- Главная
- Node
- ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում պաշտոնապես բացվեց Հոգեբանական ուսումնախորհրդատվական կենտրոն
Октября 23, 2025 | 10:35
Գիտություն
Կրթություն
Հասարակություն
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում պաշտոնապես բացվեց Հոգեբանական ուսումնախորհրդատվական կենտրոն
Հոգեբանական ուսումնախորհրդատվական կենտրոնը տարածաշրջանում առաջին մասնագիտացված հարթակն է, որը միավորում է գիտությունը, կրթությունը և համայնքը։ Կենտրոնը կոչված է աջակցելու հոգեբանական առողջության պահպանմանը, անձի ներուժի բացահայտմանը և հասարակության բարեկեցության բարձրացմանը՝ ապահովելով ինչպես խորհրդատվական, այնպես էլ ուսումնագիտական ծրագրեր։

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը, ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հոգեբանական և սոցիալական ոլորտում գործունեություն ծավալող կառույցների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մհեր Օթարյանը՝ անդրադառնալով կենտրոնի ստեղծման գաղափարին: Նա նշեց, որ կենտրոնը կոչված է համալրելու համալսարանի գիտակրթական և համայնքային առաքելությունը՝ միաժամանակ արձագանքելով տարածաշրջանում հոգեբանական աջակցության և խորհրդատվական ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկին։
«Այս կենտրոնը մեր մարզի համար ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային աջակցության կարևոր հարթակ է, որը կնպաստի հանրային իրազեկության մակարդակի, հոգեբանական ինտելեկտի և կյանքի որակի բարձրացմանը»,- ընդգծեց նա:
Կենտրոնի ղեկավար, հ․գ․թ․, դոցենտ Լաուրա Պետրոսյանը, անդրադառնալով կենտրոնի առաքելությանը, նպատակներին և գործունեության հիմնական ուղղություններին, շեշտեց, որ կառույցի գլխավոր նպատակը մարդու ներուժի բացահայտումն է, հոգեբանական առողջության պահպանումն ու կյանքի որակի բարձրացումը։ Կենտրոնը նախատեսում է տրամադրել ինչպես անհատական և խմբային խորհրդատվություններ, այնպես էլ մասնագիտական վերապատրաստումներ։
ԵՊՀ պրոռեկտորներ Է. Ասրիյանը և Մ. Հովհաննիսյանը մատնանշեցին կենտրոնի կարևորությունը ԵՊՀ տարածաշրջանային զարգացման ռազմավարության մեջ, ինչպես նաև կարևոր դերակատարումը ուսանողների գործնական կարողությունների ձևավորման և գիտահետազոտական գործունեության խթանման գործում։
Կենտրոնի կարևորության, վերջինիս գործունեությանն աջակցելու իրենց պատրաստակամության մասին խոսեցին ԵՊՀ ԻՄ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, հ.գ.թ. Ռուբեն Աղուզումցյանը և «Հոգեբանություն» կրթական ծրագրի ուսանողները: Ռ․ Աղուզումցյանը համոզմունք հայտնեց, որ այս կառույցը կդառնա համագործակցության կամուրջ համալսարանի, համայնքի և մասնագիտական կազմակերպությունների միջև։
Միջոցառման վերջում հյուրերը շրջեցին կենտրոնի տարածքում, ծանոթացան ծառայությունների կառուցվածքին և նյութատեխնիկական պայմաններին, զրուցեցին կենտրոնի մասնագետների և ուսանողների հետ։
ԵՊՀ ԻՄ հոգեբանական ուսումնախորհրդատվական կենտրոնը տարածաշրջանում միակ մասնագիտացված կառույցն է, որը տրամադրում է գիտահենք և հասանելի հոգեբանական ծառայություններ՝ ուղղված անձի ներուժի բացահայտմանը, ինքնաճանաչմանն ու հոգեբանական առողջ կյանքի խթանմանը։