- Главная
- Node
- Հայաստանը գլոբալ բնապահպանական օրակարգի կենտրոնում. ակադեմիական համայնքի առաջնահերթությունները
Августа 11, 2026 | 14:00
Գիտություն
Միջազգային համագործակցություն
Շրջանավարտներ
Հայաստանը գլոբալ բնապահպանական օրակարգի կենտրոնում. ակադեմիական համայնքի առաջնահերթությունները
Հայաստանում կայանալիք «COP17» համաշխարհային համաժողովի նախաշեմին ԵՊՀ շրջանավարտների ֆորումի շրջանակում փորձագետներն ու ոլորտի պատասխանատուները քննարկեցին բնապահպանական օրակարգում ակադեմիական համայնքի դերը, գիտության և պետական քաղաքականության համագործակցության հնարավորություններն ու «կանաչ» զարգացման առաջնահերթությունները։
ԵՊՀ շրջանավարտների ֆորումի շրջանակում ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում տեղի ունեցավ «COP17. Հայաստանը գլոբալ բնապահպանական օրակարգի կենտրոնում. ակադեմիական համայնքի առաջնահերթությունները» խորագրով պանելային քննարկումը։
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լևոն Աղասյանը, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդը և կենսոլորտը» (MAB) ծրագրի ազգային կոնտակտային անձ Լիլիթ Սահակյանը: Քննարկումը վարում էր ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Միրզոյանը։
Քննարկման հիմնական նպատակն էր ներկայացնել, թե ինչ դեր կարող է ունենալ ԵՊՀ գիտական հանրույթը բնապահպանական քաղաքականության ձևավորման, նորարարական էկոհամակարգերի զարգացման և «կանաչ» օրակարգի առաջմղման գործում։ Թեման հատկապես արդիական է Հայաստանի համար՝ հաշվի առնելով այս տարվա հոկտեմբերի 19-30-ը Երևանում անցկացվելիք կենսաբազմազանության պահպանմանը նվիրված «COP17» համաշխարհային համաժողովը։ Այն մեկ հարթակում կհամախմբի աշխարհի տարբեր երկրների մասնագետներին՝ քննարկելու կենսաբազմազանության պահպանության հիմնախնդիրներն ու մինչև 2030 թվականը նախատեսվող առաջնահերթ քայլերը։
Այս համատեքստում պանելային քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք կարևոր հարցերի՝ ի՞նչ նշանակություն ունի «COP17»-ը Հայաստանի և միջազգային հանրության համար, ի՞նչ դեր կարող են ստանձնել պետությունը, ակադեմիական համայնքը և ոլորտի մյուս դերակատարները, ի՞նչ ներդրում կարող են ունենալ համալսարաններն իրենց գիտական և փորձագիտական ներուժով։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը խոսեց պետական քաղաքականության և գիտության փոխկապակցվածության մասին՝ ընդգծելով, որ բնապահպանական ոլորտում արդյունավետ քաղաքականությունը հնարավոր չէ ձևավորել առանց գիտական հիմքի։
«Առանց գիտական հիմքի՝ որևէ քաղաքականություն բնապահպանության ոլորտում կլինի ընդամենը օդի մեջ խոսակցություն. ցանկացած քաղաքականության մշակման հիմքը գիտությունն է։ Մենք հիմնականում աշխատում ենք ծրագրային սկզբունքով. ֆինանսավորում, դրամաշնորհներ, իսկ խնդրի առկայության դեպքում այն հասցեագրում ենք համապատասխան ինստիտուտին։ Մեր առաջին օղակը հենց գիտական համայնքն է, որի հետ մշտապես լավ համագործակցության և կապի մեջ ենք եղել»,- նշեց նա։
Միջազգային համագործակցության և գիտության դերի մասին իր դիտարկումներով հանդես եկավ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լևոն Աղասյանը։ Նա շեշտեց, որ «COP17»-ի օրակարգի հիմքում են կենսաբազմազանության պահպանության 23 հիմնական թիրախները, որոնց մեծ մասը հիմնված է գիտական հետազոտությունների և տվյալների վրա։
«Մենք ևս համագործակցում ենք գիտական հանրույթի հետ և հարկ է փաստել, որ կենսաբազմազանության ընդհանուր ռազմավարությունը կապված է 23 հիմնական թիրախների հետ, որոնք առնչվում են հիմնականում գիտության ոլորտին։ Բնության համաշխարհային հիմնադրամը աջակցում է բազմաթիվ ծրագրերի իրականացմանը, որոնց համար ևս հիմք են ծառայում գիտական հանրույթի տրամադրած տվյալներն ու խնդիրների բարձրաձայնումը, օրինակ, խմելու ջրի խնդիրը, կենսաբազմազանությունը, կլիմայի փոփոխությունը և այլն»,- հավելեց նա։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև գիտական կառույցների զարգացման հնարավորություններին։ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը նշեց, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախապատրաստական լուրջ աշխատանք է կատարել «COP17»-ի անցկացման ուղղությամբ, իսկ գիտական կառույցներն ակտիվորեն ներգրավված են համաժողովին առնչվող ծրագրերի մշակման գործընթացում։
«Մենք ևս պետք է դիվերսիֆիկացնենք ֆինանսական հոսքերը, ավելացնենք գիտական անձնակազմը, պետք է մեծանանք և զարգանանք, իսկ այս առումով «COP17»-ը լավագույն հարթակն է մեր ներուժը մեծացնելու համար»,- ընդգծեց նա։
Գիտության, պետական կառույցների և տարբեր ոլորտների համագործակցության կարևորությունը շեշտեց քննարկման մոդերատոր, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ բնապահպանական և կլիմայական խնդիրները չեն սահմանափակվում միայն մեկ գերատեսչության գործունեությամբ։
«Խորացնելով գիտական կապերը տարբեր մարմինների հետ՝ կունենանք ավելի արդյունավետ համագործակցություն և մարդկանց մեջ կարթնացնենք այն գիտակցությունը, որ այս հարցերը միայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը չեն առնչվում»,- ասաց նա։
Գիտության համակարգում առկա ինստիտուցիոնալ խնդիրներին անդրադարձավ նաև ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդը և կենսոլորտը» (MAB) ծրագրի ազգային կոնտակտային անձ Լիլիթ Սահակյանը։ Նա նշեց, որ պետական կարիքների սպասարկման գործում գիտնականների ներգրավվածությունը հաճախ սահմանափակվում է համակարգային խնդիրների պատճառով։
«Մենք ունենք ինստիտուցիոնալ շատ խնդիրներ, որոնք մասամբ լուծում ենք նպատակային ծրագրերով։ Էկոնոմիկայի նախարարության հետ գործակցությամբ ունենք տարբեր ծրագրեր, աշխատում ենք Ներքին գործերի նախարարության հետ, փորձում ենք լրացնել առկա բացերը, սակայն դրանք չեն բերում ցանկալի վերջնարդյունքին, քանի որ հաճախ մենք իրար չենք փոխանցում համապատասխան տեղեկություն»,- մատնանշեց նա և հույս հայտնեց, որ «COP17»-ը կդառնա հենց այդ թերությունների շտկման, խնդիրների բացահայտման հարթակ։
Պանելային քննարկման ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու բանախոսներին և քննարկելու բարձրացված խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները։
Մասնակիցների համոզմամբ՝ «COP17»-ը Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է ոչ միայն միջազգային բնապահպանական օրակարգում երկրի մասնակցությունն ու դերակատարումն ընդլայնելու, այլև գիտական ներուժը պետական քաղաքականության և կայուն զարգացման գործընթացներում առավել արդյունավետ ներգրավելու տեսանկյունից։
Մանրամասները՝ տեսանյութում։