- Главная
- Node
- ԵՊՀ-ում մեկնարկեց «Հետխորհրդային հիշողությունը ճգնաժամերի և շահարկումների ժամանակ» միջազգային համաժողովը
Января 22, 2026 | 14:00
Գիտություն
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
ԵՊՀ-ում մեկնարկեց «Հետխորհրդային հիշողությունը ճգնաժամերի և շահարկումների ժամանակ» միջազգային համաժողովը
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց Հիշողության ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի («Memory Studies Association») «PoSoCoMeS» («Post-Soviet and Comparative Memory Studies») աշխատանքային խմբի տարեկան երրորդ համաժողովը՝ «Հետխորհրդային հիշողությունը ճգնաժամերի և շահարկումների ժամանակ» խորագրով։ Համաժողովի նպատակն է բացահայտել Եվրասիայում կոմունիստական ու սոցիալիստական անցյալի հիշողության ձևավորման բարդ, բազմաշերտ և երբեմն հակասական գործընթացները։
Հետսոցիալիստական և համեմատական հիշողության ուսումնասիրությունների «PoSoCoMeS» աշխատանքային խումբը Հիշողության ուսումնասիրությունների ասոցիացիայի մաս է կազմում։ Խումբը նպատակ ունի միավորելու հետսոցիալիստական երկրներում և այդ տարածաշրջաններում աշխատող հետազոտողներին, մասնագետներին և ակտիվիստներին՝ խթանելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջտարածաշրջանային համեմատական ուսումնասիրությունները, որոնք Արևելյան Եվրոպան կապում են Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Ասիայի հետ՝ ձևավորելով հետսոցիալիստական հիշողությունների ավելի լայն հայեցակարգեր։
Համաժողովի շրջանակում հատուկ ընդգծվում է անցկացման վայրը․ ուշադրության կենտրոնում է Հարավային Կովկասը (մասնավորապես՝ Հայաստանը)՝ որպես անընդհատ վերափոխվող հետսոցիալիստական տարածաշրջան։
Տարածաշրջանային խոր ճգնաժամերի պայմաններում ռազմական, դիվանագիտական և հումանիտար այն ուղիները, որոնց միջոցով հետսոցիալիստական համայնքներն ու նրանց առաջնորդները հիշում և վերաիմաստավորում են անցյալը, էական փոփոխությունների են ենթարկվում։ Հիշողությունը նախկին խորհրդային և սոցիալիստական տարածքում վերածվել է դինամիկ մարտադաշտի, որտեղ պատմության մրցակցողները պայքարում են գերիշխանության համար՝ հաճախ սերտորեն կապվելով ներկայիս պատերազմների և քաղաքական գործընթացների հետ։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ Երևանի պետական համալսարանում ամեն տարի կազմակերպվում են բազմաթիվ, հատկապես միջազգային գիտաժողովներ, իսկ գիտական հրապարակումները ԵՊՀ գործունեության կարևորագույն բաղադրիչներից են։
«ԵՊՀ-ն միայն կրթական հաստատություն չէ․ համալսարանի աշխատակիցների զգալի մասը համատեղում է դասախոսական և գիտահետազոտական գործունեությունը, իսկ ավելի քան 200 աշխատակից զբաղվում է բացառապես գիտական աշխատանքով։ Վերջին տարիներին նկատելիորեն աճել է ԵՊՀ աշխատակիցների հրապարակումների քանակը գրախոսվող միջազգային ամսագրերում, և այդ աճը շարունակական է, քանի որ առաջխաղացման բոլոր փուլերում միջազգային գիտական հրապարակումները համարվում են հիմնարար պահանջ»,- մատնանշեց նա։
Համաժողովը համախմբել է ավելի քան 130 մասնակիցների, որոնք ուսումնասիրում են հավաքական և մշակութային հիշողությունը նախկին կոմունիստական և սոցիալիստական Արևելյան Եվրոպայի ու Խորհրդային միության երկրներում։ Այդ ուսումնասիրությունները վերաբերում են ոչ միայն կոմունիստական ժամանակաշրջանին, այլև հետկոմունիստական վերափոխումներին, որոնք վերջին տարիներին տեղի են ունենում չափազանց արագ։
Բացի դրանից՝ համաժողովի շրջանակում քննարկվում է հիշողության մեխանիզմների փոփոխությունը, քանի որ թվային դարաշրջանը արմատապես վերափոխում է մարդկանց հիշելու և հիշողություն փոխանցելու ձևերը։ Առանձին ուշադրություն է դարձվում նաև այն հանգամանքին, թե ինչպես է հավաքական հիշողությունը հաճախ խեղաթյուրվում և շահարկվում քաղաքական խմբերի, կառավարությունների և մեդիա դերակատարների կողմից՝ սեփական նպատակներին հասնելու, ավտորիտար վերահսկողությունը կամ հարևանների դեմ պատերազմները արդարացնելու համար։ Այդ պատճառով էլ համաժողովի խորագրում հատուկ շեշտադրվում են ճգնաժամերը և շահարկումները։
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնի քաղաքակրթական և մշակութային բաժնի առաջատար գիտաշխատող, համաժողովի համակարգող Ալեքսանդր Աղաջանյանի խոսքով՝ համաժողովի ընթացքում կազմակերպվել է նաև վավերագրական երկու ցուցահանդես։ Առաջինը Նազիկ Արմենակյանի վավերագրական-լուսանկարչական նախագիծն է, որը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց լուսանկարչական պատմությունները։ Երկրորդ ցուցահանդեսը նվիրված է վերջին տարիներին արցախահայերի բռնի տեղահանության գործընթացներին․ լուսանկարները հավաքագրվել են Արցախի գյուղերի և քաղաքների տարհանման ընթացքում։
Համաժողովը գիտնականներին հնարավորություն է տալիս քննադատաբար ուսումնասիրելու, թե ինչպես է մշակութային հիշողությունը փոխազդում հետսոցիալիստական իմացաբանական և իրական կյանքի ճգնաժամերի, ինչպես նաև դրանք հիշելու ռազմավարությունների հետ։
Նշենք, որ միջոցառումը կշարունակվի մինչև ս․թ․ հունվարի 24-ը։


















