ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համագործակցության շրջանակում 2026 թվականի ապրիլի 3-ից մինչև հունիսի 26-ն անցկացվել է «Leapfrog Geo» 3D երկրաբանական մոդելավորման ծրագրի 30-ժամյա վերապատրաստման դասընթացը՝ նախատեսված ՀՀ ՏԿԵՆ ընդերքի վարչության և հանրապետական երկրաբանական ֆոնդի աշխատակիցների համար։
Դասընթացավարն էր Խորեն Հարությունյանը, որը մասնակիցներին ներկայացրել է «Leapfrog Geo» ծրագրի հնարավորությունները, 3D երկրաբանական մոդելավորման ժամանակակից մեթոդները, ինչպես նաև երկրաբանական տվյալների մշակման և վերլուծության գործնական մոտեցումները։ Դասընթացը համատեղել է տեսական գիտելիքներն ու գործնական աշխատանքը՝ նպաստելով մասնակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը։
Դասընթացն ավարտվեց հավաստագրերի հանձնման արարողությամբ, որի ընթացքում ընդգծվեց պետություն-բուհ համագործակցության կարևորությունը մասնագիտական ներուժի զարգացման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման համատեքստում։
ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Ասատուր Վարդանյանը, բարձր գնահատելով նախաձեռնությունը, իր խոսքում կարևորեց այսօրինակ ծրագրերի շարունակականությունը: Նա ընդգծեց, որ համալսարանի և նախարարության միջև ձևավորված համագործակցությունը նշանակալի ներդրում է ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման գործում։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը պատրաստակամություն հայտնեց շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը՝ կյանքի կոչելով կրթական և մասնագիտական զարգացման նոր ծրագրեր։
Դասընթացը կարևոր ներդրում էր ոլորտի մասնագետների շարունակական զարգացման գործում, որը նպաստեց 3D երկրաբանական մոդելավորման ժամանակակից գործիքների արդյունավետ կիրառմանը, լավագույն փորձի տարածմանը և գիտակրթական ու պետական կառույցների միջև համագործակցության հետագա ամրապնդմանը։








