- Главная
- Node
- «Համալսարանը պետք է լինի երկխոսության հարթակ տեխնոլոգիաների և մարդու միջև»․ Արևիկ Անափիոսյան
Май 20, 2025 | 10:45
Գիտություն
Կրթություն
Շրջանավարտներ
«Համալսարանը պետք է լինի երկխոսության հարթակ տեխնոլոգիաների և մարդու միջև»․ Արևիկ Անափիոսյան
ԵՊՀ շրջանավարտների ֆորումը ոչ միայն վերամիավորեց համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներին, այլև դարձավ հարթակ, որտեղ քննարկվեցին Հայաստանի բարձրագույն կրթության ապագայի վերաբերյալ նորարարական տարբեր գաղափարներ։ ՄԱԿ-ի գրասենյակի գործընկերությունների և զարգացման հարցերով ֆինանսական խորհրդատու, ԵՊՀ շրջանավարտ Արևիկ Անափիոսյանը բարձր գնահատեց այսօրինակ միջոցառումների անցկացումը և հույս հայտնեց, որ այս ֆորումը կդառնա ամենամյա։

«ԵՊՀ շրջանավարտների ֆորումը հիանալի նախաձեռնություն էր, որը, վստահ եմ, կդառնա շարունակական։ Այն կարելի է մասնագիտորեն զարգացնել՝ ներգրավելով տարբեր տարիների շրջանավարտների։ Հետաքրքրական կլինի, օրինակ, 2026 թվականին հրավիրել 2006, 2016, 1996 թվականների շրջանավարտներին և այդպես շարունակ։ Նման փորձառություն արդեն կա միջազգային կրթական հաստատություններում, հատկապես այնտեղ, որտեղ կարևորվում է շրջանավարտների հետ շարունակական կապը»,- նշեց Արևիկ Անափիոսյանը։
Բանախոսը հատուկ ընդգծեց կրթական համակարգում նորարարական տեխնոլոգիաների ընկալման հարցը՝ ուշադրություն հրավիրելով կարծրատիպային այն վախերին, որոնք դեռևս տարածված են արհեստական բանականության և տեխնոլոգիական առաջընթացի նկատմամբ։

«21-րդ դարի կրթական մոդելները պահանջում են, որ մենք տեխնոլոգիան դիտարկենք ոչ թե որպես մարտահրավեր, այլ որպես գործընկեր։ Արհեստական բանականությունը կարող է դառնալ մեզ հետ մտածող համակարգ, որի հետ երկխոսության արդյունքում կձևավորվի նոր գիտելիք։ Համալսարանն ունի մեծ ներուժ այս գաղափարն իրագործելու համար»,- ասաց նա։
Արևիկ Անափիոսյանը նաև հանդես եկավ հետաքրքիր առաջարկով՝ համալսարանական համայնքը միավորել ոչ միայն պաշտոնական միջոցառումների, այլև անհատական շփումների ձևաչափով։
«Կարելի է կազմակերպել աշխատաժողովներ, խարույկի շուրջ ընկերական խոսակցություններ, տարվա ընթացքում ոչ ֆորմալ հանդիպումներ։ ԵՊՀ-ն այն վայրն է, որտեղ շատերն սկսել են իրենց կրթական ուղին, և շրջանավարտների համայնքը կարող է ակտիվ դերակատարում ունենալ այս կապի վերականգնման ու ամրապնդման գործում։ Մենք շատ բան ունենք փոխանցելու ներկայիս ուսանողներին»,- եզրափակեց նա։
Նշենք, որ Արևիկ Անափիոսյանը ԵՊՀ շրջանավարտների ֆորումի շրջանակում մասնակցել է «Բարձրագույն կրթությունը 21-րդ դարի Հայաստանում․ մոտեցումներ, ակնկալիքներ, ձևաչափեր» խորագրով պանելային քննարկմանը, որտեղ անդրադարձ է կատարվել կրթության որակի տեխնոլոգիական միտումներին և շրջանավարտ-համալսարան կապի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերին։