Апреля 29, 2026 | 12:30
Образование
Общество
«У каждого может быть своё мнение, но не точка зрения». Профессор ЕГУ Женя Калантарян о современной литературной критике
Существует ли сегодня научно обоснованная, направляющая литературная критика, или же она уступает место потоку субъективных мнений? Мы поговорили с Женей Калантарян, профессором кафедры истории и критики современной армянской литературы факультета армянской филологии Ереванского государственного университета, об этих и других важных вопросах, чтобы выяснить, где проходит грань между мнением и критикой, и какова современная армянская литературная критика.
Ժամանակակից մեդիայի պայմաններում, որտեղ կարծիք արտահայտելը հասանելի է յուրաքանչյուրին, գրաքննադատության դերն ու արժեքը երբեմն մղվում են հետին պլան և չեն ընկալվում որպես գիտական ու մասնագիտական խոսք։ ԵՊՀ պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանի հետ զրույցում փորձել ենք հասկանալ՝ արդյո՞ք ներկայում պահպանվում է գիտական քննադատության նշանակությունը։
- Տիկի՛ն Քալանթարյան, կարո՞ղ ենք ասել, որ այսօր կա իրական գրաքննադատություն, թե՞ այն աստիճանաբար փոխարինվել է պարզապես անձնական արձագանքներով։
- Քննադատության դերն իրականում նվազել է ամենատարբեր պատճառներով։ Նախ՝ զգալիորեն կրճատվել են նախկին այն ամսագրերը, որոնք ունեին քննադատությանը նվիրված հատուկ բաժին, տպագրում էին ծավալուն, և որ ավելի կարևոր է, մեթոդապես պարզաբանված, գիտականորեն հիմնավորված հոդվածներ։ Թեև սակավաթիվ, բայց նման հոդվածներ կամ ուսումնասիրություններ այսօր ևս տպագրվում են հեղինակների գրքերում, ինչը, սակայն, լայն ընթերցանության առարկա չի դառնում և հաճախ մնում է ստվերում։ Մամուլում այսօր տպագրվող հոդվածները հիմնականում մակերեսային են, ունեն գեղարվեստական ստեղծագործության վերապատմումի բնույթ, որովհետև մամուլը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակների համար, ուստի խորքային կերպով չի կարող անդրադառնալ մասնագիտական լուրջ հարցերի։ Ժամանակին շատ ճիշտ էր Հրանտ Մաթևոսյանը, որն առաջարկում էր ստեղծել քննադատական ամսագիր։ 1980-1990-ական թվականներին Դ․ Գասպարյանի խմբագրությամբ հրապարակվեցին «Քննադատական տարեգիրք» խորագրով մի քանի ժողովածուներ, որոնք կարևոր դեր կատարեցին քննադատության հանրայնացման ասպարեզում։
- Ձեր կարծիքով՝ որտեղի՞ց է սկսվում գրաքննադատությունը, և որտեղի՞ց՝ կարծիքը։
- Ամեն մարդ կարող է ունենալ կարծիք, բայց ոչ տեսակետ։ Քննադատության և կարծիքի տարբերությունը դեռևս 19-րդ դարի առաջին կեսին ձևակերպել է Մխիթարյան միաբանության անդամ Էդ․ Հյուրմյուզյանը․ նրա դիտարկմամբ՝ ամեն մարդ ունի իր կարծիքը, բայց տարբերությունը մեծ է կարծիքի ու տեսակետի միջև։ Ըստ նրա՝ տեսակետ ունեցողը գիտականորեն հիմնավորում է իր տեսակետը, ինչը պարտադիր չէ կարծիք հայտնողի համար։
- Իսկ Հայաստանում այսօր կա՞ գրաքննադատական այնպիսի խոսք, որը կարող է ուղղորդել ընթերցողին և ազդել գրական գործընթացի վրա։
- Կարծում եմ՝ կա։ Թեև ոչ հաճախ, բայց կան մեթոդական հիմքերով բացատրվող, գիտական չափանիշների վրա հիմնվող սակավաթիվ հոդվածներ, որոնք հենվում են սեռերի, ժանրերի, նորագույն տերմինաբանության վրա, քննադատությունը մոտեցնում են տեսությանը, գիտությանը։ Քննադատությունը արժեքավոր է դառնում այն դեպքում, երբ գիտական չափանիշների միջոցով է մեկնաբանում գրական տեքստը, այլապես քննադատը կարող է հայտնվել կարդացածը վերապատմողի դերում։
- Տիկի՛ն Քալանթարյան, արդյո՞ք մենք այսօր ապրում ենք գրաքննադատության ճգնաժամ։ Կա՞ վտանգ, որ գրաքննադատությունը կկորցնի իր մասնագիտական ինքնությունը և կլուծվի ընդհանուր կարծիքների հոսքի մեջ։
- Ինչ-որ չափով՝ այո՛։ Բնականաբար, կարծիքները չեն վերահսկվում։ Քննադատությունը պահանջում է առաջնորդվել որոշակի սկզբունքներով ու չափանիշներով։ Վտանգավորն այն է, որ կարծիքները գերակշռում են, գիտական խոսքը՝ նվազում։
- Իսկ ի՞նչ կասեք մեր օրերում դասական գրաքննադատական մեթոդների արդիականության մասին։
