- Главная
- Node
- Գիտական նոր դիտարկում Ավանի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու հիմնադրման տարեթվի շուրջ
Марта 05, 2026 | 12:38
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Մշակույթ
Գիտական նոր դիտարկում Ավանի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու հիմնադրման տարեթվի շուրջ
Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցական համալիրը, որը ներառում է Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին և կաթողիկոսարանը, ինչպես նաև Սուրբ Հովհաննես եկեղեցին, մատուռը և միջնադարի կոթողային հուշարձանները, ներկայացնում է Երևանի «Ավան» վարչական շրջանի միջնադարյան պատմամշակութային հարուստ ժառանգությունը։ Տվյալ հուշարձանախմբում Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին եզակի է ինչպես ճարտարապետությամբ, այնպես էլ պատմությամբ։ Այս ամենի մասին փաստում է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, հետազոտող Ավետիք Ղազարյանը, որը կատարել է ուսումնասիրություն՝ նվիրված Ավանի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու թվագրմանը։
Ավետիք Ղազարյանի խոսքով՝ Ավանի վանք ճարտարապետական և պատմական հենքի վրա կատարված ուսումնասիրություններն սկսվել են դեռևս 19-րդ դարից, և հետազոտողների աշխատանքներում թվագրման վերաբերյալ առկա է բազմակարծություն:
Նա իր «Ավանի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու թվագրման հարցի շուրջ» խորագրով հետազոտությամբ համալրել է ճարտարապետ, հնագետ Թորոս Թորամանյանի այն տեսակետը, ըստ որի՝ Ավանի Կաթողիկե Ս․ Աստվածածին եկեղեցին հիմնադրվել է 6-րդ դարավերջում։ Այս համատեքստում ԵՊՀ հետազոտողը ընդգծում է․ «Թեպետ Թ. Թորամանյանը չի նշել եկեղեցու կառուցման հստակ տարեթիվը, սակայն պատմաճարտարապետական տվյալների հիման վրա թվագրել է այն 6-րդ դարավերջով՝ սկսած 591 թվականից»:
Ավետիք Ղազարյանի մեկնաբանմամբ՝ մինչ այս պահը եկեղեցու թվագրման վերաբերյալ կատարված հետազոտություններում չեն ներառվել փիլիսոփա, հոգևորական Հովհան Մայրագոմեցու փոխանցած տվյալները։
«Նա տեղեկություններ է հաղորդել քաղկեդոնադավան հակաթոռ կաթողիկոսության միակ կաթողիկոս Հովհան Բագարանցու կենսագրական տվյալների, դավանական խնդիրների, ինչպես նաև այն զարգացումների մասին, որոնք տեղի են ունեցել Հայոց եկեղեցու Դվինի աթոռանիստի և Ավանի քաղկեդոնադավան հակաթոռ աթոռանիստի միջև: Այս տեղեկությունները հնարավորություն են տալիս վերանայելու և առավել մոտ լինելու Թորոս Թորամանյանի եզրահանգմանը: Նա Ավանի տաճարի կառուցումը պայմանավորում է Հովհան Բագարանցու կաթողիկոսության շրջանի հետ՝ 591-611 թթ․, իսկ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը՝ 6-րդ դարի ավարտով»,- ասում է Ավետիք Ղազարյանը:
Հետազոտողը նաև հավաստում է, որ Ավանի տաճարը հռիփսիմեատիպ եկեղեցիների նախատիպն է, որի լավագույն օրինակը Էջմիածնի Հռիփսիմեի տաճարն է։
«Հիմք ընդունելով նաև Էջմիածնի Հռիփսիմեի և նմանատիպ մյուս տաճարների կառուցման ժամանակահատվածը, ինչպես նաև գիտակարգային այլ տվյալներ՝ կարող ենք եզրակացնել, որ Ավանի տաճարի շինարարությունն սկսվել է 591 թվականից հետո։ Իսկ այսօրինակ կառույցի համար անհրաժեշտ ժամանակահատվածը առավելագույնի հասցնելով՝ կարող ենք ենթադրել, որ այն պետք է ավարտված լիներ 595–597 թթ․»,- մատնանշում է նա։
