Июня 16, 2025 | 13:18
Наука
Образование
Международное сотрудничество
Избегайте легкого пути навязывания обсуждения или образов. Р. Брейер
Недавно вышла книга бельгийского профессора Лёвенского католического университета Роланда Брейера «Ложь-фальсификация-глупость», переведенная доцентом ЕГУ, заведующим лабораторией философии и теории истории Давидом Мосиняном. В беседе с нами автор рассказал о книге и не только...

- Պարո՛ն Բրեյըր, շատ ուրախալի է, որ կարող ենք հայերենով կարդալ Ձեր գիրքը։ Գրքի մասին մեր զրույցը սկսելու համար մի այսպիսի խնդրանք ունեմ։ Գիտեմ, որ լրագրողները հաճախ չափազանց պարզեցնում են ամեն բան, երբեմն այնքան, որ միտքն անճանաչելի է դառնում։ Հետևաբար խնդրում եմ, որ Դուք պարզեցնեք այն և ներկայացնեք գիրքը մեր ընթերցողներին:

- Գիրքը ճշմարտության և ճշմարտության նկատմամբ մեր հետաքրքրության փխրունության մասին է։ Մենք շրջապատված ենք ստով, կեղծիքով, քարոզչությամբ: Ես հետաքրքրվում էի՝ ինչու՞, օրինակ, արևմուտքում ակադեմիան չի փորձում անել հնարավորինս ամեն բան՝ պաշտպանելու համար ճշմարտությունը։ Սա մեկնակետն էր։ Ես փորձեցի բացատրել ստի և կեղծիքի կառուցվածքը։ Ուզում էի նաև հարց տալ՝ ո՞րն է փիլիսոփայության դերն այս հարցում։ Իմ կարծիքով փիլիսոփայությունը շատ զգայուն պիտի լինի ստի նկատմամբ, քանի որ այն մեծ ուժ ունի` կազմաքանդելու սուտը։ Ճշմարտությունն ինքնին ուժ չունի, իսկ սուտն ունի, քանի որ բռնի է։
- Որտեղի՞ց են ճշմարտության այդ անզորությունը և ստի ուժը։
- Ճշմարտությունն ինքն իրեն պնդելու, հաստատվելու համար պետք է հետաքրքիր լինի, ուշադրություն պետք է գրավի։ Այն պետք է արդիական լինի։ Եվ խնդիրն այն է, որ ճշմարտությունը չի կարող օգտագործել նույն գործիքները, ինչ սուտն է օգտագործում, չի կարող ստի միջոցով համոզել։ Սուտը շատ ավելի հեշտությամբ կարող է համոզել մարդկանց։ Ասում են՝ մենք ճշմարտության բնածին ձգտում ունենք, իսկ ես ուզում եմ ցույց տալ, որ այդպես չէ։ Մենք չենք հետաքրքրվում ճշմարտությամբ, քանի դեռ ինքներս ստի զոհ չենք դարձել։
- Ձեր գրքի մի դրվագում Դուք պատմում եք Հիերոնիմուս Բոսխի «Ահեղ դատաստան» նկարում Ձեր տեսած դժոխային չարչարանքների մասին և հիշում եք, որ նախկինում հանդիպել էիք նման սոսկալի տեսարանների հայերի ցեղասպանության մասին գրքերում։ Եվ ապա հաջորդում է միտքը՝ ուրեմն այդ ամբողջը ճի՜շտ էր․․․ Իսկ Ձեր գրքի վերջին՝ երրորդ մասը, ակնարկ է գերմանացի գրող Էդգար Հիլզենրաթի «Վերջին մտքի հեքիաթը» վեպի մասին, որը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը։ Կարո՞ղ ենք ասել, որ պատմական վկայությունները Ձեր գրքում հաստատվում են գեղարվեստական պատկերներով։
- Այո՛: Արվեստը կարող է գնալ դեպի խորքը։ Կարծում եմ՝ արվեստն ունի կարողություն՝ բացահայտելու մի ճշմարտություն, որն ավելի զորեղ է, քան այն, ինչ կարող ենք փոխանցել ընդամենը վկայություններով ու փաստաթղթերով։ Ես ամբողջովին համաձայն եմ այն գաղափարի հետ, որ գրականությունն այստեղ ունի հսկայական առաքելություն։ Եվ ոչ միայն հանուն նրա, որ պատմի և ներկայացնի անցյալը, որը երբեմն պատմաբանները կարող են շրջանցել։ Նաև նրա համար, որ փորձի հասկանալ և վերակառուցել այն ամբողջ գործուն հուզական աշխարհը, որը պատասխանատու էր նման խոշտանգումների և անհեթեթության համար։
Արվեստն առանձնահատուկ է նրանով, որ պարզապես չի գործում և չի փորձում գործել այնպես, ինչպես մենք ստեղծում ենք աշխարհը։ Արվեստն ինքը մի ամբողջական աշխարհ է։ Արվեստն ունակություն է՝ ներկայում մարմնավորելու այն ամենը, ինչ իրականում տարբեր ժամանակներում է տեղի ունենում։ Այնպիսի տպավորություն է, թե կոնկրետ փաստը արվեստի և երևակայության շնորհիվ խտացնում է իր շուրջ ասված ամեն ինչ, այն ամենը, ինչ հնարավոր է դրա մասին մտածել, իմանալ և այլն։
- Հայերեն հրատարակության նախաբանում Դուք գրում եք, որ հայկական մշակույթի ու պատմության հանդեպ Ձեր համակրանքն ու հիացմունքը գերազանցում են Ձեր՝ զուտ փիլիսոփայական հետաքրքրությունը։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

