Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի (ՏԿՖ) գիտական խորհրդի 2026-2027 ուսումնական տարվա անդրանիկ (թիվ 1) նիստը, որի ընթացքում քննարկվեցին և հաստատվեցին օրակարգային մի շարք հարցեր։
Գիտական խորհրդի նախագահ, դեկան Կ. Խաչատրյանը ողջունեց խորհրդի անդամներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և արգասաբեր աշխատանք։ Նա ընդգծեց, որ համատեղ ջանքերի շնորհիվ կիրականացվեն ինչպես նախորդ ուսումնական տարում պլանավորված, այնպես էլ նոր նախաձեռնությունները։
Նիստի առաջին հարցի քննարկման արդյունքում ատեստավորվեցին ֆակուլտետի ինը հայցորդ և հեռակա ուսուցման համակարգի չորս ասպիրանտ։ Կառավարման և գործարարության ամբիոնից ատեստավորվեցին հինգ հայցորդ և հեռակա ուսուցման համակարգի երեք ասպիրանտ, Ֆինանսահաշվային ամբիոնից՝ երկու հայցորդ, իսկ Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնից՝ երկու հայցորդ և հեռակա ուսուցման համակարգի մեկ ասպիրանտ։
Գիտխորհուրդը հաստատեց նաև Կառավարման և գործարարության ամբիոնի առկա ուսուցման համակարգի նոր ընդունված երկու ասպիրանտների թեկնածուական ատենախոսությունների թեմաների և գիտական ղեկավարների վերաբերյալ հարցը։
«Անվանական կրթաթոշակներ նշանակելու կարգի» պահանջներին համապատասխան՝ 2026-2027 ուսումնական տարվա առաջին կիսամյակում անվանական կրթաթոշակներ ստանալու համար երաշխավորվեցին ֆակուլտետի չորս ուսանողներ։
Նիստում ներկայացվեցին նաև «Բիբլոս Բանկ Արմենիայի» հետ համագործակցության շրջանակում 2026-2027 ուսումնական տարվա համար կրթաթոշակի արժանացած ֆակուլտետի լավագույն ուսանողների անունները։
Օրակարգի հաջորդ հարցի շրջանակում, համաձայն «Պրոֆեսորադասախոսական կազմի օգնական ներգրավելու կարգի» պահանջների, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի 10 աշխատակցի կցվեցին պրոֆեսորի օգնականներ։ Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնից կցվեց մեկ, Կառավարման և գործարարության ամբիոնից՝ ութ, իսկ Ֆինանսահաշվային ամբիոնից՝ մեկ պրոֆեսորի օգնական։
Նիստի վերջին հարցը վերաբերում էր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի արտալսարանային գործունեության գնահատման կարգի նոր խմբագրված տարբերակի հաստատմանը։ Դեկան Կ. Խաչատրյանը նշեց, որ կարգն ընդունվել է 2023-2024 ուսումնական տարվա գիտական խորհրդի թիվ 2 նիստում, իսկ յուրաքանչյուր ուսումնական տարի այն վերանայվում և կատարելագործվում է՝ կիրառման ընթացքում արձանագրված անհրաժեշտություններին համապատասխան։
Նոր խմբագրված կարգը գիտական խորհուրդը հաստատեց միաձայն։




