- Главная
- Node
- Քացախաթթվի ազդեցությունը խմորասնկերի վրա․ ԵՊՀ ասպիրանտի ուսումնասիրությունը՝ գիտական հետազոտության կարևոր ուղղություն
Января 19, 2026 | 12:00
Գիտություն
Հետազոտություն
Մրցույթներ
Քացախաթթվի ազդեցությունը խմորասնկերի վրա․ ԵՊՀ ասպիրանտի ուսումնասիրությունը՝ գիտական հետազոտության կարևոր ուղղություն
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ Գոհար Ազբեկյանի ուսումնասիրության տիրույթում խմորասնկերն են: Նա նշում է, որ քացախաթթվի ազդեցությամբ խմորասնկերի նյութափոխանակության գործընթացներում առաջացող փոփոխությունները դեռևս ամբողջապես ուսումնասիրված չեն, մինչդեռ հետազոտության արդյունքում կարող են նաև արժեքավոր նյութերի արտադրության հնարավորություններ բացահայտվել:
Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Գոհար Ազբեկյանի «Քացախաթթվի ազդեցությունը S. cerevisiae խմորասնկի տարբեր շտամների կենսաքիմիական և կենսաէներգետիկական ցուցանիշների վրա՝ կախված միջավայրի pH-ից» վերտառությամբ գիտական նախագիծը «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն:
ԵՊՀ ասպիրանտը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ խմորասնկերը հայտնի են հնագույն ժամանակներից և լայնորեն օգտագործվում են տարբեր արդյունաբերություններում, իսկ S. cerevisiae խմորասունկը լաբորատոր հետազոտությունների ամենատարածված օբյեկտն է:
Գոհար Ազբեկյանի խոսքով՝ քացախաթթուն (ՔԹ) երկար տարիներ մեծ հետաքրքրություն է ներկայացրել խմորասնկերի հետազոտության բնագավառում: Այն առաջանում է խմորասնկերում սպիրտային խմորման, ինչպես նաև լիգնոցելյուլոզային կենսազանգվածի մշակման արդյունքում:
Ասպիրանտը թեման ընտրել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քացախաթթվի ազդեցությամբ խմորասնկերի նյութափոխանակության գործընթացներում առաջացող փոփոխությունները դեռևս ամբողջապես ուսումնասիրված չեն և շարունակում են մնալ գիտական հետազոտությունների կարևոր ուղղություն։
«Թեմայի արդիականությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խմորասնկերի նյութափոխանակության գործընթացների վերահսկումն ու կարգավորումը ժամանակակից գիտության կարևոր խնդիրներից են։ Հետևաբար քացախաթթվի ազդեցության ուսումնասիրությունը միտված է նպաստելու ոչ միայն նյութափոխանակության գործընթացների օպտիմալացմանը, այլև արժեքավոր այնպիսի նյութերի արտադրության հնարավորությունների բացահայտմանը, ինչպիսիք են էթանոլը, գլիցերոլը»,- նշեց ԵՊՀ ասպիրանտը և հավելեց, որ այդ նյութերը կիրառվում են մի շարք ոլորտներում, այդ թվում՝ սննդարդյունաբերությունում, կենսավառելիքի արտադրությունում, կենսաքիմիական արդյունաբերությունում:
Գոհար Ազբեկյանն ակնկալում է, որ հետազոտության ընթացքում ստացված արդյունքները հնարավորություն կընձեռեն առավել մանրամասն ուսումնասիրելու և բացահայտելու քացախաթթվի ազդեցության պայմաններում խմորասնկերում ընթացող կենսաէներգետիկական և կենսաքիմիական գործընթացների կարգավորման հիմնական մեխանիզմները։
«Հնարավոր կլինի հատկապես պարզել, թե ինչպես է քացախաթթուն ազդում բջջային նյութափոխանակության, էներգիայի արտադրության և կենսաքիմիական հավասարակշռության վրա։ Ստացված տվյալները հիմք կդառնան խմորասնկերում նյութափոխանակության գործընթացների նպատակային կարգավորման նոր մոտեցումների մշակման համար»,- մատնանշեց նա:
Թեմայի շրջանակում նախատեսվում է նաև համագործակցություն Բարիի Ալդո Մորո համալսարանի (Իտալիա) գործընկերների հետ:
«Մասնավորապես աշխատելու եմ դոցենտ Նիկոլետտա Գուարագնելլայի հետ: Համագործակցության շրջանակում ես և իմ գիտական ղեկավարը՝ Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Կարեն Թռչունյանը, արտերկրի գործընկերների հետ կկատարենք համատեղ գիտական հետազոտություն՝ ներառյալ փորձարարական աշխատանքներ, տվյալների հավաքագրում, ստացած արդյունքների համատեղ վերլուծություն և գիտական հոդվածների պատրաստում, ինչը կնպաստի միջազգային համագործակցության ամրապնդմանն ու հետագա զարգացմանը»,- ասաց ասպիրանտն ու ընդգծեց, որ համագործակցությունը, միտված լինելով միջազգային գիտական կապերի ամրապնդմանը, հնարավորություն կընձեռի նաև հիմք ստեղծելու հետագա նախագծերի, դրամաշնորհների և միջազգային գիտական ծրագրերում հաջողությամբ ներգրավվելու համար։
Կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտը խմորասնկերի հետազոտության ուղղությամբ աշխատել է դեռևս բակալավրիատում ուսումնառելու տարիներից:
«Մագիստրատուրայում ուսումնասիրել եմ քացախաթթվային սթրեսի ազդեցությունը S. cerevisiae ATCC 9804 և ATCC 13007 շտամների աճի և ֆիզիկաքիմիական ցուցանիշների վրա՝ կախված միջավայրի pH-ից։ Արդյունքները ցույց են տվել, որ քացախաթթվի կոնցենտրացիայից և թթվածնի հասանելիությունից կախված՝ խմորասնկերը արձագանքել են սթրեսային գործոնին տարբեր ձևերով»,- ընդգծեց Գոհար Ազբեկյանը:
Նշենք, որ հետազոտության արդյունքները թեզիսներով տպագրվել են գիտական տարբեր ամսագրերում, պաստառային և այլ ձևաչափերով ներկայացվել մի շարք գիտաժողովներում, այդ թվում՝ «Եվրոպական կենսաէներգետիկայի համաժողով-2024», «FEMS MICRO-2025», «Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ հանուն կայուն զարգացման նպատակների-2025» գիտական միջոցառումներում: