- Главная
- Node
- Համալսարանի ներկայացուցիչները Դրեզդենում մասնակցեցին «KPI4HE» նախագծի աշխատաժողովին
Февраля 17, 2026 | 12:46
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Շարունակական կրթություն
Համալսարանի ներկայացուցիչները Դրեզդենում մասնակցեցին «KPI4HE» նախագծի աշխատաժողովին
Փետրվարի 10–13-ը համալսարանի ներկայացուցիչները մասնակցեցին «Erasmus+» ծրագրի «KPI4HE» նախագծի շրջանակում կազմակերպված քառօրյա աշխատաժողովին, որը տեղի ունեցավ Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում։ Աշխատաժողովը միավորել էր եվրոպական գործընկեր բուհերի ներկայացուցիչներին՝ քննարկելու KPI-ների կիրառման արդյունավետ մեխանիզմները և տվյալահենք կառավարման նոր մոտեցումները։
Համալսարանից աշխատաժողովին մասնակցել են ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, դրամաշնորհների բաժնի վարիչ Արսեն Ապրոյանը, բակալավրիատի բաժնի վարիչ Մարինե Ստեփանյանը, ռազմավարական պլանավորման կենտրոնի տնօրեն Աննա Բաբաջանյանը, ռեկտորի խորհրդական Անուշավան Մակարյանը, կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Կարապետյանը, ռազմավարական կենտրոնի տնօրեն Աննա Բաբաջանյանը։
Աշխատաժողովը միտված էր աջակցելու Գլխավոր արդյունքային ցուցանիշների ազգային շրջանակի (NF-KPI) փորձարկմանը և Հայաստանի պետական հավատարմագրման չափանիշների վերանայմանը՝ եվրոպական առաջավոր փորձին համահունչ։ Միջոցառումը համախմբել էր Հայաստանի բուհերի, ՈԱԱԿ-ի (ANQA), ինչպես նաև Գերմանիայի և Իտալիայի գործընկեր եվրոպական համալսարանների ներկայացուցիչներին։
Չորս օրերի ընթացքում մասնակիցները քննարկեցին OMIR և NF-KPI փորձարկման արդյունքները, ներկայացրին ԵՄ լավագույն փորձը ինստիտուցիոնալ հետազոտությունների, որակի ապահովման, միջազգայնացման և թվային կառավարման ոլորտներում, ինչպես նաև աշխատեցին հավատարմագրման գործընթացները KPI-ների վրա հիմնված ռազմավարական պլանավորման հետ համադրելու ուղղությամբ։ Ծրագրում ներառված էին փորձագիտական զեկույցներ, թվային հարթակների գործնական աշխատարաններ և քաղաքականության երկխոսություն՝ կայունության և երկարաժամկետ ազդեցության վերաբերյալ։
Աշխատաժողովի քննարկման առանցքում էր բարձրագույն կրթության ոլորտում KPI-ների (Key Performance Indicators) կիրառումը՝ որպես բուհերի ռազմավարական կառավարման, արդյունավետության գնահատման և որակի ապահովման գործիք։ Քննարկումները հնարավորություն տվեցին ԵՊՀ-ին համադրելու սեփական փորձը եվրոպական գործընկերների մոտեցումների հետ և հստակեցնելու KPI-ների կիրառման հետագա քայլերը համալսարանում։
ԵՊՀ ներգրավվածությունը և ներկայացված փորձը
Ծրագրի շրջանակում ԵՊՀ ներկայացուցիչները մասնակցեցին քննարկումների, որոնք առնչվում էին հետևյալ թեմաներին՝
KPI-ների կիրառմանը բարձրագույն կրթության և հավատարմագրման գործընթացում՝ Օլդենբուրգի համալսարանի օրինակով,
միջազգայնացման, հավասարության, բազմազանության և ներառականության ցուցանիշների՝ որպես ռազմավարական գործիքների մշակմանը՝ սահմանված KPI-ներին հասնելու համար (Իտալիայի բուհերի օրինակով),
