- Գլխավոր
- Նորություններ
- Ինչո՞ւ զբաղվել գիտությամբ. քննարկում ԵՊՀ-ում
Մարտ 04, 2026 | 12:02
Գիտություն
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
Ինչո՞ւ զբաղվել գիտությամբ. քննարկում ԵՊՀ-ում
Հաջողության պատմություններից մինչև ձախողումների ուսուցողական նշանակություն, զարմանքից մինչև գիտական բացահայտումներ, գիտությունից՝ բիզնես, որո՞նք են գիտությամբ զբաղվելու շարժառիթներն ու գրավչությունը, ինչո՞ւ զբաղվել գիտությամբ. այս հարցերի շուրջ ԵՊՀ-ում ծավալվեց «Ինչո՞ւ զբաղվել գիտությամբ» խորագրով պանելային քննարկումը, որն անցկացվեց Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրը: Քննարկումը մեկ հարթակում համախմբեց ոլորտը ներկայացնող տարբեր սերունդների աղջիկների ու կանանց՝ աշակերտ, մագիստրանտ, գործող ակտիվ գիտնականներ: Խոսնակները փաստեցին, որ կար ժամանակ, երբ գիտությամբ զբաղվելը պայմանավորված էր միայն նախասիրությամբ, քանի որ եկամտաբեր չէր, սակայն ներկայում այն նաև հնարավորություն է ընձեռում եկամուտ ապահովելու:
Քննարկման խոսնակները գիտության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կանայք էին, որոնք ներկայացրին գիտության ոլորտ մուտք գործելու իրենց անձնական պատմությունները՝ խոսելով ընտրության դրդապատճառների, դժվարությունների ու ձեռքբերումների մասին։
Դեպի գիտություն․ անձնական հետաքրքրությունից մինչև գիտակցված առաքելություն
ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ, քննարկման մոդերատոր Երանուհի Մանուկյանի հարցադրմանը, թե ինչու զբաղվել գիտությամբ, ի պատասխան հնչեցին տարբեր տեսակետներ. գիտության աշխարհ տանող ճանապարհները որքան էլ տարբեր են, սակայն ընդհանրականը մեկն է՝ գիտության ոլորտում նոր հորիզոններ բացահայտելու և սեփական ներուժն իրացնելու ձգտումը:
ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանի խոսքով՝ գիտությունը նախևառաջ ներքին պահանջ է՝ հիպոթեզ ձևակերպելու, այն ստուգելու, երբեմն նաև հերքելու ճանապարհը անցնելու պատրաստակամություն, քանի որ գիտության մեջ նույնիսկ հերքումը արդյունք է։ Շուրջ 26 տարի գիտության բնագավառում գործունեություն ծավալող գիտնականը պատմեց, որ գիտության ոլորտ մուտք գործելը որոշ առումով պատահական էր։ Սկզբում նա պարզապես փնտրում էր մասնագիտական գրականություն, սակայն այդ որոնումները վերածվեցին աշխատանքի առաջարկի և հետազոտական գործունեության։ Հետագայում գիտությամբ զբաղվելը դարձավ նրա մշտական ընտրությունը, քանի որ հնարավորություն ընձեռեց իրացնելու սեփական ներուժը։
Գիտությամբ զբաղվելը՝ եկամտի աղբյուր
ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի եռաչափ տպագրության լաբորատորիայի ղեկավար Մարինա Աղայանը պատմեց, որ համալսարան ընդունվելուն պես ներգրավվել է գիտական աշխատանքներում՝ չնայած այն ժամանակ գիտությամբ զբաղվելը չէր ապահովում ֆինանսական կայունություն։ Նրա խոսքով՝ աշխատավարձը համեստ էր, և ստիպված էր զուգահեռ աշխատել այլ ոլորտներում: Միաժամանակ նա ուրախությամբ արձանագրեց, որ այսօր իրավիճակը փոխվել է, և գիտությամբ զբաղվելը ոչ միայն մասնագիտական իրացում է ապահովում, այլև կարող է դառնալ կայուն եկամտի աղբյուր:
Նա ընդգծեց, որ գիտական միջավայրի առանձնահատուկ մթնոլորտը՝ մտավոր ազատությունը, գործընկերային հարաբերությունները և ստեղծարար աշխատանքային ոճը, վճռորոշ նշանակություն են ունեցել։ Մարինա Աղայանի համոզմամբ՝ գիտությունը ոչ միայն մասնագիտություն է, այլև ամուր հիմք հետագա արդյունավետ գործունեության համար։ Նա ներկայացրեց հաջողության հասնելու «հինգ փուլերը»՝ գիտելիք, հմտություններ, համագործակցային կապեր, ռեսուրսներ և ճանաչում՝ ընդգծելով, որ առանց առաջին երկուսի՝ մնացածը հեշտությամբ կարող են փլուզվել։
Ըստ նրա՝ նույնիսկ եթե երիտասարդը հետագայում ընտրի այլ ոլորտ, գիտությամբ զբաղվելու փորձառությունը ձևավորում է մտածողություն և կարողություններ, որոնք կարևոր ներդրում են մասնագիտական ու անձնային աճի ճանապարհին։
Գիտական միջավայրը՝ որպես ինքնիրացման հարթակ
