- Главная
- Node
- Արժեքահենք կրթությունից մինչև քննադատական մտածողություն․ «VaKE» մեթոդաբանությունը ԵՊՀ-ում
Июнь 30, 2026 | 16:16
Կրթություն
Հասարակություն
Արժեքահենք կրթությունից մինչև քննադատական մտածողություն․ «VaKE» մեթոդաբանությունը ԵՊՀ-ում
Բարձրագույն կրթության համակարգում այսօր, առավել քան երբևէ, կարևորվում է ոչ միայն մասնագիտական գիտելիքների փոխանցումը, այլև այնպիսի արժեքների, հմտությունների և կարողությունների ձևավորումը, որոնք ուսանողին կօգնեն դառնալու պատասխանատու քաղաքացի, գիտակից մասնագետ և խելամիտ առաջնորդ։ Այս համատեքստում միջազգային կրթական նորարարական մոտեցումները գնալով ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում համալսարաններում։
«Էրազմուս+» ծրագրի «PROVE» նախագծի շրջանակում Երևանի պետական համալսարանը ներգրավված է «VaKE» («Values and Knowledge Education») մեթոդաբանության ուսումնասիրման և ներդրման գործընթացում։ Արժեքահենք և գիտելիքահենք կրթության այս մոտեցումը միավորում է ակադեմիական գիտելիքի ձեռքբերումը և բարոյական ու արժեքային դատողությունների զարգացումը՝ ուսանողին դարձնելով ուսումնառության ակտիվ մասնակից։
Նախագծի շրջանակում Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում անցկացված վերապատրաստումների ու համաժողովների մասնակից, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դոցենտ Լուսինե Հայրապետյանի հետ զրուցել ենք «VaKE» մեթոդաբանության, դրա կրթական նշանակության և Երևանի պետական համալսարանում ներդրման հեռանկարների մասին։
- Տիկի՛ն Հայրապետյան, նախագծի շրջանակում ծանոթացել եք «VaKE» մեթոդաբանությանը։ Ի՞նչ է ենթադրում այս մոտեցումը, ինչո՞վ է այն առանձնանում ավանդական դասավանդման մեթոդներից։
- «VaKE»-ն կոնստրուկտիվիզմի սկզբունքների վրա հիմնված կրթական մեթոդաբանություն է, որը միավորում է արժեքային ու բարոյական դաստիարակությունը և ակադեմիական գիտելիքների ձեռքբերումը։
Այն յուրահատուկ մանկավարժական մոտեցում է, որն աշխատում է հիմնականում դիլեմաների կիրառման սկզբունքով, երբ ուսանողներին ներկայացվում է մի պատմություն՝ բարոյական երկընտրանք՝ դիլեմա, որն իրական կյանքից է և չունի միանշանակ «ճիշտ» կամ «սխալ» պատասխան։
Այս երկընտրանքը լուծելու և սեփական դիրքորոշումը հիմնավորելու համար ուսանողները ստիպված են լինում ինքնուրույն փնտրել, գտնել և յուրացնել ակադեմիական կոնկրետ գիտելիքներ։
Տարբերությունը ավանդական մոտեցումից էական է։ Ավանդական դասավանդման ժամանակ դասախոսը պատրաստի գիտելիքը «փոխանցում» է ուսանողին (պասիվ ընկալում), իսկ արժեքների մասին խոսվում է լավագույն դեպքում վերացական մակարդակում։ «VaKE»-ի դեպքում ուսանողն ինքն է դառնում գիտելիք ստեղծողը (ակտիվ ուսումնառություն)՝ հասկանալով, թե այդ գիտելիքն ինչպես է առնչվում իր արժեհամակարգին և որոշումներին։
Ավստրիայում և Հունաստանում անցկացված վերապատրաստումները գործնական էին և շատ օգտակար։ ԵՊՀ պատվիրակությունը հնարավորություն ունեցավ անցնելու վերապատրաստում հենց մեթոդաբանության հեղինակների (մասնավորապես՝ պրոֆեսոր Ժան-Լյուկ Պատրիի) և միջազգային փորձագետների կողմից, մասնակցելու «կենդանի» «VaKE» դասընթացների՝ հայտնվելով թե՛ ուսանողի, թե՛ ֆասիլիտատորի (դասախոսի) դերում՝ սովորելով, թե ինչպես ճիշտ կառուցել բարոյական երկընտրանքները, որ դրանք համապատասխանեն մեր տեղական համատեքստին ու կրթական չափորոշիչներին։ Երկու երկրներում էլ ներկայացվեցին ուշագրավ օրինակներ, որոնք մենք արդեն տեղայնացնում ենք։
- Իսկ ինչո՞ւ է այսօր կարևոր արժեքահենք կրթությունը բուհական կրթության համակարգում։ Ո՞ր խնդիրների լուծմանն է այն միտված։
- Այսօր՝ տեղեկատվական հեղեղի և արհեստական բանականության դարաշրջանում, զուտ տեղեկություն ունենալն այլևս մրցակցային առավելություն չէ։ Բուհերի առջև ծառացած հիմնական խնդիրն է պատրաստել ոչ միայն զուտ մասնագետների, այլև պատասխանատու քաղաքացիների և առաջնորդների, որոնք կունենան զարգացած փափուկ հմտություններ, կկարողանան որոշումներ կայացնել, իրավիճակներից գտնել ելքեր, ստեղծագործական լուծումներ։
«VaKE»-ի գաղափարաբանական հենքով կազմակերպած արժեքահենք կրթությունը միտված է հետևյալ խնդիրների լուծմանը.
Կանխել այնպիսի իրավիճակները, երբ գիտնականը կամ մասնագետն ունի հարուստ գիտելիք, բայց այն օգտագործում է ի վնաս հասարակության։
Օգնել ուսանողին դուրս գալու «իմ գործը չէ» կարծրատիպից։
Կամրջել տեսական գիտելիքը կյանքի իրական բարդ ու հակասական խնդիրների հետ։
- Ինչպե՞ս է «VaKE» մեթոդաբանությունը նպաստում ուսանողների քննադատական մտածողության, որոշումների կայացման և բարոյական դատողությունների զարգացմանը։
- «VaKE» մեթոդաբանությունը գործում է հատուկ փուլերով, որոնք բնականորեն խթանում են ուսանողի քննադատական մտածողությունը, մտավոր աճը։ Առաջարկվող դիլեմաների միջոցով ստեղծվում է բախում երկընտրանքի հետ։ Ուսանողը ստիպված է լինում ընտրություն կատարել, ինչը զարգացնում է որոշումների կայացման հմտությունը:
Այս մեթոդաբանության առավելություններից մեկն էլ այն է, որ սովորողը կարող է ձեռք բերել տեսակետ ձևավորելու, կարծիքը փաստից ու ենթադրությունից տարբերակելու հմտություններ։ Լսելով հակադիր կարծիքներ՝ նա հասկանում է, որ աշխարհը սպիտակ ու սև չէ։ Սա զարգացնում է փաստարկման հմտությունն ու ապրումակցումը:
Ուսանողը գիտակցում է, որ իր գիտելիքը բավարար չէ հակառակորդին համոզելու համար, և սկսում է քննադատաբար զննել աղբյուրները՝ զարգացնելով քննադատական մտածողությունը:
- Իսկ կա՞ն արդյոք ծրագրի մասնակից ուսանողների հետ վերապատրաստումներ, համագործակցային աշխատանքներ։
- Այո՛, իհա՛րկե։ Հունաստանից վերադառնալուց հետո մենք տարբեր ֆակուլտետներից ընտրեցինք հինգ ուսանողների, որոնք պետք է մասնակցեին 2026 թ․ մայիսի 10-14-ը Վրաստանում կազմակերպված ուսանողական աշխատարաններին։ ԵՊՀ պատվիրակության կազմում էին յոթ ներկայացուցիչներ, որոնցից երկուսը դասախոս էին, հինգը՝ բակալավրիատի տարբեր կրթական ծրագրերի երկրորդ կուրսի ուսանողներ։ Հայաստանից և Վրաստանից տարբեր բուհերի ուսանողներ հնարավորություն ունեցան պատրաստելու նախագծեր, լսելու փորձագիտական կարծիքներ, համագործակցելու միմյանց հետ։ Նրանք ստացան խորհրդատվություն, թե ինչպես կարող են «VaKE» մեթոդաբանությամբ աշխատել միջառարկայական, միջֆակուլտետային, միջբուհական համագործակցության ձևաչափով։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր ներդրում է մեր ուսանողների արժեքային մտածողության համատեքստում, քանի որ նրանք բացահայտեցին համագործակցության օգտակարությունը, անհրաժեշտությունն ու կարևորությունը։
- Ի՞նչ փուլերով է նախատեսվում «VaKE» մեթոդաբանության ներդրումը Երևանի պետական համալսարանում։
- Որդեգրվել է աստիճանական և կայուն ներդրման մոդել։ Եթե փորձեմ ընդհանուր ներկայացնել, ապա կստացվի հետևյալ պատկերը․
Փուլ 1. Ընթացիկ կամ նախապատրաստական կարողությունների զարգացում. Զալցբուրգում վերապատրաստված դասախոսներով սկսեցինք տարբեր կողմերից դիտարկել մեթոդաբանության ներդրման խնդիրը ԵՊՀ ուսանողների, դասախոսների և ուսուցիչների համար։
Փուլ 2. Պիլոտային ներդրում. 2026 թ. սեպտեմբերից «VaKE» մոդուլների ներառում և փորձարկում մի քանի ֆակուլտետների առանձին դասընթացներում, ինչպես նաև ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի «Սոցիալական մանկավարժություն» բակալավրի կրթական ծրագրում «Արժեքահենք և գիտելիքահենք կրթություն» հիմնական դասընթացի ներառում։ Նաև իրականացվել է հայաստանյան տարբեր մարզերի ուսուցիչների վերապատրաստում «VaKE» մեթոդաբանությամբ։
Փուլ 3. Գնահատում և մոդիֆիկացիա. այս փուլում նախատեսում ենք գնահատել պիլոտային ծրագրի արդյունքները։ Նախատեսում ենք ուսանողների և դասախոսների հետադարձ կապի վերլուծություն, մեթոդական ձեռնարկների պատրաստում հայերենով։
Փուլ 4. Լայնածավալ ինստիտուցիոնալացում. այս փուլում նախատեսվում է մեթոդաբանության տարածում այլ ֆակուլտետներում և հաջողության դեպքում դրա դիտարկումը որպես ԵՊՀ դասախոսների վերապատրաստման բաղադրիչ։
- Ո՞ր կրթական ծրագրերում է այն ներդրվելու, և ուսումնական գործընթացում ի՞նչ փոփոխություններ կարող են նկատել ուսանողներն ու դասախոսները «VaKE» մոտեցման կիրառման արդյունքում։
Մեթոդաբանությունը՝ որպես հիմնական դասընթաց, կիրառվելու է ՄԿԶԿ «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագրում, որտեղ մանկավարժի մասնագիտության համար պահանջվող ժամանակակից կոմպետենցիաների թվում արժեքային բաղադրիչն է։
«VaKE»-ի իրական ուժը նրա միջառարկայական ներուժն է, որն էլ կփորձենք ապահովել միջֆակուլտետային նախագծերով և հետազոտական աշխատանքներով, քանի որ այս մեթոդաբանությամբ որոշ մոդուլներ անցնելու են նաև Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում։