թվայնացման գործընթացների և տվյալահենք կառավարման կապին KPI-ների հետ,
արտաքին գնահատման համակարգին՝ Իտալիայի փորձի համատեքստում,
ներքին և արտաքին որակի ապահովման հանձնաժողովների մոդելներին Իտալիայի բուհերում,
միջազգայնացման և ներառականության ռազմավարություններին՝ Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի փորձի համատեքստում։
Քննարկումների ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց KPI-ների մշակման մեթոդաբանությանը, տվյալների հավաքագրման և վերլուծության մեխանիզմներին, ինչպես նաև դրանց ներդրման ընթացքում առաջացող կազմակերպական և ինստիտուցիոնալ մարտահրավերներին։ Համալսարանականները ներկայացրին նաև ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքները և բուհում KPI-ների կիրառման ուղղությամբ կատարված քայլերը։
Գործնական աշխատանք և ռազմավարական մոտեցումներ
Աշխատաժողովի ընթացքում կազմակերպվեց նաև ինտերակտիվ գործնական աշխատանք՝ խաղի ձևաչափով, որի նպատակն էր խորացնել մասնակիցների ըմբռնումը KPI-ների ընտրության և կիրառման վերաբերյալ։
Բուհերին առաջարկվեցին ռազմավարական մի շարք ուղղություններ, այդ թվում՝ շրջանավարտների զբաղվածության խթանում և տարածաշրջանում նրանց պահպանում, կրթական ծրագրերի համապատասխանեցում աշխատաշուկայի պահանջներին, հասարակական ներգրավվածություն և սոցիալական ազդեցություն, աշխատանքի վրա հիմնված ուսուցում և պրակտիկայի ընդլայնում, շարունակական և մեծահասակների կրթության զարգացում։
Յուրաքանչյուր ուղղության համար մասնակիցները ընտրում էին առավել նպատակային ցուցանիշներ և հիմնավորում դրանց կարևորությունը իրենց համալսարանի ռազմավարական զարգացման համատեքստում։ Գործնական քննարկումները ԵՊՀ ներկայացուցիչների համար կարևոր հնարավորություն էին վերանայելու ցուցանիշների ձևակերպման մոտեցումները և համադրելու դրանք համալսարանի ռազմավարական առաջնահերթությունների հետ։
Կարևոր քայլ տվյալահենք կառավարման ուղղությամբ
Դրեզդենում կայացած աշխատաժողովը կարևոր փուլ էր «KPI4HEI» նախագծի իրականացման գործում և նոր խթան՝ ԵՊՀ-ում տվյալահենք կառավարման մշակույթի ամրապնդման համար։ Միջազգային փորձի ուսումնասիրությունն ու գործընկեր բուհերի հետ քննարկումները կնպաստեն համալսարանում KPI-ների արդյունավետ մշակմանը, կիրառմանը և մշտադիտարկմանը՝ բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավման նպատակով։
Դրեզդենի աշխատաժողովը կարևոր քայլ էր Հայաստանի և ԵՄ բարձրագույն կրթության հաստատությունների միջև համագործակցության ամրապնդման, ինչպես նաև Հայաստանում ներառական, թվային և «կանաչ» ուղղվածությամբ բարձրագույն կրթության բարեփոխումների առաջմղման ճանապարհին։
Նշենք, որ «KPI4HE» նախագիծը համաֆինանսավորվում է Եվրոպական միության «Erasmus+ Programme» ծրագրի շրջանակում։
Հիշեցնենք, որ ծրագրի համակարգողը Երևանի պետական համալսարանն է, մասնակիցները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ), ՀՀ հինգ բուհեր, մեկ ՀԿ, ինչպես նաև եվրոպական երեք բուհեր (Դրեզդենի տեխնիկական, Օլդենբուրգի (Գերմանիա) և Ջենովայի (Իտալիա) համալսարանները):







