- Главная
- Node
- ԵՊՀ-ն ոչ միայն կրթական կարևորագույն հասցե, այլև միջմշակութային հաղորդակցության խաչմերուկ. ամերիկացի ուսանողները ԵՊՀ-ում
Июля 22, 2026 | 09:45
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
ԵՊՀ-ն ոչ միայն կրթական կարևորագույն հասցե, այլև միջմշակութային հաղորդակցության խաչմերուկ. ամերիկացի ուսանողները ԵՊՀ-ում
ԵՊՀ-ի և Ամերիկյան խորհուրդների համագործակցությամբ իրականացվող «Ռուսաց լեզվի և տարածաշրջանային ուսումնասիրություններ» ծրագրի շրջանակում ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը երկու ամսով հյուրընկալել է ամերիկացի ուսանողների, որոնք եկել են Հայաստան՝ խորացնելու իրենց լեզվական և մշակութային գիտելիքները։
Մեզ հետ զրույցում օտարերկրյա ուսանողները պատմեցին համալսարանից ստացած իրենց տպավորությունների, Հայաստանի հանդեպ հետաքրքրության և ապագայի ծրագրերի մասին։
«Օտարերկրյա ուսանողները հիանալիորեն ինտեգրվում են ԵՊՀ-ին». Պատրիկ Ֆոլի
Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի ուսանող Պատրիկ Ֆոլին, որը հայրենիքում ուսումնասիրում է «Ֆինանսներ» և «Ռուսերեն», ԵՊՀ-ն պատահականորեն չի ընտրել:
«Ես ընտրեցի ԵՊՀ-ն իր ունեցած հեղինակության համար, ինչպես նաև այն պատճառով, որ այստեղ օտարերկրյա ուսանողները բավականին հեշտ են ինտեգրվում քաղաքին ու ուսանողական համակազմին»,- նշում է Պատրիկը։
Ռուս բանասիրության ֆակուլտետում «Ռուսաց լեզու և մշակույթ» ուղղությամբ մասնագիտանալուն զուգահեռ՝ նա հաճախել է նաև հայոց լեզվի դասընթացների։ Անդրադառնալով ռուսերենի կարևորությանը՝ Պատրիկն ընդգծում է, որ չնայած աշխարհում դրա ազդեցության նվազմանը՝ այն շարունակում է մնալ կարևոր լեզու՝ հաշվի առնելով ընթացիկ իրադարձություններն ու այդ լեզվով խոսողների մեծ թիվը։
Նա բարձր է գնահատում ԵՊՀ դասախոսական կազմի աշխատանքը. «Դասախոսները հիանալի աշխատանք են կատարում, նրանք իսկապես խրախուսող և աջակցող են»։
Պատրիկը ԵՊՀ կրթական ծրագրերի, դասավանդման մեթոդների, միջավայրի, դասախոսների և ուսանողների վերաբերմունքի մասին իր գոհունակությունն ընդմիջում է հումորով՝ ժպիտով հիշելով համալսարանի լսարանների նստարանները. «Ես կփոխեի միայն նստարանները. դրանք այնքան էլ հարմարավետ չեն»։
Առաջին անգամ Հայաստանում գտնվող ամերիկացի ուսանողին հասցրել է ապշեցնել տեղի մթնոլորտը. «Պարզապես հիացած եմ մարդկանց հյուրընկալությամբ և բարյացակամությամբ»։
«Երբ անգամ նախկին ԽՍՀՄ երկրներն են հեռանում ռուսերենից, այն այնուամենայնիվ մնում է կենսական լեզու». Ջուլիան Գորն
Օհայոյի Օբերլին քոլեջի ուսանող Ջուլիան Գորնը, որը մասնագիտանում է «Ռուսաց լեզու և պատմություն» ուղղությամբ, ԵՊՀ-ն ընտրել է Ամերիկյան խորհուրդների երաշխավորությամբ. «Ես ընտրեցի ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի ամենահին և կարևորագույն համալսարաններից մեկը, քանի որ վստահում եմ Ամերիկյան խորհուրդների գնահատականին»:
Նրա ուսումնական ծրագիրը բավականին հագեցած է՝ «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզվի քերականություն», «Ռուս գրականություն», «Հայոց պատմություն և մշակույթ», «Ռուսերենի հնչյունաբանություն» և «Հայերեն»։ Բացի հայերենից՝ բոլոր առարկաները դասավանդվում են ռուսերենով։
Ջուլիանը ևս կարևորում է ռուսաց լեզվի դերը. «Այն շարունակում է մնալ կենսական լեզու, երբ անգամ նախկին ԽՍՀՄ երկրները հեռանում են ռուսերենից՝ հաշվի առնելով արտաքին հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև այն փաստը, որ ռուսերենով աշխարհում դեռևս խոսում է ավելի քան 200 միլիոն մարդ»։
ԵՊՀ-ի դասավանդման մեթոդները Ջուլիանին գոհացնում են, թեև նկատում է տարբերություն, երբ համեմատում է իրենց համալսարանի հետ. «Մանկավարժությունը տարբերվում է, սակայն տարբերվող մոտեցումները տեսնելը, սովորելը ևս կարող են օգտակար լինել»։
Ապագայում ամերիկացի ուսանողն իրեն տեսնում է որպես Արևելյան Եվրոպայի պատմաբան, գրադարանավար կամ քաղաքաշինարար։
Ջուլիանի համար ևս սա առաջին այցն է Հայաստան, և նա նույնպես տպավորված է տեղի բնակիչների վերաբերմունքից. «Ինձ ամենից շատ տպավորել է այն, թե որքան հյուրընկալ են հայերը»։
Ի տարբերություն իր համակուրսեցու՝ նա ԵՊՀ-ում որևէ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի տեսնում:
«Ոչ մի բան չեմ կարողանում մտաբերել, որ կցանկանայի փոխվեր»,- շեշտում է նա՝ վկայելով այն մասին, որ համալսարանի պայմանները լիովին համապատասխանում են իր ակնկալիքներին։



