- Գլխավոր
- Նորություններ
- Գիտելիքից դեպի հմտություն. ԵՊՀ-ում ամփոփվեց ներհամալսարանական փորձնակության ծրագիրը
Հուլիս 09, 2026 | 15:28
Կամավորություն, պրակտիկա և փորձնակություն
Կարիերա
Միջոցառումներ
Գիտելիքից դեպի հմտություն. ԵՊՀ-ում ամփոփվեց ներհամալսարանական փորձնակության ծրագիրը
ԵՊՀ-ում տեղի ունեցավ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված ներհամալսարանական փորձնակության ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ 2026 թ. մարտ-մայիս ամիսներին իրականացված այս նախաձեռնությունը հնարավորություն տվեց ուսանողներին ներգրավվելու համալսարանի վարչական և կրթագիտական ստորաբաժանումների աշխատանքներում:
Ծրագրի նպատակն էր նպաստել ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը, գործընկերային և ներքին ծրագրերում նրանց արդյունավետ և որակյալ մասնակցության ապահովմանը, ինչպես նաև աջակցել ԵՊՀ ստորաբաժանումներին՝ աշխատանքային ծանրաբեռնվածության բաշխման համատեքստում տրամադրելով հավելյալ մարդկային ռեսուրսների ներգրավման հնարավորություն։
Տեսությունից դեպի գործնական աշխատանք. ուսանողների տպավորությունները
Ծրագրի մասնակիցները փաստում են, որ սա մասնագիտական աճի լավ հնարավորություն էր։ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Անի Աբրահամյանը փորձնակություն է անցել ֆակուլտետի գրասենյակում: Նա նշեց, որ զբաղվել է փաստաթղթաշրջանառությամբ. «Սովորեցի հավաքագրել բավական լայն տեղեկություն, վերլուծել ու բաշխել»։
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրանտ Աստղիկ Գաբրիելյանը, որն աշխատել է Միջազգային համագործակցության վարչությունում, կարևորեց ծրագրի դերը ապագա կարիերայի համար։
«Նախկինում կամավոր աշխատանքներ շատ եմ կատարել, բայց միջազգային համագործակցության ոլորտում նման աշխատանքային փորձ չէի ունեցել։ Ծրագրի մասին իմացել եմ համալսարանական էլեկտրոնային նամակների միջոցով։ Շատ ուրախ եմ, որ նման ծրագրեր են կազմակերպվում Երևանի պետական համալսարանում. սա մեծ փորձ է հետագայում մասնագիտական ուղի կերտելու համար»,- ասաց նա:
Ուսանողները ներգրավվել են բովանդակության ստեղծման, միջոցառումների կազմակերպման, թվային հաղորդակցության, կայքէջի կառավարման, դիմումների ընդունման և տարաբնույթ այլ աշխատանքներում: Նրանց խոսքով՝ ձեռք են բերել ոչ միայն մասնագիտական պրակտիկ գիտելիքներ, այլև զարգացրել են փափուկ հմտությունները:
Համալսարանական համայնքի և նոր մշակույթի ձևավորումը
ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը շեշտեց, որ ծրագիրը հիմնված է համալսարանի ներքին մասնագիտական ռեսուրսը հնարավորինս արդյունավետ օգտագործելու գաղափարի վրա։ Կարևորելով «հարմարավետության գոտուց» դուրս գալու անհրաժեշտությունը՝ նա մատնանշեց․ «Զարգացումը դուրս է «հարմարավետության գոտուց»։ Որքան հաճախ ու գիտակցված մենք դուրս գանք այդ գոտուց, այնքան ավելի արագ կզարգանանք ու հետաքրքիր, նոր արդյունքներ կգրանցենք»:
Նրա խոսքով՝ ներհամալսարանական փորձնակության ծրագրի հիմքում ընկած է մի քանի կոնցեպտուալ մոտեցում։ Առաջին՝ համալսարանը՝ որպես գործունեություն ծավալող սուբյեկտ, պետք է կարողանա հնարավորինս արդյունավետ օգտագործել այն մասնագիտական ռեսուրսը, որն ունի: Երկրորդ՝ բուն կրթական ընթացքից դուրս ուսանողին պետք է նաև համալսարանի ներսում հնարավորություններ տրվեն գործնականում իր գիտելիքը կիրառելու համար: Եվ երրորդ՝ անհրաժեշտ է խրախուսել ուսանողների նախաձեռնողականությունը:
Ըստ պրոռեկտորի՝ ծրագրի նպատակը նաև ներհամալսարանական մշակույթի զարգացումն է։ Այս համատեքստում նա ընդգծեց․ «Համալսարանը, բացի գիտակրթական հաստատություն լինելուց, նաև համայնք է, որի անդամ են և՛ դասախոսները, և՛ հետազոտողները, և՛ վարչական աշխատակիցները, և՛ ուսանողները: Այդ համայնքի զարգացումը ենթադրում է նոր ծրագրերի իրագործում և հետևողական աշխատանք»:
Առաջին փուլի արդյունքները և ծրագրի ապագան
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Աստղիկ Մնացականյանը ներկայացրեց ծրագրի արդյունքները և գնահատման մեխանիզմները։
«Ուսանողներն ստացել են հարցաշար, նմանատիպ հարցաշար ստացել են նաև ընդունող ստորաբաժանումները, և դրանց համադրման արդյունքում որոշակի գնահատման սանդղակ է կազմվել»,- մատնանշեց նա:
Ամփոփելով ծրագրի առաջին փուլի հաջողությունները՝ նա նշեց, որ այս փորձնակության արդյունքում երեք ուսանող արդեն ընդունվել է աշխատանքի այն ստորաբաժանումներում, որտեղ անցել է փորձնակությունը։
Աստղիկ Մնացականյանի խոսքով՝ ծրագիրը լինելու է շարունակական:
Անդրադառնալով փորձնակության ծրագրի ժամկետները երկարացնելու վերաբերյալ ուսանողների առաջարկներին՝ կազմակերպիչները նշեցին, որ հնարավոր է սահմանել ավելի ճկուն ժամանակացույց՝ մեկ կիսամյակ կամ նույնիսկ մեկ տարի։
Միջոցառման ավարտին ընտրված փորձնակները ստացան հավաստագրեր և խրախուսվեցին դրամական պարգևներով:



