- Գլխավոր
- Նորություններ
- Գիրք նվիրելու օրը ԵՊՀ-ում նշանավորվեց գրադարանի վերաբացմամբ
Փետրվար 19, 2026 | 16:45
Գրադարան
Ենթակառուցվածքներ
Կրթություն
Գիրք նվիրելու օրը ԵՊՀ-ում նշանավորվեց գրադարանի վերաբացմամբ
«Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերաբացվեց ԵՊՀ գրադարանի առաջին հարկը՝ ամբողջովին վերափոխված, ժամանակակից լուծումներով և գործառութային նոր տրամաբանությամբ։ Հիմնանորոգման շրջանակում ամբողջությամբ բարելավվել են ենթակառուցվածքները. վերակառուցվել է առաջին հարկի նախասրահը, արդիականացվել լուսավորության համակարգը, տեղադրվել ժամանակակից ապակեպատ տանիք։ Արդյունքում ձևավորվել է նորարարական և ոգեշնչող միջավայր՝ նախատեսված բոլոր համալսարանականների համար։
Միջոցառումը մեկնարկեց «YSU Band»-ի երաժշտական կատարումներով, ապա տեղի ունեցավ ԵՊՀ գրադարանի առաջին հարկի վերաբացման հանդիսավոր արարողությունը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ այս նախաձեռնությունը երկար տարիների ընթացքում ձևավորված գաղափարի իրագործումն է՝ միտված համալսարանի ուսումնական և հետազոտական միջավայրի արդիականացմանը։ Նա բարձր գնահատեց ծրագրի ձևավորման և իրականացման ողջ ընթացքին մասնակցած բոլոր գործընկերների ու պատասխանատուների աշխատանքը՝ ընդգծելով նրանց հետևողական և համատեղ ջանքերի կարևորությունը։ Առանձնահատուկ երախտագիտությամբ ռեկտորը նշեց «Իզմիրլյան» հիմնադրամի աջակցությունը, որի շնորհիվ հնարավոր է դարձել շինարարական աշխատանքների իրականացումն ու նոր միջավայրի ստեղծումը։ Նա մատնանշեց նաև, որ սրահը կրում է ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանի անունը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Իզմիրլյանի ներդրումն ու հետևողական աջակցությունը կրթության և գիտության զարգացման գործում։
Հովհաննես Հովհաննիսյանը շեշտեց, որ նորաստեղծ գրադարանը դառնալու է գիտելիքի ստեղծման ու փոխանցման, նորարարական գաղափարների ձևավորման հարթակ՝ նպաստելով ուսանողների, երիտասարդ հետազոտողների և գիտնականների ստեղծարար ներուժի լիարժեք բացահայտմանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով օրվա խորհրդանշականությունը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրը, նշեց, որ գրադարանի վերաբացումը պարզապես ենթակառուցվածքային փոփոխություն չէ։
Նրա խոսքով՝ նոր միջավայրը հնարավորություններ է ստեղծում սովորելու, քննարկելու, համագործակցելու համար․ կրթությունը միայն գիտելիքի փոխանցում չէ, այլ միջավայրի ստեղծում, որտեղ ծնվում են գաղափարներ և ձևավորվում մարդկային կապեր։ Նախարարը հույս հայտնեց, որ գրադարանի վերաբացումը կդառնա համալսարանում կրթության նոր որակի հիմքերից մեկը՝ մտածողության փոփոխության նշան։
Ժաննա Անդրեասյանը կարևորեց նաև գրադարանի՝ որպես հանրային տարածք գործելու հեռանկարը՝ նշելով, որ այն, լինելով բուհի կարևոր մաս, կարող է ունենալ աշխատանքային ինքնուրույն ռեժիմ և դառնալ բաց հարթակ ոչ միայն ուսանողների, այլև լայն հանրության համար։ Նա անդրադարձավ նաև համալսարանի՝ վերջին շրջանի ակտիվ զարգացմանը՝ նոր ենթակառուցվածքների, գիտակրթական նախաձեռնությունների և միջազգային մրցունակության բարձրացման համատեքստում՝ ընդգծելով, որ այս գործընթացները նպաստելու են նաև բուհի միջազգային գրավչության աճին։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն անդրադարձավ Գիրք նվիրելու օրվա խորհրդին՝ շեշտելով, որ նման նախաձեռնության իրականացումը հատկապես խորհրդանշական է հենց գրքի արժևորմանը նվիրված տոնի շրջանակում։
Նախարարը նշեց, որ թեև ՀՀ Կառավարությունը զգալի ներդրումներ է կատարում տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ, տեխնոլոգիական առաջընթացը չի կարող փոխարինել գիրք կարդալու մշակույթին։ Ըստ նրա՝ որքան էլ թվային լուծումները հեշտացնեն մարդու կյանքը, արագացնեն հաղորդակցությունն ու որոշումների կայացումը, գրքի ընթերցումը մնում է ինքնաճանաչման անփոխարինելի միջոց։
