- Главная
- Node
- ԵՊՀ առաջընթացը QS միջազգային վարկանիշային համակարգում
Июль 08, 2026 | 16:00
Գիտություն
Կրթություն
Հասարակություն
ԵՊՀ առաջընթացը QS միջազգային վարկանիշային համակարգում
Փաստերի վրա հիմնված վերլուծություն․ 2024–2027 թթ.
9 / 9 ուղղություններում աճ 2024–2027 թթ. | 75-րդ ԵՊՀ գլոբալ վարկանիշը՝ ըստ զբաղվածության արդյունքի | 601–620 «Ֆիզիկա և աստղագիտություն» ուղղությամբ |
|---|
Ինչո՞ւ է կարևոր QS վարկանիշային համակարգը
2022 թվականից ԵՊՀ-ն միացավ QS միջազգային վարկանիշային համակարգին՝ նպատակ ունենալով ստանալու անկախ, մեթոդաբանորեն հիմնավորված գնահատական համալսարանի բարեփոխումների ընթացքի և արդյունավետության վերաբերյալ, ինտեգրվելու համաշխարհային բուհական համայնքին և ծանոթանալու միջազգային չափանիշներով գնահատման մոտեցումներին՝ դրանք կիրառելով նաև ներքին որակի ապահովման գործընթացներում։
Գնահատման գործընթացը դեռևս սկզբնական փուլում բացահայտեց մի շարք թերություններ (օրինակ՝ առանձին ուղղություններ կարգավորող փաստաթղթերի բացակայություն, տվյալների հավաքագրման գործիքների անհրաժեշտություն), որոնց վերացումը հնարավորություն տվեց ԵՊՀ-ին կատարելու մի շարք կարևոր ներքին բարեփոխումներ։ QS-ի գնահատումը հիմնված է կրթության, գիտության, միջազգայնացման, կայունության և աշխատաշուկայի հետ կապի չափանիշների վրա։
Իրական առաջընթացը թվերով
2023 թվականին QS-ը էականորեն վերանայեց իր գնահատման մեթոդաբանությունը՝ ավելացնելով նոր չափանիշներ (կայունություն, միջազգային հետազոտական ցանցեր, զբաղվածության արդյունք)։ Այդ պատճառով ժամանակագրական լիարժեք համեմատությունը հնարավոր է միայն 2024–2027 թթ. համար։ Նշված ժամանակահատվածում ԵՊՀ-ն գրանցել է կայուն և շոշափելի աճ գրեթե բոլոր ուղղություններով։
Հիմնական արդյունքը • 2024–2027 թթ. համեմատությունը փաստում է առաջընթաց գնահատման բոլոր 9 ուղղություններով։ • 2026–2027 թթ. համեմատության դեպքում աճ է գրանցվել 9-ից 5 ուղղություններում։ • Առավել նշանակալից աճը գրանցվել է զբաղվածության արդյունք (+59,4 միավոր) և կայունություն (+16,2 միավոր) ցուցանիշներում։ |
|---|
Ինչպես երևում է վերոնշյալ գծապատկերից, բոլոր ինը ցուցանիշներում 2027 թվականի միավորը գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը. սա ուղղակի փաստ է համալսարանի իրական և հետևողական առաջընթացի վերաբերյալ՝ անկախ ընդհանուր վարկանիշային դիրքից։
Ցուցանիշային միավորներն ու հորիզոնականները՝ ըստ տարիների
| Ցուցանիշ | 2024 | 2025 | 2026 | 2027 |
|---|---|---|---|---|
| Ակադեմիական հեղինակություն | 7,0 (601+) | 7,0 (601+) | 8,7 (701+) | 8,5 (701+) |
| Գործատուների շրջանում հեղինակություն | 3,0 (601+) | 2,9 (601+) | 6,0 (701+) | 9,2 (701+) |
| Դասախոս-ուսանող հարաբերակցություն | 45,4 (347) | 51,4 (295) | 64,8 (271) | 54,4 (349) |
| Դասախոս-գիտական մեջբերում հարաբերակցություն | 1,4 (701+) | 1,3 (701+) | 1,9 (801+) | 1,8 (801+) |
| Օտարերկրյա դասախոսներ | 5,2 (701+) | 5,1 (701+) | 8,7 (801+) | 7,0 (801+) |
| Օտարերկրյա ուսանողներ | 1,6 (701+) | 1,7 (701+) | 3,0 (801+) | 4,1 (801+) |
| Միջազգային հետազոտական ցանցեր | 1,0 (701+) | 20 (701+) | 21,2 (801+) | 30,2 (801+) |
| Զբաղվածության արդյունք | 35,2 (215) | 87,4 (92) | 90 (106) | 94,6 (75) |
| Կայունություն | 1,0 (701+) | 1,0 (701+) | 13,3 (801+) | 17,2 (801+) |
Ընդհանուր վարկանիշի և միավորների աճի միջև եղած տարբերության օբյեկտիվ պատճառները
Չնայած գրեթե բոլոր ցուցանիշներով գրանցած միավորների կայուն աճին՝ ԵՊՀ ընդհանուր վարկանիշային դիրքը (հորիզոնականների միջակայքը) տարիների կտրվածքով գծայնորեն չի բարելավվել։ Սա պայմանավորված է օբյեկտիվ և արտաքին երկու գործոններով, որոնք կապված չեն ԵՊՀ փաստացի արդյունավետության հետ.
- Մեթոդաբանության փոփոխություն (2023 թ.). QS-ը փոփոխեց գնահատման կշիռներն ու ավելացրեց նոր չափանիշներ, ինչը վերադասավորեց մասնակից բոլոր բուհերի հարաբերական դիրքերը և դժվարացրեց ուղիղ համեմատությունը մինչև 2024 թ. տվյալների հետ։
- Մասնակից բուհերի կտրուկ աճ. վերջին երկու-երեք տարիների ընթացքում կրկնապատկվել է վարկանիշային համակարգում ընդգրկվելու հայտ ներկայացրած բուհերի թիվը, հատկապես ասիական տարածաշրջանից (Չինաստան, Ինդոնեզիա, Ղազախստան, Ուզբեկստան, Ադրբեջան և այլն)։ Սա մեծացնում է մրցակցությունը յուրաքանչյուր հորիզոնականի համար, նույնիսկ եթե բուհի սեփական միավորը բարձրանում է։
Այլ կերպ ասած՝ ԵՊՀ-ն նախորդ արդյունքների համեմատ գրանցել է տեսանելի առաջընթաց, սակայն գլոբալ մրցակցության կտրուկ ավելացման պայմաններում այդ առաջընթացը լիարժեք չի արտահայտվել ընդհանուր հորիզոնականի բարելավմամբ։ Սա տարածաշրջանում և աշխարհում լայնորեն արձանագրված միտում է բազմաթիվ միջին և բարձր դիրքեր զբաղեցնող համալսարանների համար։
Առաջատար ուղղություններ և նվաճումներ
Երկու ուղղություններում ԵՊՀ առաջընթացը հատկապես նշանակալից է և արժանի առանձնահատուկ ուշադրության.
- Զբաղվածության արդյունք. միավորն աճել է 35,2-ից մինչև 94,6, իսկ աշխարհում զբաղեցրած հորիզոնականը բարելավվել է 215-րդից մինչև 75-րդ տեղ։
- Դասախոս-ուսանող հարաբերակցություն. միավորը հասել է 64,8-ի (2026 թ.), ինչը վկայում է ուսումնական գործընթացի որակի բարձրացման մասին։
Զուգահեռաբար, ԵՊՀ-ն մասնագիտական վարկանիշային աղյուսակում գրանցել է լավագույն արդյունքը «Ֆիզիկա և աստղագիտություն» ուղղությամբ՝ 601-620 հորիզոնականով, իսկ «QS Europe» տարածաշրջանային վարկանիշում զբաղեցնում է 487-րդ հորիզոնականը՝ ամրապնդելով դիրքերը եվրոպական բարձրագույն կրթության համակարգում։
Ուշադրություն պահանջող ուղղություններ
Առավել խոցելի արդյունքները գրանցվել են Օտարերկրյա ուսանողներ և Դասախոս-գիտական մեջբերում հարաբերակցություն ցուցանիշներում, և սրանք ունեն հստակ, օբյեկտիվորեն բացատրելի պատճառներ.
- Օտարերկրյա ուսանողների և դասախոսների ցածր թիվը մեծապես պայմանավորված է եղել նախկինում գործող օրենսդրական սահմանափակումներով, որոնք խաթարել են արտասահմանցի ուսանողների և դասախոսների ներգրավման հնարավորությունները։
- Մեջբերումների ցածր ցուցանիշը գլոբալ միջինի համեմատ արտացոլում է գիտության ֆինանսավորման նախկին և ներկա մակարդակները։ Այնուամենայնիվ, այս ցուցանիշում արձանագրվում է շարունակական դրական դինամիկա (1,4-ից մինչև 1,9), և ակնկալվում է, որ առաջիկա տարիներին այդ աճը ոչ միայն կպահպանվի, այլև կարագանա։
Երկու դեպքում էլ բացասական գործոնները արտաքին են և պայմանավորված են եղել պատմականորեն, մինչդեռ ներկայիս միտումը ցույց է տալիս հետևողական բարելավում, ինչը վկայում է կատարված բարեփոխումների արդյունավետության մասին։
Եզրակացություն
QS միջազգային վարկանիշային համակարգում ԵՊՀ 2024–2027 թթ. ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս հետևողական և բազմակողմանի առաջընթաց գնահատման բոլոր ուղղություններով։ Ընդհանուր վարկանիշային դիրքի կայունությունը պայմանավորված է արտաքին օբյեկտիվ գործոններով՝ մեթոդաբանության վերանայմամբ և գլոբալ մրցակցության կտրուկ աճով, այլ ոչ թե ԵՊՀ փաստացի արդյունավետության նվազմամբ։ Կատարվող բարեփոխումների շարունակականությունը և արդեն իսկ արձանագրված միտումները հիմք են տալիս ակնկալելու հետագա բարելավում առաջիկա գնահատման պարբերաշրջանում։