- Главная
- Node
- Բացառիկ բացահայտումներ արխիվային նորահայտ էջերից. ավանդույթի և նորարարության հետքերով
Июля 31, 2026 | 10:00
Գրադարան
Ենթակառուցվածքներ
Կրթություն
Բացառիկ բացահայտումներ արխիվային նորահայտ էջերից. ավանդույթի և նորարարության հետքերով
Հայաստանի ազգային արխիվում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են նոր փաստաթղթեր, որոնք նոր լույս են սփռում Երևանի պետական համալսարանի գրադարանի մեկդարյա պատմության վրա։ ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը նախաձեռնել է մի բացառիկ աշխատանք, որը նպատակ ունի վեր հանելու ոչ միայն վիճակագրական տվյալներ, թվեր ու փաստեր, այլև գրադարանի մեկդարյա պատմության թաքնված շերտերը՝ մարդկային պատմություններով ու արժեքներով։ Գրադարանի տնօրեն Ավետիք Մեջլումյանի մտահղացմամբ և համալսարանի ղեկավարության աջակցությամբ Հայաստանի ազգային արխիվում կատարված ուսումնասիրությունները նպատակ ունեն վերջնարդյունքում ստեղծելու մշտական գործող ցուցասրահ, որտեղ կներկայացվի գրադարանի անցած ուղին։
Հետազոտական թիմը և արխիվային փնտրտուքների ընթացքը
Արխիվային այս բարդ ու պատասխանատու աշխատանքը հնարավոր չէր լինի առանց թիմային համախմբված ջանքերի։ Հետազոտական խմբում ընդգրկված են ԵՊՀ գրադարանի ընթերցողների ներգրավման և մեջոցառումների բաժնի պետ Աննա Խալաթյանը և նույն բաժնի աշխատակից Նաիրա Վարդապետյանը։ Արխիվային փաստաթղթերի անմիջական ուսումնասիրության և պատճենների հավաքագրման գործընթացում նրանք միասին են այցելում արխիվ, մանրակրկիտ քննում պետական պահոցներում առկա գործերը՝ փորձելով գտնել գրադարանի մեկդարյա պատմության այն «փազլները», որոնք շուտով կամբողջացնեն նորաստեղծ ցուցասրահի պատմական պատկերը։ Աշխատանքները սկսեցին նախապատրաստական փուլից՝ ներգրավելով նաև փորձնակներին։
«Մեր փորձնակները հարցազրույցներ անցկացրին գրադարանի երկարամյա աշխատակիցների հետ․ նրանցից Մարիա Առաքելյանը մեզ տրամադրեց շատ արժեքավոր նյութեր, լուսանկարներ և հիշողություններ։ Հարցազրույց ունեցանք նաև երկարամյա, արդեն թոշակի անցած աշխատակից Մարի Ղալեջյանի հետ, որը ևս հետաքրքիր տեղեկություններ փոխանցեց։ Սակայն հասկացանք, որ միայն հիշողություններով հնարավոր չէ ամբողջացնել գրադարանի պատմությունը։ Անհրաժեշտ էին նաև պաշտոնական փաստաթղթեր»,- պատմում է գրադարանի երկարամյա աշխատակից Նաիրա Վարդապետյանը և հավելում, որ ցանկանում են ներկայացնել գրադարանի անցած ուղին՝ սկզբնավորումից մինչև մեր օրերը, ցույց տալ այն մարդկանց աշխատանքը, որոնք տարիների ընթացքում իրենց ներդրումն են ունեցել գրադարանի զարգացման գործում։
Մասնագիտական խորհուրդներով հետազոտական խմբին Հայաստանի ազգային արխիվ ուղղորդել է ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի տնօրեն Տաթևիկ Սարոյանը՝ մատնանշելով կոնկրետ այն ֆոնդերը, որտեղ կարող էին պահպանված լինել համալսարանին և գրադարանին վերաբերող արժեքավոր վկայությունները։
Համալսարանի հանդեպ ակնածանքը՝ նաև արխիվային փաստաթղթերում
