- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնում հյուրընկալվեցին «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» կազմակերպության ներկայացուցիչները
Դեկտեմբեր 03, 2025 | 16:56
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Շարունակական կրթություն
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնում հյուրընկալվեցին «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» կազմակերպության ներկայացուցիչները
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնում (ՇԿԿ) ուսումնական այցի շրջանակում հյուրընկալվեցին գերմանական «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» կազմակերպության (Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտ)՝ Թունիսի և Ալժիրի գրասենյակների և գործընկեր կառույցների ներկայացուցիչները։ Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ Շարունակական կրթության կենտրոնի կատարած աշխատանքին, մեծահասակների կրթության ոլորտում ունեցած ձեռքբերումներին, ինչպես նաև «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության փորձին։
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» կազմակերպությունը համագործակցում են դեռևս 2022 թվականից։ Այս տարիների ընթացքում իրականացվել են մի շարք համատեղ նախաձեռնություններ՝ դասախոսների վերապատրաստման ծրագրեր, մեծահասակների կրթությանը վերաբերող հետազոտություններ։ Ընթացիկ տարվա փետրվարին ստորագրվել է համագործակցության հուշագիր, որը հիմք է դարձել ծրագրային ու ինստիտուցիոնալ խորացված գործակցության համար։
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ներկայացնելով համալսարանի հնարավորությունները, նշեց․ «ԵՊՀ-ն մեր հասարակության մասնագիտական զարգացման առանցքային հենասյուներից է, հնագույն և խոշորագույն կրթական հաստատություններից մեկը, և մեր շրջանավարտներից յուրաքանչյուրն այսօր ձևավորում է երկրի մասնագիտական դաշտը։ Սա մեզ համար հանրային մեծ պատասխանատվություն է՝ ապահովելու ուսման բարձր որակը, նորարարական մոտեցումները և շարունակական կրթությունը։ Մենք կարևորում ենք ոչ միայն դասական կրթական ծրագրերը, այլև լրացուցիչ ուսուցման նախաձեռնությունները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից աշխարհում մրցունակ մասնագետ լինելու համար։ Իսկ օտարերկրյա գործընկերների հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս ընդլայնելու փորձը և բարձրացնելու կրթական ծառայությունների որակը»։
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը ներկայացրեց մինչ այժմ իրականացված ծրագրերը և ապագա համագործակցության հեռանկարները։
Նա, անդրադառնալով գործընկերների այցի նպատակին, ասաց․ «Այսօր ԵՊՀ այցելած մեր գործընկերները՝ «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» կազմակերպության՝ Թունիսի և Ալժիրի գրասենյակներից, ցանկանում էին ոչ միայն ծանոթանալ ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի գործունեությանը, այլև հասկանալ՝ ինչ դերակատարում ունի համալսարանը մեծահասակների կրթության ոլորտում՝ ազգային մակարդակով»։
Մատնանշելով, որ այցը վերածվել է արդյունավետ փորձի փոխանակման հարթակի, Լուսինե Խառատյանն ասաց․ «Մենք ներկայացրինք մեր հաջողված փորձը, խոսեցինք այն մարտահրավերների մասին, որոնց բախվում ենք, անդրադարձ կատարեցինք մեր համագործակցության լավագույն օրինակներին։ Սա միմյանցից սովորելու հնարավորություն էր, որի շրջանակում ԵՊՀ-ն կարողացավ ներկայացնել իր լավագույն փորձը և ծանոթանալ գործընկերների պրակտիկային»։





