- Главная
- Node
- Կրթությունն ու զբոսաշրջությունը մեկ հարթակում. ԵՊՀ-ում քննարկվեց ոլորտի զարգացման ռազմավարությունը
Февраля 16, 2026 | 15:33
Գիտություն
Կրթություն
Միջոցառումներ
Կրթությունն ու զբոսաշրջությունը մեկ հարթակում. ԵՊՀ-ում քննարկվեց ոլորտի զարգացման ռազմավարությունը
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվեց պանելային քննարկում՝ «Կրթական համակարգի դերը զբոսաշրջության զարգացման գործընթացում» խորագրով։ Քննարկման նպատակն էր խթանել կրթության, պետական կառույցների և զբոսաշրջության մասնավոր հատվածի միջև գործակցությունը, անդրադառնալ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման խնդիրներին, ինչպես նաև ձևավորել գործնական և համագործակցային կայուն կապեր կրթական հաստատությունների և գործատուների միջև։
Քննարկման շրջանակում ներկայացվեց ՀՀ զբոսաշրջության 2026–2030 թթ. զարգացման ռազմավարությունը և կրթության դերը դրա իրականացման գործընթացում։ Այնուհետև անցկացվեց երկփուլ պանելային քննարկում՝ ոլորտային մարտահրավերների, կրթություն–մասնավոր հատված համագործակցության, ուսանողների պրակտիկայի կազմակերպման, աշխատաշուկայի պահանջների վերլուծության և կրթական ծրագրերի բարելավման ուղղությամբ առաջարկների ձևակերպմամբ։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, կարևորելով կրթություն-գործատու համագործակցությունը, ընդգծեց, որ հնարավոր չէ պատրաստել բարձրորակ մասնագետներ՝ առանց ոլորտի իրական պահանջներին արձագանքող գործընկերային միջավայրի։ Նրա խոսքով՝ համալսարանի առաքելությունն է ոչ միայն փոխանցել տեսական գիտելիք, այլև ձևավորել մասնագիտական հմտություններ գործատուների հետ համատեղ աշխատանքի միջոցով։ Դեկանը նշեց, որ նման հարթակներն են հնարավորություն տալիս բացահայտելու ոլորտի խնդիրները, լսելու մասնավոր հատվածի և պետական կառույցների դիտարկումները և համատեղ ձևակերպելու արդյունավետ լուծումներ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, ներկայացնելով ՀՀ զբոսաշրջության 2026–2030 թթ. ռազմավարությունը, ընդգծեց, որ զբոսաշրջությունը Հայաստանում գրանցում է ակտիվ աճ, սակայն զարգացման տեմպերին համընթաց՝ անհրաժեշտ է ապահովել ծառայությունների որակի բարձրացում ինչպես տուրիզմի, այնպես էլ հյուրընկալության ոլորտներում։ Նրա խոսքով՝ Զբոսաշրջության կոմիտեն՝ որպես երկրի մարքեթինգային առաջատար կառույց, չի կարող արդյունավետ իրականացնել իր առաքելությունը՝ առանց մրցունակ և ժամանակակից կրթություն ստացած մասնագետների։ Նա նշեց նաև, որ ՀՀ Կառավարության կողմից հաստատված ռազմավարությամբ սահմանվել են ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները, որոնց իրագործման առանցքային գործընկերներից մեկը կրթական համակարգն է։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Աստղիկ Մնացականյանն ընդգծեց, որ ժամանակակից աշխարհում կրթության արդյունավետությունը գնահատվում է ոչ միայն լսարանային դասընթացների որակով, այլև այն հնարավորություններով, որոնք համալսարանը ստեղծում է ուսանողների մասնագիտական զարգացման համար։ Ըստ նրա՝ պետական և մասնավոր կառույցների հետ համագործակցության ինստիտուցիոնալացումը հնարավորություն է տալիս ուսանողներին ձեռք բերելու գործնական փորձ, զարգացնելու մասնագիտական և սոցիալական հմտություններ և առավել վստահ մուտք գործելու աշխատաշուկա։
Միջոցառման ավարտին ԵՊՀ-ն մտադրությունների հուշագիր կնքեց «Թաթիոսա» ՍՊԸ-ի և «Դաբլթրի բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր» հյուրանոցի հետ՝ ուսանողների մասնագիտական պրակտիկայի կազմակերպման և համատեղ ծրագրերի իրականացման նպատակով։
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին ՀՀ զբոսաշրջության կոմիտեին կից դասախոսների ակումբի անդամները, զբոսաշրջային և հյուրանոցային ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ բուհերից ու կրթական հաստատություններից հրավիրված մասնագետներ։