Արխիվային այս բացահայտումների առանցքում մարդն է և նրա վերաբերմունքը գիտելիքի ու գրքի հանդեպ։ Ինչպես նշում է մեր զրուցակից Նաիրա Վարդապետյանը, «յուրաքանչյուր փաստաթուղթ մեզ վերադարձնում է գրադարանի պատմության մի էջ»։ Նրա համար այս աշխատանքը պարզապես փաստաթղթեր հավաքել չէ, այլ գրադարանի հիշողությունը պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու պատասխանատու առաքելություն։
«Այս աշխատանքը պարզապես փաստաթղթեր հավաքել չէ։ Սա գրադարանի հիշողությունը պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու ձգտում է։ Աննկարագրելի են զգացողություններս, երբ հետազոտության ընթացքում ամեն անգամ ձեռքումս հայտնվում է պատմական բացառիկ ու եզակի մի փաստաթուղթ։ Ես ինձ երջանիկ կզգամ, եթե կարողանամ իմ աշխատանքով համալսարանի համար մի մնայուն ներդրում ունենալ։ Համալսարանի հանդեպ իմ ակնածանքը պարտավորեցնում է ինձ իմ աշխատանքին վերաբերվելու որպես առաքելության: Արխիվային փաստաթղթերից էլ են երևում, որ համալսարանի հանդեպ առանձնակի նվիրում, հարգանք ու հոգատարություն էին տածում նաև այն ժամանակաշրջանի աշխատակիցները»,- ասում է ԵՊՀ գրադարանում 27 տարվա աշխատանքային փորձառություն ունեցող Նաիրա Վարդապետյանը՝ առանձնակի ջերմությամբ ու սիրով խոսելով համալսարանի հանդեպ տածած ակնածանքի մասին և անկեղծանալով, որ նույնիսկ գրադարանի աստիճաններով բարձրանալն իր համար մեծ պատիվ է։
Նորահայտ էջերը․ 1927 թ. զեկուցագիրը, «գրքի զգացմունքը» և «պեդանտիզմը»
Հետազոտական խմբի արխիվային ամենաուշագրավ բացահայտումներից մեկը 1927 թ. ԵՊՀ վարչության պատրաստած զեկուցագիրն է, որը հիմք է հանդիսացել գրադարանի կանոնադրության ընդունման համար։ Այս փաստաթուղթը բացահայտում է այն խիստ արժեքները, որոնցով առաջնորդվել են գրադարանավարները մեկ դար առաջ։
«Կենդանի օրգանիզմ» ընդդեմ «գերեզմանատան»․ զեկուցագրում նշվում է, որ «պեդանտիզմի հասնող ճշտապահությունը» աշխատանքի հիմնասյունն է, այլապես գրադարանը «կենդանի որգանիզմից» կվերածվի «գրքերի գերեզմանատան» (մեջբերումներում պահպանված է բնօրինակ փաստաթղթի ուղղագրությունը):
Աշխատակցի հատկությունները․ բացի ընդհանուր զարգացվածությունից՝ կարևորվում էր «գրքի զգացմունքը»՝ մի հատկություն, որը, ըստ փաստաթղթի, հնարավոր չէ բացատրել։
Անվտանգության «ֆորտոչկան»․ ժամանակի անհարմարությունների պատճառով առաջարկվում էր ուսանողների մուտքն արգելել գրապահոց և գրքերի հանձնումն ու ընդունումը կատարել հատուկ «ֆորտոչկայի» (պատուհանիկի) միջոցով՝ գրքերի կորուստը կանխելու համար։
Մեկդարյա ուղերձների արդիականությունը
Նաիրա Վարդապետյանը, մեկ դար առաջ որդեգրած սկզբունքները դիտարկելով արդիականացված գրադարանի համատեքստում, փաստում է, որ այդ արժեքները ներկայիս գրադարանի համար էլ արդիական ուղերձներ ունեն։ Թեև 1990-ականներից սկսված համակարգչայնացումը և գրքերի «չիպավորումը» հեշտացրել են աշխատանքը, գրադարանավարի մասնագիտական դերը շարունակում է մնալ կարևոր։ Նրա մասնագիտական բարձր պատրաստվածությունը, գրքի հանդեպ սրտացավությունը և «գրքի զգացմունքը» ժամանակակից աշխարհում էլ կարևոր են գրադարանի կենսունակությունը պահպանելու համար։ Անվտանգության «ֆորտոչկան» այսօր փոխարինված է անվտանգության համակարգով, որը լիարժեքորեն կանխում է գրքերի կորուստը։ Իսկ փայտե քարտարաններին փոխարինելու են եկել ժամանակակից թվայնացման համակարգերը։ Այս ամենով հանդերձ՝ մարդկային գործոնն ու վերաբերմունքը շարունակում են մնալ առանցքային՝ գրադարանները որպես «կենդանի օրգանիզմ» պահելու համար։ ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանն այսօր ոչ միայն գրքեր վերցնելու և ընթերցելու վայր է, այլ նաև մշակութային, կրթագիտական, նորարարական նախաձեռնությունների յուրահատուկ հարթակ։ Իսկ «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հիմնանորոգված ԵՊՀ գրադարանի առաջին հարկը նորարարական և ոգեշնչող միջավայրով համալսարանականների ամենասիրելի վայրերից է։
Արժեքների ժառանգականություն․ բարերարների ավանդը
Արխիվային փաստաթղթերում բացահայտվել է ևս մեկ ուշագրավ երևույթ․ հետաքրքիր է, որ վաղ շրջանի փաստաթղթերում «գրադարան» բառի փոխարեն հաճախ օգտագործվել է «Մատենադարան» անվանումը, ինչը վկայում է գրքի հանդեպ ակնածանքը։ Թե ինչպես է այդ անվանումը հետագայում փոխվել, դեռևս ուսումնասիրության փուլում է։
Հիմնադրվելով 1920 թ.՝ գրադարանի ժամանակավոր կառավարիչ Հակոբ Մանանդյանի, ապա նաև Գաբրիել Ռոտինյանի ջանքերով ներգրավվել են նվիրատուներ և ժամանակի համար բավականին շոշափելի համալրումներով հարստացրել գրքային ֆոնդը։ Գրադարանը միշտ եղել է բարերարության և գրքերի նվիրատվության կենտրոն, սա փաստում են նաև նորահայտ էջերը՝ նվիրատուների նոր անուններով՝ Գամբարովներ, Եվանգուլովներ։ Հակոբ Մանանդյանի նախաձեռնություններից մինչև արխիվային փաստաթղթերում հիշատակվող Գամբարովների և Եվանգուլովների ընտանիքներ՝ նվիրատվությունները նպաստել են գրադարանում բազմալեզու գրքային ֆոնդ ունենալուն, որը 1920-ականներին կազմում էր շուրջ 25 000 միավոր։
Պետական և անհատ նվիրատուների շնորհիվ գրքային ֆոնդը տարեցտարի աճում է։ Այս թիվը 1970-ականներին հասնում է շուրջ մեկ միլիոն 100 հազարի։ Գրադարանային նվիրատվությունը մեկդարյա ավանդույթ և արժեք է, որը պահպանվել և հասել է նաև մեր օրեր, որտեղ առանցքային է բարերար Տիգրան Իզմիրլյանի նվիրատվությունը, որի շնորհիվ գրադարանը տեխնիկապես վերազինվեց և 1997 թ․ անվանակոչվեց բարերարի ծնողների՝ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվամբ։ Իսկ գրքային հարուստ, բազմալեզու և բացառիկ գրականությամբ համալրված ֆոնդը ներկայում կազմում է շուրջ 1,5 միլիոն միավոր (տե՛ս ինֆոգրաֆիկա 1)։
Ավանդույթին հավատարիմ՝ դեպի նորարարություն
Հավատարիմ մնալով արխիվային էջերում թաքնված «գրքի զգացմունքին» և մեկդարյա ավանդույթներին՝ ԵՊՀ գրադարանը շարունակում է զարգանալ որպես ժամանակակից գրադարանային, գիտակրթական կենտրոն՝ ավանդույթին զուգահեռելով նորարարությունը։
Իսկ արխիվային ուսումնասիրությունները և նոր բացահայտումները կշարունակվեն առաջիկայում ևս՝ գրադարանի՝ ավելի քան մեկդարյա պատմության մասին վկայող ուշագրավ ցուցասրահ ունենալու իրողությունը ընթերցասեր հանրույթին ներկայացնելու համար։