- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ն՝ «TOPIK» կորեերենի միջազգային քննության կենտրոն
Փետրվար 17, 2026 | 15:28
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ն՝ «TOPIK» կորեերենի միջազգային քննության կենտրոն
Երևանի պետական համալսարանը պաշտոնապես հաստատվել է որպես կորեերենի իմացության միջազգային քննության՝ «TOPIK»-ի (Test of Proficiency in Korean) անցկացման կենտրոն։
Քննությունը կազմակերպվում և անցկացվում է Կորեայի Հանրապետության կրթության նախարարության ենթակայությամբ գործող Միջազգային կրթության ազգային ինստիտուտի (NIIED) և Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանության համակարգմամբ։
«TOPIK»-ը կորեերենի իմացության միջազգային պաշտոնական հավաստագրման քննություն է, որի վկայականը լայնորեն կիրառվում է Կորեայի Հանրապետությունում կրթական ծրագրերի, կրթաթոշակների, աշխատանքի և ակադեմիական ընդունելությունների գործընթացներում։
Այսուհետ Հայաստանում կորեերեն սովորողները հնարավորություն կունենան հանձնելու «TOPIK» քննությունը Երևանի պետական համալսարանում՝ առանց արտերկիր մեկնելու անհրաժեշտության։ Քննությանը մասնակցելու հնարավորություն ունեն բոլոր ցանկացողները՝ ինչպես ԵՊՀ ուսանողները, այնպես էլ Հայաստանում և տարածաշրջանում կորեերեն ուսումնասիրող անձինք։
Ս․թ․ հոկտեմբերի 17-ին նախատեսվում է անցկացնել առաջին քննությունը Երևանի պետական համալսարանում։
Դիմումների ընդունման ժամկետները կհայտարարվեն լրացուցիչ՝ «TOPIK» կենտրոնի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն։
ԵՊՀ-ում «TOPIK» քննության անցկացումը կարևոր քայլ է Հայաստանում կորեերենի ուսուցման զարգացման և միջազգային ակադեմիական համագործակցության ընդլայնման ուղղությամբ։