- Главная
- Node
- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցել է «Telders» հեղինակավոր դատախաղ-մրցույթին
Июнь 29, 2026 | 14:52
Կրթություն
Մրցույթներ
Ուսանողական
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցել է «Telders» հեղինակավոր դատախաղ-մրցույթին
Երևանի պետական համալսարանի թիմը մասնակցել է Լայդենի համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպվող միջազգային հեղինակավոր «Telders International Law Moot Court Competition» մրցույթին՝ ամրապնդելով իր դիրքը եվրոպական առաջատար ակադեմիական հարթակներում և ներկայացնելով համալսարանը բարձր մակարդակի միջազգային մրցակցային միջավայրում։
Արդեն երկրորդ տարին է, ինչ ԵՊՀ-ն մասնակցում է միջազգային իրավունքի այս հեղինակավոր դատախաղ-մրցույթին, որը միավորում է Եվրոպայի տարբեր համալսարանների թիմերին։ Մրցույթը բացառիկ հնարավորություն է ընձեռում ուսանողներին զարգացնելու և ցուցադրելու իրենց գիտելիքները միջազգային իրավունքի ոլորտում՝ միաժամանակ փորձարկելով ստեղծագործական մոտեցումը, վերլուծական կարողությունները և փաստաբանական հմտությունները դատախաղի գրավոր և բանավոր փուլերում։
ԵՊՀ թիմում ընդգրկված էին «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» (ICA) մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողներ Էրիկ Մանուկյանը, Լիլիթ Փայտյանը, Սվետլանա Սիմոնյանը և Սիլվա Վարդազարյանը։ Թիմի մարզիչերն էին ծրագրի համահիմնադիրներ Եղիշե Կիրակոսյանը և Քրիստինե Խանազադյանը։
Այս տարվա մրցութային խնդիրը վերաբերում էր Արդարադատության միջազգային դատարանում խորհրդատվական վարույթներին և ընդգրկում էր իրավական բարդ հարցեր՝ կապված միջազգային կազմակերպությունների անձեռնմխելիության, ռասսայական խտրականության արգելքի հետ՝ միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի շրջանակում։
Մրցույթը բաղկացած էր գրավոր և բանավոր փուլերից։ Գրավոր փուլում ԵՊՀ թիմը ներկայացրել է հուշագրեր, որոնք դրական գնահատականի են արժանացել Միջազգային վերանայման խորհրդի (IBOR) անդամների կողմից։ Վերջիններս, ի թիվս այլ դիտարկումների, նշել են. «Ցուցաբերելով վերաբերելի իրավական ակտերի լավ իմացություն՝ թիմը կազմել է որակյալ հուշագիր՝ 1-ին և 3-րդ խնդիրների մասով իրական ուժեղ փաստարկներով։ Դուք հստակ հասկանում եք, թե որոնք են «Gravenwald»-ի լավագույն փաստարկները»։
Մրցույթի բանավոր փուլը տեղի է ունեցել Հաագայում՝ միջազգային իրավունքի քաղաքում։ Թիմի բանավոր ելույթները գնահատվել են միջազգային իրավունքի ոլորտի առաջատար մասնագետների և գիտական համայնքի ներկայացուցիչների կողմից։ Մրցույթի ընթացքում ԵՊՀ թիմը ներկայացրել է իր փաստարկները Էստոնիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության և Իտալիայի համալսարանների թիմերի դեմ կիսաեզրափակիչ խաղերում։ Համալսարանականները նաև հնարավորություն են ունեցել ելույթ ունենալու այս տարվա խնդրի հեղինակի առջև և ստացել են խրախուսական արձագանքներ խաղերում ներգրավված դատավորներից։
ԵՊՀ թիմի մասին նշել են, որ թիմի անդամները Արդարադատության միջազգային դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ շատ լավ գիտելիք ունեն, կարողանում են հստակ հղումներ կատարել գործի փաստերին և վերաբերելի վճիռներին։ Միևնույն ժամանակ, դատավորները ներկայացրել են արժեքավոր առաջարկներ կատարելագործման համար։
Թիմը Հաագայից վերադարձել է արժեքավոր փորձառությամբ, զարգացած փաստաբանական հմտություններով և նորացված մոտիվացիայով՝ կիրառելու ձեռք բերված գիտելիքները և հմտությունները ինչպես հետագա դատախաղ-մրցույթներում, այնպես էլ աշխատանքային պրակտիկայում։