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի մագիստրանտ Նելլի Ղարիբյանը պատմեց, որ թեև համալսարան ընդունվելիս արդեն ընտրել էր ֆիզիկայի ոլորտը՝ բնության երևույթների ուսումնասիրության հանդեպ հետաքրքրությունից ելնելով, գիտահետազոտական գործունեությանը միացել է երրորդ կուրսում՝ սկզբում պարզապես «փորձելու» մտադրությամբ։ Ժամանակի ընթացքում ընդգրկվելով հետազոտական գործընթացում՝ հասկացել է, որ իրեն գրավում է ոչ միայն արդյունքը, այլև ամբողջ ճանապարհը՝ երկարատև, երբեմն՝ անորոշ, բայց խորապես հետաքրքիր գիտական որոնումը։ Այսօր նա գիտությունը համարում է ոչ միայն մասնագիտություն, այլև ինքնիրացման միջոց։
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտ Մարիամ Գալստյանի համար գիտության ոլորտը աշխարհը նոր դիտանկյունից բացահայտելու հնարավորություն է, «նոր աչքերով» ուսումնասիրելու շրջապատող միջավայրը և գտնելու հարցերի պատասխաններ, որոնք այլ ոլորտներում հաճախ մնում են չբացահայտված։ Այդ ճանաչողական մղումն էլ դառնում է գիտական ճանապարհի հիմքը։
Հնչեց նաև այն միտքը, որ գիտությամբ զբաղվելը երբեմն պահանջում է նյութական դժվարությունների հաղթահարում։ Սակայն նշվեցին նաև առավելություններ, որոնք ոլորտը դարձնում են մրցունակ, զարգացող, գրավիչ ու պահանջված. հատկապես վերջին տարիներին գիտության ոլորտի զարգացմանն ուղղվող դրամաշնորհային ծրագրերը ոլորտը դարձնում են ավելի մրցունակ, գիտական նորարարությունների համար արդյունավետ, միջազգային համագործակցություններն ու ճանաչելիությունը՝ խթանող: Գիտական միջավայրն առանձնանում է համագործակցային մթնոլորտով, մտավոր ազատությամբ և մարդկային հարաբերությունների յուրահատուկ մշակույթով:
Ձախողումը՝ որպես գիտական ճանապարհի բնական փուլ
Քննարկման ընթացքում խոսնակներն անդրադարձան նաև գիտական ճանապարհին ձախողման և զարմանքի դերին։ Նշվեց, որ գիտության մեջ ձախողումը ոչ թե վախեցնող ավարտ է, այլ բնական ու անհրաժեշտ փուլ, որը կոփում է հետազոտողին։ Բախվելով չարդարացված սպասելիքների՝ պետք է հասկանալ, որ հենց այդ փորձառություններն են սովորեցնում հաղթահարել դժվարությունները և առաջ շարժվել։ Խոսնակներն ընդգծեցին, որ երբեմն ձախողում են համարում իրենց ներդրած ջանքերի «չարդարացումը»։ Սակայն, նրանց համոզմամբ, սխալներն ու հիասթափությունները ձևավորում են դիմացկունություն և պատասխանատվություն։
Զարմանքը՝ գիտական հետազոտության մեկնակետ
Խոսվեց նաև զարմանքի ուժի մասին՝ որպես գիտական մտածողության մեկնակետ։ Խոսնակները բերեցին օրինակներ, թե ինչպես են առանձին գիտական դիտարկումներ կամ անսպասելի փաստեր դարձել հետագա ուսումնասիրությունների խթան։ Ընդգծվեց, որ գիտությունը այն եզակի ոլորտներից է, որտեղ շարունակաբար զարմանալու և բացահայտելու հնարավորությունը պահպանվում է տարիներ շարունակ, իսկ հաջողությունը մեծապես կախված է հենց հետազոտողի հետևողականությունից ու համբերությունից։
Գիտությունը՝ աշխարհը վերափոխող ուժ
Քննարկումը ցույց տվեց, որ գիտությունը համատեղում է անձնական մոտիվացիան, հետևողական աշխատանքը, փորձն ու համբերատարությունը: Նույնիսկ նվազագույն զարմանալի հայտնագործությունները կամ ուսումնասիրությունները կարող են ունենալ կիրառական լայն նշանակություն՝ բժշկության, բնապահպանության, տեխնոլոգիական և այլ ոլորտներում: Խոսնակներն իրենց անձնական փորձից ասվածը փաստող օրինակներ բերեցին, երբ իրենց կատարած հետազոտական աշխատանքը, պրակտիկ դաշտում ունենալով կիրառական նշանակություն, ներդրվել է գործնական բնագավառում՝ նպաստելով համապատասխան ոլորտում առկա խնդիրների լուծմանը, ինչպես նաև դարձել գիտական արդյունքների առևտրայնացման ու ձեռնարկատիրական գործունեության հիմք:
Ամփոփելով քննարկումը՝ նշվեց, որ գիտության գրավչությունը պայմանավորված է ոչ միայն ֆինանսական կայունությամբ, այլև մտքի ազատությամբ, ճկունությամբ, փոխակերպող ազդեցությամբ, հասարակական կյանքն ու շրջակա միջավայրը բարելավելու կարողությամբ, ինչը դարձնում է գիտությունը ոչ միայն գիտելիքի աղբյուր, այլև համակարգային փոխակերպում ու զարգացում ապահովող ուժ:
Քննարկումն անցկացվեց Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա առթիվ կայացած «Կանայք գիտության մեջ՝ հավասար իրավունքներով, հավասար հնարավորություններով» միջոցառման շրջանակում: Այն կազմակերպեց ԵՊՀ-ն՝ Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Ֆեմինիզմը գործողության մեջ՝ հանուն համակարգային փոխակերպման» (FAST) և «Կանանց հզորացում՝ հանուն բարեկեցության» (WoW) ծրագրերի շրջանակում։