- Главная
- Node
- Հայագիտությունը Սոֆիայում. ԵՊՀ գիտնականները՝ միջազգային գիտական երկխոսության հարթակում
Августа 10, 2026 | 12:12
Գիտություն
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
Հայագիտությունը Սոֆիայում. ԵՊՀ գիտնականները՝ միջազգային գիտական երկխոսության հարթակում
Հայագիտությունը միայն Հայաստանի սահմաններում զարգացող գիտական ուղղություն չէ։ Այն շարունակում է համախմբել տարբեր երկրների հետազոտողներին, ստեղծել համագործակցության նոր հարթակներ և նպաստել հայոց լեզվի, մշակույթի և պատմության ուսումնասիրությանը նաև արտերկրի ակադեմիական կենտրոններում։ Այս նպատակին էր ծառայում Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկու անվան համալսարանում (Բուլղարիա) անցկացված «Հայաստան՝ դարերի և աշխարհների խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցել են նաև ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ներկայացուցիչները:
Սոֆիայի համալսարանի դասական և նոր բանասիրության ֆակուլտետում գործող «Հայագիտություն և կովկասագիտություն» կրթական ծրագրի հիմնադրման 30-ամյակին նվիրված այս գիտաժողովին մասնակցել են ավելի քան 100 գիտնականներ, հետազոտողներ, ասպիրանտներ և ուսանողներ Հայաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ավստրիայից, Հունգարիայից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից՝ ներկայացնելով ավելի քան 90 գիտական զեկուցում։
Հայագիտական կենտրոն, որտեղ շարունակում է հնչել հայերեն խոսքը
Գիտաժողովի կարևոր առանձնահատկություններից մեկը բազմալեզու ձևաչափն էր․ զեկուցումները ներկայացվում էին հայերենով, անգլերենով, բուլղարերենով և ռուսերենով։ Սակայն կազմակերպիչների համար սկզբունքային էր, որ գիտաժողովի ընթացքում հնարավորինս հաճախ հնչի նաև հայերենը։
Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Սոֆիայի համալսարանի հայագիտության բաժնի ուսանողների մեծ մասը բուլղարացիներ են, որոնք զրոյից հայերեն են սովորում համալսարանում։ Նման գիտաժողովները նրանց հնարավորություն են տալիս ոչ միայն լսելու հայերեն խոսք, այլև անմիջականորեն շփվելու Հայաստանի առաջատար մասնագետների հետ, ծանոթանալու ժամանակակից հայագիտական հետազոտություններին և ընդլայնելու մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը։
«Հայաստանից դուրս գործող հայագիտական կենտրոնում գտնվելը բոլորովին այլ փորձառություն է։ Դա հնարավորություն է ոչ միայն ներկայացնելու մեր հետազոտությունները, այլև տեղում տեսնելու, թե ինչ նվիրումով են այլ երկրներում պահպանում ու զարգացնում հայագիտությունը։ Այսօրինակ հանդիպումները նաև նոր համագործակցությունների սկիզբ են դառնում»,- նշեց ԵՊՀ դոցենտ Նվարդ Վարդանյանը։
ԵՊՀ-ն՝ միջազգային գիտական երկխոսության ակտիվ մասնակից
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետից գիտաժողովին մասնակցել են Հայոց լեզվի և Հայ գրականության ամբիոնների ներկայացուցիչները, որոնք ներկայացրել են հայագիտության տարբեր ոլորտներին վերաբերող հետազոտություններ։
Ակադեմիկոս Հր. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Նվարդ Վարդանյանը հանդես է եկել «Արցախյան ժողովրդական խաղերի բանահյուսական բաղադրիչները» թեմայով զեկուցմամբ։ Նա նաև ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Մարիա Ապրեսյանի հետ համահեղինակությամբ ներկայացրել է «Արցախյան ավանդազրույցների տարբերակային քննություն» թեմայով հետազոտությունը։
Բ․գ․թ․, Հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի դասախոս Մարինե Ղազարյանը ներկայացրել է «Արևելյան տարազի մշակութային ավանդույթը Հակոբ Մնձուրու պատմվածքներում» թեմայով զեկուցումը։
Բ․գ․թ․, Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Արևիկ Քամալյանը հանդես է եկել «Գուշակության ծեսի հետ առնչվող բառային և դարձվածային միավորները հայերենում և բուլղարերենում» թեմայով, իսկ բ․գ․թ․, Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Կարինե Միքայելյանը և ուսանող Արա Հասրաթյանը ներկայացրել են «Լեզուների գործառական բաշխումը հայալեզու սոցհարթակներում (հանրալեզվաբանական տեսանկյուն)» թեմայով հետազոտությունը։
Գիտաժողովից մինչև համագործակցության նոր հնարավորություններ
Մասնակիցների խոսքով՝ գիտաժողովը կարևոր հարթակ դարձավ ոչ միայն գիտական արդյունքների ներկայացման, այլև մասնագիտական նոր կապերի ձևավորման համար։ Հայաստանի և Բուլղարիայի հայագետների միջև ձեռք բերված ծանոթություններն ու քննարկումները կարող են հիմք դառնալ համատեղ հետազոտությունների և ապագա գիտական ծրագրերի։
«Այսօր գիտությունը զարգանում է միջազգային համագործակցության շնորհիվ։ Նման գիտաժողովները հնարավորություն են տալիս ոչ միայն ճանաչելու տարբեր երկրների գիտական դպրոցները, այլև ձևավորելու այնպիսի կապեր, որոնք հետագայում վերածվում են համատեղ նախագծերի ու հետազոտությունների»,- ընդգծեց Նվարդ Վարդանյանը։
Հայագիտությունը պահպանող նվիրյալները
Գիտաժողովի մասնակիցների վրա առանձնահատուկ տպավորություն է թողել Սոֆիայի համալսարանի հայագիտության կենտրոնի աշխատակազմի նվիրվածությունը։ Նրանց ջանքերով արդեն երեք տասնամյակ շարունակվում է հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի դասավանդումն ու ուսումնասիրությունը։
«Չնայած աշխատակիցների փոքր թվին՝ գիտաժողովը կազմակերպված էր բացառիկ բարձր մակարդակով։ Ամենից շատ մեզ հուզեց այն ոգևորությունը, որով նրանք ընդունեցին Հայաստանից ժամանած մասնակիցներին։ Նրանց համար մեր ներկայությունը պարզապես մասնակցություն չէր, այլ վստահություն, որ իրենց հայագիտական կենտրոնը շարունակելու է զարգանալ Հայաստանի մասնագիտական աջակցությամբ»,- ասաց Արևիկ Քամալյանը։
Գիտաժողովն ավարտվել է մշակութային միջոցառումներով, որոնք կազմակերպվել էին Սոֆիայի հայկական տանը՝ համախմբելով Հայաստանից ժամանած գիտնականներին, բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներին և հայագիտությամբ հետաքրքրված ուսանողներին։
