- Главная
- Node
- Համալսարանական «սնոբիզմից» մինչև աշխարհ փոխելու հավակնություն. հաջողված փորձառության ուղերձներ՝ ըստ ԵՊՀ շրջանավարտ Մարինա Մխիթարյանի
Июля 23, 2026 | 12:11
Կրթություն
Հասարակություն
Շրջանավարտներ
Համալսարանական «սնոբիզմից» մինչև աշխարհ փոխելու հավակնություն. հաջողված փորձառության ուղերձներ՝ ըստ ԵՊՀ շրջանավարտ Մարինա Մխիթարյանի
Պապիկի հետ աշխարհաքաղաքական քննարկումները, ընտանեկան ավանդույթը, միջազգային կազմակերպություններում աշխատանքի տարիները և նորարարական նախագծերի ստեղծումը ԵՊՀ շրջանավարտ, «Armenia Tree Project»-ի ռազմավարական գործընկերությունների և ազդեցության հարցերով տնօրեն Մարինա Մխիթարյանի համար մի ընդհանուր պատմության մաս են։ Այդ պատմությունը, նրա խոսքով, սկսվում է համալսարանից և ձևավորում այն մտածողությունը, որը մղում է մշտապես հարցեր տալու, կասկածելու, սովորելու և երազելու։ Հենց այս մասին էր նրա «Ինչո՞ւ ենք մենք մի քիչ սնոբ» խորագրով բանախոսությունը «ԵՊՀ շրջանավարտների ֆորում-2026»-ի շրջանակում։
«Շրջանավարտների բանախոսություններ» շարքում Մարինա Մխիթարյանը նշեց, որ երկար է մտածել բանախոսության թեմայի ընտրության հարցում. կարիերայի, կրթական ուղու կամ մասնագիտական զարգացման վերաբերյալ թեմաներից նա գերադասեց անդրադառնալ մի երևույթի, որը, նրա համոզմամբ, բնորոշ է համալսարանականներին։
Ավանդույթները՝ ամուր հիմք դեպի նորը
«Նախորդ բանախոսներից մեկը հիշատակեց «համալսարանական շովինիզմը»։ Ես դա ավելի շուտ «սնոբիզմ» եմ անվանում»,- ասաց նա՝ պատմելով, որ դեռևս 1945 թվականին՝ պատերազմից հետո, իր պապը ընդունվել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետ։ Հիշելով պապի պատմությունները՝ Մարինա Մխիթարյանը խոսեց այն միջավայրի մասին, որտեղ դասավանդում էին հայ գիտության և մշակույթի նշանավոր ներկայացուցիչները։ Մասնավորապես՝ նա պատմեց լեզվաբան Հրաչյա Աճառյանի մասին, որի դասախոսությունները, պապի հուշերով, տպավորվել էին ոչ միայն բովանդակությամբ, այլև դասավանդման յուրահատուկ ոճով։
«Պապիկից հետո պատմության ֆակուլտետում սովորել են նաև հորեղբայրս, քույրերս, և, անկեղծ ասած, այդ ժառանգությունը բավականին սահմանափակում էր ընտրության ազատությունը։ Եթե ընդունվելու պահին այլ տարբերակ առաջարկեի, երևի ընտանեկան խորհուրդ կհավաքվեր՝ հասկանալու, թե որքանով են իմ որոշումները առողջ»,- հումորով պատմեց նա։
Ձևավորել ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև լայն աշխարհայացք
Ըստ բանախոսի՝ համալսարանական միջավայրը ձևավորում է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև աշխարհի նկատմամբ լայն հայացք։ Նրանց ընտանիքում հավաքները հաճախ վերածվում էին պատմության, քաղաքականության և աշխարհաքաղաքական զարգացումների մասին քննարկումների, իսկ այդ մտածողության հիմքում համալսարանական կրթությունն էր։
«Երբ մտածում եմ մեր այդ «սնոբիզմի» մասին, միշտ հիշում եմ, թե ինչպես էին մեր զրույցները հասնում քաղաքակրթությունների վերելքների ու անկումների թեմաներին։ Այդ լայն ընկալումը աշխարհի մասին համալսարանն է տվել»,- նշեց նա։
Անդրադառնալով մասնագիտական ուղուն՝ նա պատմեց, որ աշխատանքի է անցել դեռևս 19 տարեկանում՝ որպես հեռուստահաղորդավարուհի։ Հետադարձ հայացքով գնահատելով այդ շրջանը՝ Մխիթարյանը նշեց, որ երիտասարդ տարիքում նման պատասխանատվություն ստանձնելու վստահությունը մեծապես ձևավորվել էր համալսարանական միջավայրի շնորհիվ։