- Այսօր կարծես թե զուգահեռաբար գոյատևում են բոլոր մեթոդները։ Նախ՝ խորհրդային շրջանում հիմնական մեթոդը սոցիալիստական ռեալիզմն էր, ինչը սահմանափակում էր մյուս մեթոդների կիրառության հնարավորությունը։ Այսօր տարբեր մեթոդների կիրառության հիմքը տալիս է ժամանակակից գրականությունը, որը ոչ թե ռեալիստական կամ ռոմանտիկական է, այլ կարող է իր էջերում կիրառել և՛ միֆականություն, և՛ ռոմանտիզմ, և՛ դասականություն․․․ Ռուս քննադատներից մեկը նշում է, թե առաջ գրական շուկայում միայն մի մեթոդ կար՝ սոցռեալիզմը, այժմ շուկան հարուստ է, և գրողը կարող է ընտրություն կատարել։ Ոչ միայն ընտրություն, այլև զուգադրում։
- Ի՞նչ սահմաններ ունի գրաքննադատության ազատությունը․ կա՞ «կետ», որից հետո մեկնաբանությունը դառնում է կամայականություն։
- Այնտեղ, որտեղ քննադատությունը դառնում է կամայականություն, այն դառնում է սուբյեկտիվ և կորցնում է իր գիտականությունը։ Զուգահեռաբար, չպետք է մոռանալ, որ քննադատությունը սերտորեն կապված է կենդանի կյանքի հետ և կարող է ձեռք բերել հրապարակայնության որոշակի հատկանիշ։ Հենց այս առումով էլ քննադատությունը տարբերվում է ոչ միայն գրականության պատմությունից, այլ նաև տեսությունից և միաժամանակ հենվում է և՛ պատմության, և՛ տեսության վրա։
- Տիկի՛ն Քալանթարյան, ՀԳՄ ամենամյա 2025 թ. մրցանակաբաշխության արդյունքում ստացել եք Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակ (գրականագիտություն, գրաքննադատություն) «Եղիշե Չարենցը իր ժամանակի գրաքննադատության նշանակետում» գրքի համար, որը ի մի է բերում Չարենցի մասին նրա կենդանության ժամանակ հնչած, գրված, տպագրված տեսակետները Հայաստանում և Սփյուռքում։ Եղիշե Չարենցի դեպքում որքանո՞վ են նրա ժամանակակիցների գնահատականները պայմանավորված եղել քաղաքական և գաղափարական միջավայրով։
- Չարենցի ժամանակակիցների գնահատականները հիմնականում պայմանավորված են եղել ժամանակի գաղափարախոսությամբ։ Ընդ որում՝ դա վերաբերում է ոչ միայն նրա հակառակորդներին, այլև Չարենցին բարձր գնահատողներին, սուր քննադատությունից նրան պաշտպանողներին, որովհետև, սակավ բացառությամբ, նրան գնահատել են ոչ այնքան նրա արվեստի, որքան գաղափարական դիրքորոշման համար։
- Որպես դասախոս՝ ինչպե՞ս եք ուսանողների շրջանում ձևավորում քննադատական մտածողություն։ Հնարավո՞ր է «սովորեցնել» գրաքննադատություն, թե՞ դա ավելի շատ անհատական կարողություն է։
- Եթե կարելի է ասել, ապա ուսանողները սովորում են «թացը չորից զատել» այն առումով, որ սովորում են՝ ինչը գնահատել, ինչի համար և ինչպես։ Չի կարելի ասել, թե բոլորը կարողանում են զանազանել գլխավորը երկրորդականից, քանի որ այս առարկայի յուրացումը պարտադիր պահանջում է գրականության հրաշալի իմացություն, ինչը զգալի մասի մոտ բացակայում է։ Միջին տրամաբանություն ունեցող մարդը ցանկության դեպքում կարող է հաղթահարել դժվարությունը։ Գուցե զարմանալի թվա, բայց ես կարծում եմ, որ բանասերին ևս անհրաժեշտ են մաթեմատիկական և տրամաբանական գիտելիքներ։
- Ի՞նչ սահման պետք է պահպանի գրաքննադատը՝ չվնասելու ստեղծագործական միջավայրը։
- Քննադատությունը պետք է զուսպ և կոռեկտ լինի իր գնահատականների առումով։ Անձը չպետք է լինի քննադատի թիրախը, այլ նրա գործը։ Քննադատը պետք է տեսության չափանիշների և գրական տեքստի զուգադրման հիմքի վրա հանգի եզրակացությունների, ինչի դեպքում միայն նրա ասելիքը կարող է դառնալ անառարկելի։
- Ինչպե՞ս եք վերաբերվում այն դեպքերին, երբ քննադատությունը չի ընդունվում հեղինակների կողմից։
- Հեղինակներից շատերը չեն ընդունում դիտողություններ։ Կարելի է նրանց էլ հասկանալ, որովհետև նրանք գրում են այն մասին, ինչը ճիշտ են համարում, համոզված են իրենց ասելիքի հարցում։ Ոմանք ընդունում են սխալները և արդարանում, ոմանք՝ ոչ։ Քննադատի խոսքը, եթե այն հավասարակշռված է, չպետք է կրքեր բորբոքի, եթե գրող-հեղինակը նույնպես հավասարակշռված անձ է։ Վերջապես, եթե հեղինակը ինքնամեծար անձնավորություն է, կարող է չընդունել և անտեսել քննադատի խոսքը։
- Ինչպիսի՞ն պետք է լինի 21-րդ դարի հայ գրաքննադատությունը։
- Շատ լավ է, որ այսօրվա մեր երիտասարդ սերնդի գրողները կարողանում են կարդալ արտասահմանյան գրականություն, սովորել շատ բան, ինչը նախկինում հնարավոր չէր։ Գիտելիքներն ավելի քան անհրաժեշտ են, բայց մեր ժողովուրդն ունի իր ավանդները, անցյալի իր հարուստ գրականությունը, որտեղ կենդանի է հայ ոգին, հայ միտքը, հայ կյանքը։ 21-րդ դարի գրաքննադատությունը պետք է նպաստի գրականության մեջ համամարդկային ու ազգային արժանիքների հավասարակշռության ստեղծմանը։