ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տարբեր կրթական ծրագրերի մի խումբ ուսանողներ ֆակուլտետի գրասենյակի ղեկավար-դեկանի տեղակալ, դոցենտ Վարդան Ալեքսանյանի ղեկավարությամբ ուսումնաճանաչողական այց կատարեցին «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ։
Այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան անմիջականորեն ծանոթանալու Հայաստանի ամենահայտնի և երկարամյա ավանդույթներ ունեցող արտադրական կազմակերպություններից մեկի գործունեությանը։ Նրանք շրջեցին գործարանի տարածքով, այցելեցին արտադրական և պահեստային հատվածներ, ծանոթացան կոնյակի արտադրության տեխնոլոգիական գործընթացին, հումքի ընտրության և մշակման առանձնահատկություններին, ինչպես նաև կոնյակի հնեցման պայմաններին։ Առանձնակի հետաքրքրություն առաջացրեց գործարանի պատմական մառաններում շրջայցը, որի ընթացքում ուսանողները տեղեկացան հայկական կոնյակագործության զարգացման պատմությանը, կազմակերպության արտադրանքի որակի ապահովման միջազգային չափանիշներին համապատասխանության պայմաններին ու առանձնահատկություններին։ Գործարանի տարածքում կատարված շրջայցից հետո ուսանողների համար կազմակերպվեց կոնյակի համտես։
Այցի շրջանակում ուսանողները հանդիպեցին նաև «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանի հետ։ Հատկանշական է, որ Սերգեյ Խաչատրյանը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտ է և տարիներ շարունակ ակտիվորեն աջակցում է ֆակուլտետի տարբեր կրթական, գիտական և մասնագիտական նախաձեռնություններին՝ նպաստելով համալսարան-բիզնես համագործակցության ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում նա ուսանողներին ներկայացրեց գործարանի կառավարման համակարգը, արտադրության կազմակերպման առանձնահատկությունները, մատակարարման շղթաների արդյունավետ կառավարման և օպտիմալացման ուղղությամբ կատարվող աշխատանքները, ինչպես նաև ընկերության վաճառքի և շուկայավարման ռազմավարությունը։ Նա անդրադարձավ արտահանման աշխարհագրությանը՝ մատնանշելով միջազգային շուկայում մրցունակության ապահովման հիմնական գործոններն ու այն երկրների շրջանակը, որտեղ ներկայացված է հայկական կոնյակը:
Քննարկվեցին նաև խմիչքների արտադրության ոլորտում առկա ժամանակակից մարտահրավերները, սպառողական նախասիրությունների փոփոխությունները, որակի կառավարման միջազգային չափանիշների կիրառումը, արտադրության թվայնացման միտումները և կայուն զարգացման սկզբունքների ներդրման կարևորությունը։ Ուսանողները հետաքրքրվեցին արտադրության պլանավորման, պահանջարկի կանխատեսման, լոգիստիկ գործընթացների կազմակերպման, բրենդի զարգացման և միջազգային շուկայում դիրքավորման հարցերով։
Հանդիպումն անցավ ակտիվ և կառուցողական մթնոլորտում։ Ուսանողները հնարավորություն ունեցան ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, լսելու գործնական խորհուրդներ և ծանոթանալու իրական բիզնես միջավայրում կառավարչական որոշումների ընդունման առանձնահատկություններին։ Սերգեյ Խաչատրյանն ուսանողներին ներկայացրեց նաև իր փորձառությունը՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում բարձր առաջադիմությամբ սովորելուց և ակտիվ ուսանողական գործունեություն ծավալելուց մինչև «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում աշխատանքի անցնելն ու տարբեր պաշտոններ զբաղեցնելը։
Նմանօրինակ հանդիպումները կարևոր են ուսանողների մասնագիտական կողմնորոշման, տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, ինչպես նաև գործարար համայնքի հետ կապեր ստեղծելու և ամրապնդելու տեսանկյունից։
Այցի ավարտին դեկանի տեղակալ Վարդան Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանին ջերմ ընդունելության, փորձի և գիտելիքների փոխանցման պատրաստակամության համար։ Նա նաև նշեց, որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և կազմակերպության միջև կապն անընդհատ ամրապնդվում է, ձեռք են բերվում նոր պայմանավորվածություններ՝ ուրվագծելով համագործակցության նոր ուղղություններ: Կարևորելով նմանօրինակ նախաձեռնությունները՝ նա ընդգծեց դրանց նշանակությունը համալսարանական կրթությունը պրակտիկ դաշտի հետ համադրելու և կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները առավել խորությամբ հասկանալու տեսանկյունից։