«Հիմա, երբ հետ եմ նայում, մտածում եմ՝ որտեղից 19-ամյա աղջկան այդքան ինքնավստահություն, որ «prime time»-ին եթեր դուրս գար ու լուրեր վարեր. ես միջազգային լուրերն էի ներկայացնում։ Երևի այդ վստահությունը, այդ պատկանելության զգացումը գալիս էր համալսարանից»,- ասաց նա՝ խոսելով նաև 1990-ականների և 2000-ականների սկզբի մասնագիտական միջավայրի մասին, երբ շատ երիտասարդ մասնագետների համար ամենագրավիչ հնարավորությունները միջազգային կազմակերպություններում էին։ Նրա խոսքով՝ այդ ընտրությունը ժամանակի տրամաբանության արդյունք էր, սակայն հետագայում հասկացել է, որ երբեմն տեղական կառույցների զարգացումն ու նոր գաղափարների իրագործումը ոչ պակաս կարևոր նշանակություն ունեն։
Նորարարություն և առաջինը լինելու ձգտում
Մարինա Մխիթարյանը նշեց, որ իր աշխատանքային ճանապարհը մշտապես ուղեկցվել է նորարարություններ նախաձեռնելու և առաջինը լինելու ձգտմամբ։ Նա հիշեցրեց, որ երիտասարդ տարիքում հիմնել է անգլիալեզու թերթ, որի նպատակը հայկական պատմություններն ու հայկական տեսանկյունը միջազգային լսարանին հասանելի դարձնելն էր։
Հետագայում նա ներգրավվել է տարբեր միջազգային և տեղական նախաձեռնություններում, մասնակցել նորարարական ծրագրերի իրականացմանը, աշխատել միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև ղեկավարել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի գրասենյակը։
«Իմ ամբողջ կյանքի ընթացքում միշտ եղել է ինչ-որ բան առաջինը փորձելու, նոր ճանապարհներ բացելու մղումը։ Երևի հենց դա է ինձ մշտապես առաջ տարել։ Սա գուցե այն «կլիշեներից» է, որ իրեն հարգող յուրաքանչյուր «սնոբ» ինչ-որ անհասկանալի միջոցառման մասնակցության վկայական կամ կարճաժամկետ դասընթացի դիպլոմ պետք է ունենա «zoom»-ի հետնապատում։ Բայց այս օրինակով ուզում եմ ընդգծել մեկ կարևոր բան. համալսարանից հետո տեղի ունեցող բոլոր այդ նախաձեռնությունները, դասընթացները, հանդիպումներն ու փորձառությունները շարունակում են լրացնել մեր կրթությունը և կարևոր դեր են խաղում մեր մասնագիտական ու անձնական զարգացման ճանապարհին»,- շեշտեց բանախոսը։
Սահմանել բարձր չափանիշներ, գնահատել գիտելիքը և սովորել մտածել անսահմանափակ
Խոսելով սնոբիզմի մասին՝ Մարինա Մխիթարյանը շեշտեց, որ այն կարող է ունենալ նաև դրական կողմ, երբ արտահայտվում է որպես բարձր չափանիշներ ունենալու, գիտելիքը գնահատելու և անսահմանափակ մտածողության ձգտում։ Սակայն, նրա խոսքով, վտանգավոր է, երբ այդ զգացումը վերածվում է ինքնաբավության կամ մարդուն փակում է իր սովորական միջավայրի սահմաններում։
«Պետք է զգոն լինենք, որպեսզի չփակվենք մեր փոքր խմբերում, մեր հարմարավետ միջավայրում, այլ կարողանանք անընդհատ դուրս գալ այդ շրջանակներից, նոր մարդկանց հանդիպել, նոր գաղափարներ լսել ու նոր փորձառություններ ձեռք բերել»,- ասաց նա։
Ելույթի ավարտին Մարինա Մխիթարյանը կարևորեց պահպանել համալսարանականի ամենակարևոր հատկանիշը՝ ինտելեկտուալ հետաքրքրասիրությունը, ինչը, ըստ նրա, ամենակարևորն է անձնային ու մասնագիտական աճի համար։
Ունենալ ինտելեկտուալ հետաքրքրասիրություն և ինտելեկտուալ ըմբոստություն
«Եթե մի բան պետք է թողնեմ որպես ուղերձ, ապա կառանձնացնեմ ինտելեկտուալ հետաքրքրասիրությունն ու ինտելեկտուալ ըմբոստությունը։ Պետք է չսահմանափակվել մասնագիտությամբ, համալսարանով կամ երկրով, այլ միշտ փորձել ավելի լայն և ընդգրկուն հայացքով նայել աշխարհին։ Ինչո՞ւ ենք մենք մի քիչ սնոբ: Այո՛, մենք մի քիչ սնոբ ենք, և դա հիմքեր ունի: Ավելի վատ բան կա, քան մի քիչ սնոբ լինելը՝ չունենալ ինտելեկտուալ հետաքրքրասիրություն, չունենալ հավակնություններ և երազելու ունակություն։ Պետք է հավատալ, որ նույնիսկ մեր փոքր քայլերը կարող են փոխել աշխարհը»,- եզրափակեց Մարինա Մխիթարյանը։