- Главная
- Node
- Մարտահրավերներ, բացահայտումներ, մասնագիտական զարգացում․ Կիրի Մանուկինի դասախոսությունները ԵՊՀ-ում
Декабря 04, 2025 | 12:28
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Մարտահրավերներ, բացահայտումներ, մասնագիտական զարգացում․ Կիրի Մանուկինի դասախոսությունները ԵՊՀ-ում
Կիրի Մանուկինը «English Language Fellow» ծրագրի շրջանակում Հայաստանում անգլերենի ուսուցիչների համար անցկացրել է մասնագիտական վերապատրաստումներ, ինչպես նաև դասավանդել անգլերեն Երևանի պետական համալսարանում։ Նա ԱՄՆ այն քաղաքացիներից է, որոնք ընտրվել էին 2022-2023 և 2023-2024 ուսումնական տարիներին «English Language Fellow» ծրագրի շրջանակում անգլերեն դասավանդելու համար։ Նրանց խումբը առաջիններից էր, որն աշխատում էր համավարակին հաջորդած շրջանում, երբ տեղական բոլոր կրթաթոշակային ծրագրերը ժամանակավորապես դադարեցվել էին։
«English Language Fellow» ծրագիրը բացառիկ հնարավորություն է անգլերենը որպես օտար լեզու դասավանդող (TESOL) փորձառու մասնագետների համար՝ նպաստելու արտերկրում անգլերենի ուսուցման ոլորտում նշանակալից և կայուն փոփոխություններին։ Այն իրականացվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կրթական և մշակութային հարցերի բյուրոյի հովանավորությամբ և ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ։ Ավելի քան 80 երկրներում ԱՄՆ դեսպանատների կողմից մշակված ծրագրերի շրջանակում շահառուները անմիջականորեն համագործակցում են տեղի ուսուցիչների, ուսանողների և կրթական ոլորտի մասնագետների հետ՝ նպաստելով անգլերենի ուսուցման որակի բարձրացմանը հեղինակավոր համալսարաններում և կրթական այլ հաստատություններում։
Համալսարանում անցկացրած դասընթացների, Հայաստանից ստացած տպավորությունների և հետաքրքրաշարժ այլ թեմաների շուրջ զրուցել ենք Կիրի Մանուկինի հետ։
- Ինչպե՞ս ստացվեց, որ եկաք Հայաստան՝ դասավանդելու և հետազոտություն կատարելու։
- Իրականում ես չէի ընտրել Հայաստան գալը։ Ես աշխատում էի «Անգլերենի ծրագիր» կոչվող նախագծի շուրջ, որը հովանավորում է ԱՄՆ պետդեպարտամենտը։ Սկզբում ինձ ուղարկել էին Նեպալ՝ Կատմանդու։ Բայց երբ այնտեղ էի, սկսվեց համավարակը, և մեզ տարհանեցին, իսկ ծրագրի աշխատանքները դադարեցվեցին։ Երբ աշխատանքները վերսկսվեցին, ես սպասում էի, որ նորից Նեպալ կվերադառնամ, սակայն փոխարենը ինձ առաջարկեցին Հայաստան գալ։ Ես ուրախությամբ համաձայնեցի, քանի որ դա հիանալի հնարավորություն էր աշխատելու այս հետաքրքիր ու գեղեցիկ երկրում։
- Ուրա՞խ եք, որ այժմ Հայաստանում եք։
- Այո՛։ Հայաստանյան փորձառությունը միանշանակ հուզառատ ճանապարհ էր՝ լի վերելքներով ու անկումներով։ Ամեն ինչ այստեղ ուրիշ է՝ մշակույթը, մարդիկ։ Թեպետ եղել եմ աշխարհի մի շարք երկրներում, սակայն Հայաստանում հանդիպեցի այնպիսի դժվարությունների, որոնց երբեք չէի բախվել մինչ այստեղ գալս։
- Ինչպիսի՞ն էին Հայաստանից ստացած Ձեր առաջին տպավորությունները։
- Օրինակ՝ ԵՊՀ ուսանողներից ստացած առաջին տպավորությունն այն էր, որ նրանց մեծ մասը աղջիկներ են՝ շատ գեղեցիկ, լավ հագնված։ Այդ ժամանակ մտածեցի՝ ես էլ պիտի իմ կերպարը «բարձրացնեմ»։ Բացի դրանից՝ նկատեցի մարդկանց մտածելակերպի ու աշխարհայացքի տարբերություն։ Մի բան հստակ է՝ այստեղ ամեն ինչ շատ ուրիշ է։
Եվ մի բան, որ ինձ շատ դուր եկավ, այն է, թե որքան անվտանգ է Երևանը։ Ես հաճախ եմ ասում իմ հայրենակիցներին, թե որքան ապահով է այստեղ, նույնիսկ՝ երեխաների համար։ Այստեղ բոլորը երեխաների նկատմամբ շատ ուշադիր են ու հոգատար։
- Ի՞նչն է Ձեզ ամենաշատը դուր գալիս հայկական մշակույթում կամ առօրյայում։
- Սիրում եմ այն ջերմությունն ու ազնվությունը, որ կա հայերի մեջ, հյուրընկալությունը, հոգատարությունը․ դա իսկապես գեղեցիկ է։
- Իսկ ո՞րն է Ձեր սիրելի վայրը Հայաստանում։
- Ես բնության սիրահար եմ, ուստի գնահատում եմ Երևանի կանաչ տարածքները։ Բայց հատկապես սիրում եմ քաղաքի կենտրոնական հատվածը։ Այն եվրոպական և խորհրդային ոճերի մի յուրահատուկ խառնուրդ է՝ աշխույժ, լի երաժշտությամբ ու միջոցառումներով։ Թեպետ երբեմն աղմուկը կամ տրանսպորտը կարող են հոգնեցնել, բայց ես սիրում եմ պարզապես քայլել Երևանի փողոցներով։
- Եղե՞լ եք Հայաստանի այլ շրջաններում՝ բացի Երևանից։
- Այո՛։ Եղել եմ Դիլիջանում, որը շատ գեղեցիկ քաղաք է և հիշեցնում է իմ տունը։ Թեպետ գիշերել չեմ հասցրել, բայց հասցրել եմ վայելել հրաշք բնությունը։
- Ըստ Ձեզ՝ դասավանդելու համար պե՞տք է ունենալ հոգեբանական հմտություններ։
- Անպայմա՛ն։ Դասավանդելը միայն գիտելիք փոխանցելը չէ։ Այն նաև ուսանողի հուզական ինտելեկտի զարգացմանը նպաստելն է։ Երբ խաղաղ է ուսանողի ներաշխարհը, նա ոչ միայն սովորում է, այլև ձևավորվում է որպես անհատ։ Իրական կրթությունը օգնում է մարդուն աճել և փոխվել ներսից, սովորել կառավարել իր մտքերը և զգացմունքները։
- Ի՞նչ խորհուրդ կտայիք օտարերկրյա դասախոսներին, որոնք ցանկանում են Հայաստան գալ՝ աշխատելու։
- Նախ՝ խորհուրդ կտայի ուսումնասիրել հետխորհրդային միջավայրի առանձնահատկությունները։ Դա լրիվ այլ մտածելակերպ է, ինչը կարող է դժվար լինել, բայց նաև՝ շատ հետաքրքիր։
Երկրորդ՝ լինել բաց՝ դժվարությունների միջով անցնելու համար։ Այստեղ ուսանողները շատ հետաքրքրասեր են։ Երբ նրանց նոր բան ես առաջարկում, սկզբում կարող է անսովոր թվալ նրանց արձագանքը, սակայն հետո նրանք արագորեն յուրացնում են ամեն ինչ և դառնում առավել անմիջական։
Երրորդ՝ կարևոր է ունենալ ջերմ, սակայն արհեստավարժ մոտեցում ուսանողների հետ աշխատանքում։ Դա փոխում է ամեն ինչ․ երբ ուսանողները զգում են, որ իրենց լսում են, հարգում և վստահում, նրանք իսկապես «բացվում են»։
- Հայկական ո՞ր ուտեստն եք ամենաշատը հավանել։
- Ամենահասարակը՝ լոլիկով ձվածեղը։ Շատ եմ սիրում, հատկապես՝ թարմ հացով։ Նաև շատ եմ սիրում խաշլամա․ այն շատ համեղ է, նույնիսկ եթե ամենահասարակ տարբերակն է։
- Իսկ այժմ ես հարց ունեմ․ ձեզ՝ ուսանողներիդ, ի՞նչ տվեցին իմ անցկացրած դասընթացները։
- Մեզ տպավորել են մեդիտացիաները, որոնք սովորեցրին կենտրոնանալ և կառավարել սթրեսը։ Ինչպես նաև՝ միշտ հավատալ, որ ինչ էլ անես, պետք է վայելես գործընթացը։ Ձեր դասերի ընթացքում համոզվեցինք, որ ճիշտ ուղու վրա ենք։ Մենք փորձում էինք ոչ միայն գիտելիք ստանալ, այլև անձնական աճ գրանցել՝ սովորել ինքնուրույն, քննադատաբար մտածել ու զարգացնել վերլուծական միտքը։


