հարցերին, որոնք վերաբերում էին հոդվածների տպագրության համար նախատեսվող, ինչպես նաև հոդվածների տպագրության հետաձգման համար տրվող տեղեկանքների վավերականության ժամկետներին, մեկ ամբողջական տարվա հաշվարկի կարգին, ատեստավորման կազմակերպական առանձնահատկություններին, արտահերթ ատեստավորման հնարավորություններին և այլն:
Հիմք ընդունելով ՀՀ օրենքները, ԵՊՀ կանոնադրությունն ու ներքին իրավական ակտերը, գիտական խորհրդի աշխատակարգը՝ ԳԽ-ն որոշեց հաստատել գիտական կազմի թափուր պաշտոնի համալրման և աշխատողների ատեստավորման կարգը:
Գիտական խորհրդի հերթական նիստի օրակարգային հաջորդ հարցի զեկուցմամբ հանդես եկավ ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը՝ ԳԽ հաստատմանը ներկայացնելով գրահրատարակչության խորհրդում քննարկված աշխատությունները: ԳԽ որոշմամբ հաստատված գրքացանկը՝ ստորև:
Հ/Հ |
ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ
|
|
ՎԵՐՆԱԳԻՐ | |
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ | ||||
1. | Սերգեյ Առաքելյան, Մուշեղ Բաբայան | Կոռուպցիոն հանցագործությունների որակման հիմնախնդիրները. մենագրություն | ||
2. | Քրիստինե Ալեքսանյան | Լեգիտիմ ակնկալիքների պաշտպանությունը վարչական իրավունքում. մենագրություն | ||
3. | Սերգեյ Առաքելյան, Արա Գաբուզյան, Հարություն Խաչիկյան | Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք: Ընդհանուր մաս. դասագիրք | ||
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ | ||||
4. | Կարեն Ավետիսյան | Մաթեմատիկական անալիզի դասընթաց. դասագիրք | ||
| ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ | |||
5. | Մարինա Գալստյան | Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում. մենագրություն | ||
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ | ||||
6. | Акоп Чакрян | Сельджукское завоевание Малой Азии (մենագրություն) | ||
Հավելենք, որ գրահրատարակչության գործընթացի տարբեր շրջափուլերում՝ գրքի քննարկում, փորձաքննական, խմբագրական-սրբագրական աշխատանքներ և հրատարակում, հաշվի է առնվում գործընթացում ներգրավված յուրաքանչյուր անդամի մասնագիտական կարծիքը:
Խուսափելով միանձնյա որոշումներ կայացնելու անհրաժեշտությունից՝ ԵՊՀ գրահրատարակչական խորհուրդը, հիմք ընդունելով խորհրդակցական ու մասնագիտական կարծիքները, կայացնում է վերջնական համապատասխան որոշում՝ արդի և պահանջված գիտական, ուսումնական գրականություն հրատարակելու մասին: ԵՊՀ կայքէջի «Հրատարակչություն» ենթաէջում զետեղվում են հրատարակված աշխատանքները՝ ուսանողական, գիտական, առհասարակ հանրության լայն շրջանակների գիտակրթական, ընթերցողական պահանջները բավարարելու նպատակով:
Խորհրդի հաստատմանը ներկայացված օրակարգային մյուս հարցը վերաբերում էր ԵԼՀ «Արտասահմանյան գրականության ամբիոն» գիտական ստորաբաժանման լուծարմանը:
Ռեկտոր Հ. Հովհաննիսյանը ԵՊՀ գիտական խորհրդին զեկուցեց, որ ԵԼՀ ֆակուլտետի անձնակազմի հետ քննարկման արդյունքում որոշվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնել վերոհիշյալ ստորաբաժանման լուծարման հարցը: Աշխատակիցները կտեղափոխվեն հարակից ամբիոններ ու (ըստ անհրաժեշտության) ֆակուլտետներ՝ պահպանելով իրենց աշխատանքի իրավունքը:
Ընթացիկ ուստարվա վերջին նիստի այլ հարցերի շրջանակում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հանդես եկավ առաջարկով, այն է՝ «Սեպուհ սրբազան» հիմնադրամի ֆինանսական ներդրումով վերանորոգել, վերազինել և Սեպուհ Սրբազան արքեպիսկոպոս Չուլջյանի (1959-2020 թթ.) անունով կոչել Արևելագիտության ֆակուլտետի 308 լսարանը: Վերջինս հայրենադարձվել է 1969 թվականին, իսկ 1996 թվականից նշանակվել է Հայաստանյաց առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի (Լոռու և Տավուշի մարզերի) առաջնորդ:
Մեծ է նրա վաստակը նաև ԵՊՀ-ում թուրքագիտության զարգացման բնագավառում. նա թուրքերենի մի շարք դասագրքերի հեղինակ է: Նշյալ լսարանը նախատեսվում է վերածել լսարան-գրադարանի՝ ուսանողների և դասախոսների համար ժամանակակից, հարմարավետ աշխատամիջավայրի՝ համապատասխան գրականությամբ և տեխնիկական հնարավորություններով:
Հիմք ընդունելով ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի ելույթը՝ ԳԽ-ն հաստատեց վերջինիս ներկայացրած առաջարկը:





