- Главная
- Node
- Համալսարանական սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվեց պրոֆեսոր Վլադիմիր Ավագիմյանցը
Июля 09, 2026 | 17:00
Գիտություն
Կրթություն
Համալսարանական սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվեց պրոֆեսոր Վլադիմիր Ավագիմյանցը
ԵՊՀ-ում սպորտի զարգացման և առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև համալսարանում 42 տարվա գործունեության համար շնորհակալագրով և ԵՊՀ բրենդային ժամացույցով է պարգևատրվել Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի պրոֆեսոր Վլադիմիր Ավագիմյանցը։
1984 թվականից Վլադիմիր Ավագիմյանցը եղել է ԵՊՀ հրաձգության հավաքական թիմի մարզիչը։ Նա ՀՀ սպորտի վարպետ է և երկար տարիներ իր մասնագիտական գործունեությունը կապել է համալսարանական սպորտի զարգացման հետ։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ Վլադիմիր Ավագիմյանցի գործունեությունը վաղուց դուրս է եկել դասախոսի կամ մարզիչի աշխատանքի շրջանակներից․ նա տարիներ շարունակ նպաստել է համալսարանի մարզական կյանքի կազմակերպմանն ու սպորտի՝ որպես կրթական միջավայրի կարևոր բաղադրիչի ամրապնդմանը։
«Ի տարբերություն սպորտային շատ վարպետների՝ նա կարողացել է առաջընթաց գրանցել մի քանի սպորտային ուղղություններով, լինել միջազգային ասոցիացիաների անդամ և իր մասնագիտական փորձը ծառայեցնել համալսարանին։ Սա այն դեպքն է, երբ երկարամյա և հետևողական աշխատանքը վերածվում է համալսարանական մշակույթի կարևոր մասի»,- նշեց ԵՊՀ ռեկտորը։
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ Վլադիմիր Ավագիմյանցն ընդգծեց, որ համալսարանական տարիներն իր կյանքի կարևորագույն շրջաններից են։ Համալսարանը նրա համար եղել է ոչ միայն աշխատանքի վայր, այլև արժեքների, մարդկային հարաբերությունների և մասնագիտական ձևավորման միջավայր։
«Համալսարանը տարիների ընթացքում փոխում է բոլորիս։ Ինձ համար այն միշտ եղել է կյանքի մի կարևոր մասնիկ, և կարող եմ ասել՝ լավագույններից մեկը։ Այն մեզ տալիս է ոչ միայն գիտելիք, այլև արժեքներ՝ փոխադարձ հարգանք, աջակցություն, մարդկային հարաբերությունների մշակույթ և նոր վերելքներ բացահայտելու հնարավորություն»,- մատնանշեց Վլադիմիր Ավագիմյանցը։
Պրոֆեսոր Ավագիմյանցը շեշտեց, որ տարիների ընթացքում ուսանողների հետ աշխատանքն իր համար եղել է ոչ միայն գիտելիքի փոխանցման, այլև փոխադարձ աճի և նոր սերունդների հետ համընթաց քայլելու հնարավորություն։
«Ամեն տարի համալսարան են գալիս նոր ուսանողներ՝ իրենց յուրօրինակ մտածողությամբ, մոտեցումներով ու նպատակներով։ Նրանք գալիս են գիտելիք ստանալու, մասնագիտական ճանապարհ կառուցելու, ինչպես նաև ֆիզիկական պատրաստվածությունն ու առողջությունը պահպանելու համար։ Նրանց հետ շփումից ես էլ միշտ նոր բան եմ ստացել՝ նոր գաղափարներ, նոր ընկալումներ, նոր դիտանկյուն։ Յուրաքանչյուր սերունդ իր առանձնահատկությունն ունի, բայց բոլորի մեջ տեսել եմ նույն կարևոր ձգտումը՝ համալսարանը տեսնել ուժեղ, կայացած ու առաջատար»,- ասաց նա։
Վլադիմիր Ավագիմյանցն ընդգծեց, որ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտում իր գործունեության առանցքում միշտ եղել է մեկ սկզբունք՝ կրթությանը զուգահեռ՝ ձևավորել առողջ, գիտակից և պատասխանատու քաղաքացի։
«Մեզ համար առաջնային խնդիրը միշտ եղել է բարձրակարգ, առողջ ուսանող ունենալը։ Կարևոր է, որ համալսարանը պետությանը տա ոչ միայն լավ մասնագետ, այլև առողջ, մտածող, պատասխանատու մարդ։ Գիտելիքն ու մասնագիտությունը շատ կարևոր են, բայց դրանց հիմքում պետք է լինի առողջությունը, սեփական կյանքի և երկրի հանդեպ պատասխանատվությունը։ Մենք միշտ փորձել ենք ուսանողներին փոխանցել այդ գիտակցումը»,- հավելեց նա։
Նշենք, որ 2014-2023 թվականներին Վլադիմիր Ավագիմյանցը դարձել է ԿԳՄՍ նախարարության միջբուհական ունիվերսիադայի և ՀՀ ուսանողական մարզական խաղերի հրաձգության մրցաշարերի հաղթող։ 2008 թվականից ի վեր՝ արժանացել է բազմաթիվ մեդալների ու մրցանակների, այդ թվում՝ ԵՊՀ ոսկե մեդալի։


