Декабря 09, 2025 | 16:12
Общество
Студенческий
Писатель Марк Арен о своих книгах и творческом опыте
В библиотеке имени Саргиса и Мари Измирлянов ЕГУ состоялась литературная встреча с прозаиком Марком Ареном (Кареном Маргаряном). В ходе встречи автор поделился своими размышлениями о своём творчестве, личном опыте и интересных моментах литературной жизни.
«Նաև մենակությունը. այն սառը ջրից ավելի է սոսկալի: Գիտե՞ք, մսյո՛, եթե ձեզ մոտ աքվարիումում հայտնվի միայն մեկ ձկնիկ, նա կսկսի կարոտել և գուցեև մեռնի կարոտից: Եվ գիտե՞ք, թե նման դեպքում ինչ պետք է անել: Աքվարիումի մեջ պետք է հայելի դնել, և նա կհանգստանա...» (Մարկ Արեն, «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր․ անատոլիական պատմություն»):
Մարկ Արենը հայտնի է բազմաթիվ գրքերով, որոնց թվում են «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն», «Սուրբծննդյան հրեշտակը», «Վիլ-Էվրար» և այլ ստեղծագործություններ, որոնք լայն ճանաչում են վայելում ընթերցասերների շրջանում։ Հանդիպման ընթացքում նա անդրադարձ կատարեց իր գրքերի ստեղծման պատմությանը, գրական կերպարների զարգացմանը և այն թեմաներին, որոնք հետաքրքրում են ժամանակակից ընթերցողին։
Մեծ հաջողություններ արձանագրելով տնտեսագիտության ոլորտում՝ Մարկ Արենը 2000 թվականից սկսել է զբաղվել գրականությամբ և դարձել տասնյակից ավելի գրքերի հեղինակ: Նրա ստեղծագործությունները բազմիցս վերահրատարակվել են, իսկ դրանցից մի քանիսի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր։
Հանդիպման ընթացքում Մարկ Արենն անդրադարձավ իր ստեղծագործական ճանապարհին՝ խոսելով այն մասին, թե ինչպես է տնտեսագետի կարիերան նրան «տեղափոխել» գրականության աշխարհ:
«Երբ դպրոցական էի, իմ ուսուցչուհին հաճախ ասում էր․ «Ես գիտեմ, որ ֆիզիկայից, մաթեմատիկայից, քիմիայից փայլում ես, բայց լեզուն ու գրականությունը կողքովդ են անցել․․․»։ Հիմա, երևի, ուսուցչուհիս անչափ զարմացել է, թե ինչպես է ստացվել, որ սկսել եմ գրել․ ասեմ, որ ես ինքս էլ զարմացած եմ»,- նշեց գրողը։
Նրա առաջին վեպը՝ «Ռեքվիեմ Հուդայի համար»-ը, լույս է տեսել ռուսերենով 2006 թվականին։ Հեղինակի խոսքով՝ գրքի շնորհանդեսը կայացել է Մոսկվայում գրքի միջազգային փառատոնի ժամանակ՝ ստանալով բավականին լավ արձագանքներ ու կարծիքներ։
Գիրքը ﬔզ պատմում է Հուդայի մասին, որն աշխարհ է⠀վերադարձել իր հոգու փրկության համար: Շուրջ երկու հազար տարի նա տանջվել է, և ահա հասել է ժամը, որ մարդիկ հասկանան՝ ինքը ոչ թե մատնիչ է, այլ Աստծու կամքը կատարողը Քրիստոսի՝ մարդկանց⠀ﬔղքերի համար խաչվելու հարցում:⠀Եվ այսօր նա Էջﬕածնում՝ Բարձրագույն խորհրդի առաջ, փորձում է արդարացնել իրեն: Դեպքերը ծավալվում են՝ սկսած Քրիստոսի ժամանակաշրջանից ﬕնչև ﬔր օրերը աշխարհի տարբեր քաղաքներում՝ Մոսկվայում, Կահիրեում, Օհայոյում, Երուսաղեմում, Ամստերդամում, Փարիզում և այլուր:
Հեղինակը խոսեց իր երկրորդ և ընթերցասերների ամենասիրելի վեպերից մեկի մասին, որը մեծ հաջողություն է գրանցել։ «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» վեպը հրատարակվել է հայերեն և ռուսերեն լեզուներով 2008 թվականին։ Երևանյան գրախանութներում այն դարձավ գեղարվեստական գրականության բեսթսելլեր։ Վեպում նկարագրվում են հայատյաց մի թուրքի ապրումները, երբ նա ծերության օրոք հանկարծ հայտնաբերում է, որ իր ծնողները հայ են եղել․ նա հասկանում է, որ իր ողջ կյանքը սխալ ուղիով է ընթացել, սակայն այլևս հնարավոր չէ ոչինչ փոխել․․․
Այստեղ անձնական ճակատագրերը հյուսվում են Հայոց ցեղասպանության, Սումգայիթի ջարդերի, ահաբեկչական տարբեր կազմակերպությունների գործողությունների ֆոնին, սակայն կենտրոնում մնում է մարդը՝ իր թախիծով, միայնությամբ ու աջակցության փնտրտուքներով: Այս ամենը կարող էր պատահել ցանկացած մեկի հետ։
Նշենք, որ վեպի մոտիվներով նկարահանվել է «Անատոլիական պատմություն» հեռուստասերիալը։
«Կուզենայի, որ դա լիներ իմ առաջին գիրքը, բայց երևի վախեցա․ վախեցա, որ չի ստացվի։ Իրականում «Ռեքվիեմ Հուդայի համար» վեպն ինձ համար փորձ էր։ Վերջին հաշվով, արդյունքը դրական եղավ։ Երկրորդ գիրքը՝ «Անատոլիական պատմություն»-ը, դարձավ իմ ամենահայտնի ստեղծագործությունը․ այն արդեն 16 անգամ հրատարակվել է Հայաստանում, ինչը ռեկորդ է, և անընդհատ հրատարակվում է ամեն տարի։ Գիրքը հրատարակվել է նաև ռուսերենով, երկու անգամ՝ պարսկերենով, անգլերենով և նույնիսկ թուրքերենով»,- ասաց Մարկ Արենը։
Ըստ հեղինակի՝ գրքի գլխավոր հերոսը բոլոր այն մարդկանց հավաքական կերպարն է, որոնք չգիտեն իրենց իրական արմատների մասին։ Դա կարող է վերաբերել ոչ միայն հայերին, այլև հնդիկներին և պակիստանցիներին, հրեաներին և պաղեստինցիներին, իռլանդացիներին, անգլիացիներին, ուկրաինացիներին և ռուսներին։
«Խնդիրն այն է, որ մարդը, չիմանալով իր արմատների մասին, դառնում է իր արմատների թշնամին և ապրում ուրիշի կյանքով․․․ Կարծում եմ՝ դրանից դաժան բան չկա․ ուրիշի կյանքով ապրելը դաժան բան է»,- ընդգծեց Մարկ Արենը։
Հեղինակը խոսեց նաև «Սիրո համար սահմաններ չկան, սահմանները քարտեզների վրա են» դրույթի և «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի մասին:
Ընթերցասերները հնարավորություն ունեցան հաղորդակցվելու հեղինակի հետ, ստանալու գրական խորհուրդներ և քննարկելու նրա աշխատանքների ազդեցությունը հայ և օտարերկրյա ընթերցողների վրա։