- Շատ տարօրինակ պատմություն է։ Ուզու՞մ եք լսել:
Տարիներ առաջ իմ եղբայրը լեյկեմիա ուներ և ապրելու համար իմ արյունը պետք է ստանար։ Կատակելով այդ մասին՝ նա ասում էր․ «Քանի որ հիմա քո արյունն ունեմ, երևի միևնույն խենթ հետաքրքրություններն ունեմ, ինչ դու»։ Մենք հաճախ չէինք շփվում, որովհետև նա Ֆրանսիայում էր ապրում, իսկ ես՝ Բելգիայում։ Բայց մի անգամ՝ Սուրբ Ծննդյան օրերին, մենք զարմացած հայտնաբերեցինք, որ միմյանց համար նույն նվերն էինք պատրաստել։ Ես նրան նվիրել էի դուդուկի ձայնասկավառակ, իսկ նա ինձ՝ դուդուկ։ Մենք չգիտեինք, որ երկուսս էլ սիրահարված ենք այդ երաժշտությանը։ Նա նաև կոմպոզիտոր էր և ասաց ինձ. «Եթե դու սովորես դուդուկ նվագել, ես մի բան կհորինեմ մեզ համար։ Երկուսիս համար»։ Եվ ես սկսեցի ուսուցչի օգնությամբ դուդուկ նվագել սովորել Բրյուսելում: Ամեն օր վարժվում էի, բայց հետո եղբայրս մահացավ, և մենք երբեք միասին չնվագեցինք: Նա երբեք ինձ համար ոչինչ չհորինեց, որովհետև չհասցրեց...
Դուդուկի հետ այդ անձնական կապը, որ նաև կապ էր եղբորս հետ, մի փոքրիկ, բայց շատ ազդեցիկ զգացմունքային պատճառ էր։ Հայ մշակույթի հանդեպ հետաքրքրությունս միայն դրանով չէր պայմանավորված, բայց այդ կապն արթնացրեց իմ հետաքրքրությունը։ Բրյուսելում սկսեցի նաև արևմտահայերենի դասերի հաճախել մի հայ ուսուցչի մոտ։ Ինչքան ավելի շատ եմ սովորում, այնքան ավելի է մեծանում ներգրավվելու ցանկությունս, բայց միևնույն ժամանակ հիասթափվում եմ, երբ լսում եմ հայերի հայերեն զրույցները և չեմ կարողանում հետևել, երկու իմաստալից բառ ասել (ծիծաղում է- Մ․ Կ․)․․․ Կնոջս, երեխայիս հետ քանիցս եղել ենք Հայաստանում ու այստեղ նաև մի քանի ընկեր ունենք՝ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը և ուրիշներ։ 2015թ․ նրանց հետ խորհրդաժողով կազմակերպեցի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության։ Վաչե Շարաֆյանին խնդրեցի որևէ երաժշտական ստեղծագործություն գրել այդ առիթով, և դա ավելի ամրապնդեց մեր կապերը Հայաստանի հետ։

- Շնորհակալություն, պարոն Բրեյըր․․․ Ես շարունակ իմ հարցերն եմ տալիս, իսկ կա՞ ինչ-որ հարց, որ Դուք ունեք։
- Այո՛, մի կարևոր հարց կա, որը ուզում եմ տալ: Ինձ շատ հետաքրքրում է՝ ինչպե՞ս կընդունվի այս գիրքը Հայաստանում։ Ես ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք այն կարող է փիլիսոփայական առումով որևէ ներդրում ունենալ Հայաստանում ընթացող որոշ քննարկումներում՝ ոչ միայն ակադեմիական, այլև ավելի լայն՝ ընդհանուր ինտելեկտուալ հետաքրքրությունների մակարդակով։
- Կա՞ ինչ-որ բան, որ կցանկանաք ասել Ձեր ընթերցողներին։
- Իհարկե, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ցուցաբերած հետաքրքրության համար և միաժամանակ խնդրել, որ կարդան այն հեղինակների գործերը, որոնց ես հղում եմ անում, և իհարկե, անպայման կարդան Էդգար Հիլզենրաթի գիրքը։ Իմ կարծիքով դա հայոց ցեղասպանության մասին լավագույն գիրքն է, ամենաուժեղ վեպը։
Հորդորում եմ շատ զգայուն լինել ստի նկատմամբ, որովհետև սուտը կապված չէ միայն սխալ բաներ պնդելու հետ։ Սուտը կապված է նաև լեզվի որոշակի օգտագործման ձևի հետ, օրինակ՝ խոսքի տոնի, որով խոսում է մարդը։ Դա այն է, ինչին կարող ես սովորել ուշադրություն դարձնել։ Խուսափել ծեծված մտքերից, լինել համբերատար, մտորող, շատ ընթերցել, շատ լսել և այդպես շարունակ։ Անհրաժեշտ է խուսափել քննարկում կամ պատկերներ պարտադրելու հեշտ ճանապարհից․․․
Հավելենք, որ Ռոլանդ Բրեյըրը մասնակցել է հունիսի 12-13-ը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացած «Պետությունների կողմից հովանավորվող պատմություններ և պատմագրական իշխանություն» միջազգային գիտաժողովին՝ հանդես գալով «Նվաճումը պատմության մեջ» վերնագրով զեկուցմամբ:
Մարիամ Կարապետյան