Փոփոխությունների տեսանկյունից ուսանողների համար դասերն այլևս ձանձրալի չեն լինի։ Նրանք կզգան իրենց ձայնի կարևորությունը, կսովորեն ազատ արտահայտվել և հարգել դիմացինի կարծիքը՝ միաժամանակ տիրապետելով ակադեմիական խորքային գիտելիքների։
Դասախոսների համար սա մասնագիտական ձեռագրի վերափոխում է։ Դասախոսը դադարում է լսարանում միակ «ամենագետը» լինելուց և դառնում է ուղղորդող, աջակցող, ինչը դասապրոցեսը դարձնում է կենդանի ու ստեղծագործական։
- Ի՞նչ մարտահրավերներ կարող են առաջանալ մեթոդաբանության ներդրման ընթացքում, և ինչպե՞ս է ԵՊՀ-ն պատրաստվում հաղթահարելու դրանք։
- Ցանկացած նոր ու առաջադեմ մեթոդաբանության ներդրում կրթական համակարգում ձևավորում է նոր մարտահրավերներ։ «VaKE» մեթոդաբանության ներդրումը Երևանի պետական համալսարանում բացառություն չէ, սակայն դրանք հաղթահարելի են ճիշտ ռազմավարության շնորհիվ։
Մեթոդի կիրառման ճանապարհին առաջին և ամենատարածված խոչընդոտը փոփոխությունների հանդեպ դիմադրությունն է։ Թե՛ դասախոսների, թե՛ ուսանողների մի զգալի մաս սովոր է ավանդական, հանգիստ ու հարմարավետ դասախոսություններին, որտեղ դերերը հստակ բաշխված են՝ մեկը խոսում է, մյուսները՝ լսում կամ հիշում։ Նոր մոդելին անցնելը պահանջում է դուրս գալ այդ ապահովության գոտուց և ստանձնել ակտիվ դերակատարում։
Բացի դրանից՝ առաջ է գալիս ժամանակի սահմանափակման խնդիրը։ Ի տարբերություն ստանդարտ դասի, որտեղ նյութը պարզապես փոխանցվում է լսարանին, «VaKE»-ն պահանջում է խորքային քննարկումներ, բանավեճեր և վերլուծություններ, ինչը զգալիորեն ավելի շատ ժամանակ է խլում, քան սովորական դասախոսությունը։ Եվ վերջապես, ամենանուրբ ու բարդ հարցը գնահատման համակարգն է։ Ինչպե՞ս կարելի է օբյեկտիվորեն չափել ու գնահատել ուսանողի բարոյական դատողությունը՝ առանց սուբյեկտիվության կամ կանխակալության։
Կարծում եմ՝ գնահատման թիրախում լինելու է բացառապես ուսանողի փաստարկման որակը, քննադատական մտածողությունը և տեսական գիտելիքը գործնականում, խնդրահարույց իրավիճակներում կիրառելու ունակությունը։ Այսպիսով, համալսարանը ստեղծում է մի միջավայր, որտեղ նորարարությունը ներդրվում է սահուն, իսկ գնահատումը մնում է առավելագույնս օբյեկտիվ ու արդարացի։
- Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ «VaKE» մեթոդաբանությունը ԵՊՀ-ում կրթության որակի և համալսարանական մշակույթի զարգացման վրա երկարաժամկետ հեռանկարում։
- Կարծում եմ, որ ամենաակնառու փոփոխությունը տեղի կունենա հենց լսարանում։ Ավանդական, երբեմն՝ միակողմանի դասախոսություններին փոխարինելու կգա ազատ, բայց փոխադարձ հարգանքի վրա հիմնված քննարկումների մշակույթը։ «VaKE»-ն լսարանը վերածում է յուրօրինակ հարթակի, որտեղ ուսանողը սովորում է ոչ թե լռել ու համաձայնել, այլ սեփական կարծիքն արտահայտել, լսել դիմացինին և քաղաքակիրթ կերպով բանավիճել։ Սա ձևավորում է ինքնուրույն, պատասխանատու և քաղաքացիական բարձր գիտակցությամբ օժտված միջավայր, որտեղ տարբերվող կարծիքը ոչ թե կոնֆլիկտի առիթ է, այլ արժեք։