Անդրադառնալով 19–20-րդ դարերի մի շարք հետազոտողների տարակարծություններին՝ Ավետիք Ղազարյանը նշում է, որ, օրինակ, Ա. Երեմյանը եկել է այն եզրահանգման, որի համաձայն՝ Հովհան Բագարանցին կաթողիկոս է դարձել 584 թ. Կարինում, իսկ Ավանում հաստատվել է 588–590 թթ․։
«Ըստ Կ. Ղաֆադարյանի տեսակետի՝ Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է Հովհան Բագարանցու վանահայրության ժամանակ։ Ղաֆադարյանը հուշարձանի կառուցումը թվագրում է VI դարի երկրորդ կեսով, սակայն այն համարում է ավելի վաղ, քան Ավանում հակաթոռ կաթողիկոսության հաստատումը։ Հետազոտող Տ. Մարությանը, հիմք ընդունելով ինչպես մատենագրական տվյալները, այնպես էլ եկեղեցու ճարտարապետաշինարարական առանձնահատկությունները, եզրակացնում է, որ եկեղեցու կառուցումն ավարտվել է 582–584 թթ., իսկ 591–592 թթ. կառուցվել է կաթողիկոսարանը»,- նշում է նա:
Դասախոսը, ներկայացնելով Ավանի տաճարի պատմական առանձնահատկությունը, նշեց, որ այն հայոց պատմության մեջ եղել է հայ քաղկեդոնադավան հակաթոռ կաթողիկոսության միակ աթոռանիստը։ Միաժամանակ նա ընդգծեց, որ հայոց պատմության ընթացքում քաղկեդոնադավան միակ հայ կաթողիկոսը եղել է Հովհան Բագարանցին։
Ավետիք Ղազարյանն իր հետազոտության մեջ անդրադարձել է նաև այն իրողությանը, որ հակաթոռ կաթողիկոսը ձեռնադրվել է Կարինում, ապա հաստատվել Ավանում: Սակայն Ավանում նրա հաստատումը կարճատև է եղել, քանի որ VII դարի սկզբին Պարսկաստանը վերանվաճել է Բյուզանդիայի տիրապետության տակ գտնվող տարածքները, և հակաթոռ կաթողիկոսությունը կրկին տեղափոխվել է Կարին։
«Ավանի հակաթոռ կաթողիկոսությունը ստեղծվել էր Բյուզանդիայի Մորիկ կայսեր հրամանով։ Մշտապես դավանաբանական վեճեր էին ընթանում, և պայքար էր մղվում՝ հայոց եկեղեցին բյուզանդական եկեղեցուն ենթարկելու նպատակով։ Այդ ժամանակաշրջանի երկու կաթողիկոսները՝ Մովսեսը և Աբրահամը, լրջագույն դիմադրություն էին ցույց տալիս։ Սակայն Մովսես կաթողիկոսի օրոք, այնուամենայնիվ, հաստատվեց Հովհան Բագարանցու աթոռը։ Իսկ Բագարանցու մահվամբ ավարտվեց քաղկեդոնադավան հակաթոռ կաթողիկոսությունը»,- ասում է հետազոտողը։
Նշենք, որ բյուզանդական եկեղեցին Քաղկեդոնի ժողովից հետո պաշտոնապես ընդունեց քաղկեդոնական դավանանքը՝ այն վարդապետությունը, ըստ որի՝ Քրիստոսն ունի երկու բնություն՝ աստվածային և մարդկային։ Իսկ հայ եկեղեցին, չտարանջատելով աստվածային և մարդկային բնությունները, մնաց այն դիրքորոշմանը, որ Քրիստոսն ունի մեկ բնություն՝ աստվածամարդկային։
Հետազոտողը, կարևորելով նաև Ավանի տաճարի ճարտարապետության տարածաշրջանային նշանակությունը, շեշտեց․ «Ավանի տաճարը քառախորան է, անկյունային հատվածներում ունի ավանդասենյակներ, որոնք մուտքի բացվածքներով միանում են ներսի ընդհանուր սրահին։ Այն հնգագմբեթ է և նմանություն ունի Վրաստանում կառուցված Ջվարի վանքին: Երկար ժամանակ քննարկվում էր, թե որ կառույցն է ավելի վաղ կառուցվել: Հետազոտությամբ հաստատվում է նաև, որ Ավանի տաճարը ավելի վաղ է կառուցվել: Նշեմ, որ Ջվարի եկեղեցու կառուցողները նույնպես եղել են հայ վարպետները»:
Ավետքի Ղազարյանի հավաստմամբ՝ որոշ մատենագրություններում կա նաև հիշատակություն այն մասին, որ երբ Հովհան Բագարանցին լքել է Ավանի տաճարը, այն վերածվել է Դվինի հայոց կաթողիկոսությանը ենթակա հայադավան վանքի։
Ավանի տաճարն ավերվել է 1675 թ. երկրաշարժի հետևանքով: Տաճարի մասնակի ամրացումը կատարվել է 20-րդ դարում: