Май 22, 2025 | 11:44
Образование
Исследовательская работа
Студенческий
«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ անցկացվեց «Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը, որը նպատակ ուներ զարգացնելու ուսանողների՝ գիտական աշխատանքներ կատարելու հմտությունները, ինչպես նաև ուղենշելու կատարված հետազոտությունները հայաստանյան և միջազգային գիտաժողովներին լավագույնս ներկայացնելու առանձնահատկությունները։

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ծրագրին մասնակցելու հնարավորություն տրվեց ՀՀ բոլոր բուհերի և գիտահետազոտական այլ հաստատությունների ուսանողների, ասպիրանտների, գիտությամբ հետաքրքրված երիտասարդների: Ավելի քան 170 հայտատուներից ծրագրին մասնակցեցին 100-ը, այդ թվում՝ և՛ հումանիտար-հասարակագիտական, և՛ բնագիտամաթեմատիկական ոլորտների ներկայացուցիչներ։

Ս.թ. մայիսի 12-16-ը տեղի ունեցած ծրագրի շրջանակում բանախոսեցին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոս Մերի Փանոսյանը («Մարտահրավերներ և արժեքային երկընտրանքներ. երիտասարդ հետազոտողը ակադեմիական էթիկայի խաչմերուկում»), պ.գ.թ., դոցենտ Միքայել Մալխասյանը («Ինչպե՞ս կատարել գիտական հետազոտություն. խորագրի ընտրություն»), ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Աննա Կնյազյանը («Ինչպե՞ս գրել գիտական հոդվածի մեթոդաբանություն բաժինը»), Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն, ԵՊՀ ՈՒԽ նախկին նախագահ Խաչիկ Աբաջյանը («Միջազգային կրթական, հետազոտական հնարավորություններ»)։ Ծրագիրն ամփոփող բանախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, պ.գ.թ., դոցենտ Վարուժան Գեղամյանը՝ մասնագիտական դիտանկյունից ներկայացնելով ծրագրի շրջանակում բարձրաձայնված թեմաների կարևորությունը երիտասարդ հետազոտողների աշխատանքներում։
«1947 թվականից ի վեր՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունն իրականացրել և իրականացնում է հոդվածագրությանը, գիտական աշխատանքներ կատարելուն առնչվող ավելի քան 11.000 միջոցառում, այդ թվում՝ դասախոսություններ, սեմինարներ, պանելային քննարկումներ, աշխատաժողովներ: Նմանօրինակ հանդիպումները, գործնականում նվիրված լինելով հոդվածագրության տարբեր հիմնախնդիրների, իրապես նպաստում են ուսանողների շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը և գիտական մտածողության զարգացմանը։ Դրա մասին են փաստում գիտության ոլորտում ՈՒԳԸ երբեմնի անդամների գրանցած հաջողությունները»,- ընդգծեց Ս. Բաղումյանը։
Ծրագրի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր։