- Главная
- Node
- «Իսպանական մշակույթի օրեր Երևանում»․ երկօրյա միջոցառում ԵՊՀ-ում
Июнь 24, 2026 | 13:40
Կրթություն
Միջազգային համագործակցություն
«Իսպանական մշակույթի օրեր Երևանում»․ երկօրյա միջոցառում ԵՊՀ-ում
Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Իսպանական մշակույթի օրեր Երևանում» երկօրյա միջոցառումը, որը միտված է հայ-իսպանական ակադեմիական և մշակութային համագործակցության խորացմանը։ Միջոցառման շրջանակում դասախոսություններով հանդես կգան Մադրիդի ինքնավար, Մադրիդի Կոմպլուտենսե, Գրանադայի և Կադիսի համալսարանների ներկայացուցիչները։
Արդեն ավանդույթ դարձած «Իսպանական մշակույթի օրեր Երևանում» երկօրյա միջոցառումը կազմակերպվել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի հայագիտական ամբիոնի, ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի և Հայաստանում Իսպանիայի դեսպանության համագործակցության ու ջանքերի շնորհիվ։ Միջոցառման նպատակն է մասնակիցներին հնարավորություն ընձեռել առավել խորությամբ ճանաչելու հայ-իսպանական մշակութային կապերը, բացահայտելու իսպաներենի, Իսպանիայի պատմության և մշակույթի բազմազան կողմերը, ինչպես նաև մասնակցելու մասնագիտական քննարկումների, կլոր սեղան-քննարկումների և ֆիլմերի դիտում-քննարկումների։
Կրթությունը՝ մշակույթների երկխոսության հիմքում
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը։ Նա ընդգծեց, որ միջոցառումը համախմբում է իսպանական մշակույթով, լեզվով և պատմությամբ հետաքրքրվող մարդկանց՝ դառնալով յուրահատուկ կապող օղակ Հայաստանի և Իսպանիայի միջև։
Էլինա Ասրիյանի խոսքով՝ կրթությունն այն ուժն է, որը հնարավորություն է տալիս բացելու ավելի շատ դռներ և առավել խորությամբ ճանաչելու մշակութային արժեքները։ Նա նշեց, որ ԵՊՀ-ն, մասնավորապես՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետը, ստանձնել է մշակույթների միջև կամուրջներ կառուցելու առաքելությունը՝ ուսանողների և հասարակության համար ընդլայնելով գիտելիքի ու մշակութային հաղորդակցության հնարավորությունները։
Պրոռեկտորը նաև ընդգծեց հայ և իսպանական ժողովուրդների արժեքային ու մշակութային ընդհանրությունները՝ հույս հայտնելով, որ ապագայում Իսպանիայի համալսարաններից մեկում կանցկացվեն նաև Հայաստանի մշակույթի օրեր։
«Բոլորս տարբեր ենք, սակայն հաճախ մեզ միավորում են նույն արժեքները, մշակույթն ու մտածելակերպը։ Վստահ եմ, որ մենք դեռ շատ անելիքներ ունենք հայ-իսպանական համագործակցությունը խորացնելու ճանապարհին»,- շեշտեց Էլինա Ասրիյանը։
Մշակութային երկխոսությունից ակադեմիական համագործակցություն
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Յաղուբյանը նշեց, որ միջոցառման շրջանակում քննարկվում են նաև հայ-իսպանական մշակութային փոխազդեցությունները և դրանց դերը ակադեմիական համագործակցության զարգացման գործում՝ կարևորելով երկու ժողովուրդների միջև գիտական ու մշակութային կապերի խորացումը։
Նա առանձնահատուկ կարևորեց Հայաստանի տարբեր բուհերից և կրթական այլ հաստատություններից ժամանած դասախոսների, ուսանողների, հետազոտողների և գործընկերների մասնակցությունը։
Մարինե Յաղուբյանի խոսքով՝ Հայաստանի և Իսպանիայի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, մշակութային փոխանակման և գիտական համագործակցության վրա, իսկ նման նախաձեռնությունները նպաստում են այդ կապերի հետագա ամրապնդմանը և զարգացմանը։
«Մեզ համար մեծ ուրախություն է տեսնել ուսանողների, դասախոսների, թարգմանիչների և իսպանական մշակույթով հետաքրքրված մասնագետների, որոնց մասնակցությունը վկայում է Հայաստանում իսպանագիտական ուսումնասիրությունների աճող կարևորության մասին»,- ասաց Մարինե Յաղուբյանը։
«Իսպանական մշակույթի օրեր Երևանում» միջոցառումը՝ արժեքավոր ավանդույթ
ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը նշեց, որ «Իսպանական մշակույթի օրեր Երևանում» նախաձեռնությունն արդեն վերածվել է արժեքավոր ավանդույթի։ Նա ընդգծեց ծրագրի կազմակերպիչների և գործընկերների, մասնավորապես՝ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ֆրանսիսկո Զուրյանի, Հայաստանում Իսպանիայի դեսպանության գործերի հավատարմատար Ֆերնանդո Մարիա Խիրոն Պասկուալիի, ինչպես նաև ԵՊՀ ղեկավարության կարևոր դերակատարումը միջոցառման կազմակերպմանն աջակցելու գործում։
Հասմիկ Բաղդասարյանի խոսքով՝ Իսպանիայի մի շարք համալսարանների հետ ձևավորված համագործակցությունը վերջին տարիներին զգալիորեն նպաստել է Հայաստանում իսպաներենի և իսպանական մշակույթի տարածմանը։ Նա մատնանշեց, որ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի հայագիտության ամբիոնի, ինչպես նաև Գրանադայի համալսարանի հովանու ներքո գործող Իսպաներենի և իսպանական մշակույթի կենտրոնի ստեղծումը նոր հեռանկարներ է բացել հայ-իսպանական ակադեմիական և մշակութային համագործակցության համար։
«Այսօր նման նախաձեռնությունները դարձել են ժամանակակից կրթության մարտահրավերներին համարժեք արձագանքելու անհրաժեշտ պայման։ Վստահ եմ, որ այս միջոցառումը նոր խթան կլինի Հայաստանի և Իսպանիայի միջև բազմադարյա մշակութային կապերի ամրապնդման համար, որոնք հիմնված են ընդհանուր մարդկային և մշակութային արժեքների վրա»,- նշեց Հասմիկ Բաղդասարյանը։
Կրթությունը, մշակույթն ու գիտելիքը՝ Հայաստանն ու Իսպանիան միավորող օղակ
Հայաստանում Իսպանիայի դեսպանության գործերի հավատարմատար Ֆերնանդո Մարիա Խիրոն Պասկուալն ընդգծեց, որ հայ-իսպանական հարաբերությունների ամրապնդման ամենակայուն հիմքը փոխադարձ ճանաչողությունը, կրթությունը, մշակույթը և մարդկային կապերն են։
Նրա խոսքով՝ թե՛ Իսպանիան, թե՛ Հայաստանը պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկրներ են, որոնք մեծ նշանակություն են տալիս իրենց ավանդույթների պահպանմանն ու փոխանցմանը։ Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ երկու ժողովուրդների միջև կան բազմաթիվ ընդհանրություններ, որոնք նպաստում են երկխոսության, փոխըմբռնման և համագործակցության զարգացմանը։
Նա նշեց, որ Հայաստանում տարեցտարի աճում է հետաքրքրությունը իսպաներենի նկատմամբ, և ավելի ու ավելի շատ ուսանողներ, դասախոսներ ու թարգմանիչներ իսպաներենը դիտարկում են որպես միջազգային հաղորդակցության կարևոր գործիք և մուտք դեպի հարյուր միլիոնավոր մարդկանց միավորող մշակութային ու լեզվական համայնք։ Ըստ նրա՝ 2026-2027 ուսումնական տարվանից Երևանի պետական համալսարանում կվերականգնվի իսպաներենի դասախոսի հաստիքը։ Այդ նպատակով ԵՊՀ-ն և Իսպանիայի միջազգային կրթական համագործակցության կառույցը (SEPIE) այս տարի ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շնորհիվ Ռոմանական բանասիրության ամբիոնը կրկին կունենա իսպաներենի մասնագետի աջակցությունը։
«Այսօրվա բարդ և հակասական աշխարհում մշակութային համագործակցությունն առավել մեծ արժեք է ձեռք բերում։ Մշակույթը կամուրջներ է ստեղծում այնտեղ, որտեղ կան հեռավորություններ, ձևավորում է վստահություն այնտեղ, որտեղ կա անծանոթություն, և խթանում է փոխադարձ հարգանքը՝ հաղթահարելով կարծրատիպերը»,- ընդգծեց Ֆերնանդո Մարիա Խիրոն Պասկուալը։
Նա վստահություն հայտնեց, որ միջոցառման ընթացքում ծագած գաղափարներն ու նախաձեռնությունները կնպաստեն Հայաստանի և Իսպանիայի միջև ակադեմիական, լեզվական և մշակութային կապերի հետագա ամրապնդմանը։
Համագործակցությունից մինչև հետազոտական ցանցի ձևավորում
Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ֆրանսիսկո Զուրյանը նշեց, որ ընդամենը մի քանի տարի առաջ մեկնարկած համագործակցությունը զարգացել է սպասվածից շատ ավելի արագ՝ հանգեցնելով Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում հայագիտական ամբիոնի ստեղծմանը և հայ-իսպանական ակադեմիական կապերի ամրապնդմանը։
«Ինձ համար շատ հուզիչ է տեսնել, որ այսքան կարճ ժամանակում արդեն ձևավորվում են համագործակցության ավանդույթներ Հայաստանի և Իսպանիայի միջև։ Սա ոչ միայն նշանակալից արդյունք է, այլև կարևոր խթան՝ շարունակելու մեր աշխատանքը»,- մատնանշեց նա՝ ընդգծելով, որ ԵՊՀ-ն արդեն դարձել է իր ակադեմիական ընտանիքի մի մասը։
Նա նաև կարևորեց Իսպանիայի տարբեր համալսարաններից ժամանած գիտնականների մասնակցությունը՝ շեշտելով, որ առաջին անգամ ձևավորվում է հետազոտական ցանց, որը միավորելու է իսպանական և հայկական աշխարհների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներին։
«Սա մշակութային և համալսարանական կարևոր իրադարձություն է Իսպանիայի համար։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը, նրա պատմությունը, մշակույթն ու արվեստը ճանաչելի դառնան Իսպանիայում, իսկ իսպաներենն ու իսպանական մշակույթը՝ Հայաստանում»,- ասաց պրոֆեսոր Զուրյանը։
Նշենք, որ երկօրյա միջոցառման ավարտին մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր Երևանի պետական համալսարանի, Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի, Հայաստանում Իսպանիայի դեսպանության և համագործակցող այլ հաստատությունների կողմից։