Մխիթար Հայրապետյանը կարևորեց նորաստեղծ միջավայրի նշանակությունը՝ վստահություն հայտնելով, որ ժամանակի ընթացքում այն կհամախմբի ավելի լայն հանրույթի, քանի որ համալսարանի գրադարաններն ու ընթերցասրահները բաց են լինելու բոլորի համար։
«Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը ասաց, որ հիմնադրամը 1995 թվականից համագործակցում է համալսարանի հետ, սակայն վերջին տարիներին այդ համագործակցությունն ունի տրանսֆորմացիոն բնույթ։ Նա շեշտեց, որ խոսքը ոչ միայն ենթակառուցվածքի, այլև կրթական միջավայրի որակական փոփոխության մասին է։
Արմեն Չոբանյանն ընդգծեց, որ գրադարանը պետք է դիտարկել ոչ միայն որպես գիրք կարդալու վայր, այլև որպես շփման, համատեղ մտածելու և գաղափարների ձևավորման տարածք, հատկապես՝ թվային աշխարհում մարդկային կապերի պահպանման տեսանկյունից։ Նա տեղեկացրեց նաև, որ հիմնադրամը շարունակելու է կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում իր նախաձեռնությունները՝ Ջորջթաունի համալսարանի հետ արդեն մեկնարկած համագործակցությամբ։
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն Ավետիք Մեջլումյանը մատնանշեց, որ դեռ հուշագրի ստորագրման պահին դժվար էր պատկերացնել վերջնական արդյունքը, սակայն այսօր ձևավորված միջավայրը գերազանցել է բոլոր սպասումները։
Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ գրադարանը կազմակերպել էր գրքահավաք, որի արդյունքում ավելի քան 20 նվիրատուներից հավաքագրվել է շուրջ 1000 գիրք։ Գրքերի մի մասը կմնա համալսարանում, մյուսը կտրամադրվի համայնքային գրադարաններին և գործընկեր բուհերին։
Վերջին շրջանում գրադարանը ձևավորվում է նաև որպես ոչ ֆորմալ կրթության և ստեղծարար նախաձեռնությունների հարթակ։ Այս մասին են վկայում ԵՊՀ պրոֆեսոր, հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանի անցկացրած «Հեղինակային ֆոլկլորից ֆենթեզի» աշխատարանները, որոնք նպատակ ունեին ցույց տալու, թե ինչպես կարող է ավանդական ֆոլկլորը դառնալ ժամանակակից հեղինակային ստեղծագործության հիմք։ Նախաձեռնությունը կարևոր քայլ է նաև Հայաստանում ֆենթեզի ժանրի զարգացման տեսանկյունից։ Նշենք, որ Ալվարդ Ջիվանյանը ևս իր նվիրատվությամբ համալրեց գրադարանի ֆոնդը։
Գրադարանի ծրագրերից է նաև ընթերցանության մրցույթը՝ «Դի-Վի-Վի-Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։ Մրցույթի մասնակիցներից մեկը՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող Ասիան, իր պատրաստած տեսանյութերի և նվիրատվության միջոցով ևս մասնակցեց գրքային ֆոնդի համալրմանը։
Տոնական օրը շարունակվեց հարցախույզ-մրցույթով, որի հաղթողները նվեր ստացան գրքեր։ Միջոցառումն ամփոփվեց ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում «Ծառա Սիմոնը» թատերական ներկայացմամբ։
Հիշեցնենք, որ ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի առաջին հարկի վերաբացման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԿԳՄՍՆ ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը, «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, բուհի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, վարչական համակազմի աշխատակիցներ, դասախոսներ և ուսանողներ։
Տեղեկացնենք նաև, որ ԵՊՀ գրադարանի առաջին հարկի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են «Իզմիրլյան» հիմնադրամի աջակցությամբ։ Նախագծման ֆինանսավորումն ապահովել է Գերմանիայի հայ գործարարների միությունը։ Սրահի կահավորումն ու անհրաժեշտ գույքի ձեռքբերումը կատարվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և Երևանի պետական համալսարանի միջոցներով։


























