Ս․թ․ հունիսի 3-ին՝ ժամը 17։30-ին, ԵՊՀ 6-րդ մասնաշենքի 102 լսարանում ԵՊՀ բիզնես ինկուբատորի նախաձեռնությամբ կանցկացվի «Թվային և նորարար տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ» խորագրով սեմինար, որի բանախոսը Թվային գյուղատնտեսության հայկական ինստիտուտի (AI4DA) հիմնադիր և գործադիր տնօրեն Վարդան Ուռուտյանն է։
Սեմինարին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ անցնելով հղումով։
Բանախոսի մասին
Վարդան Ուռուտյանը Թվային գյուղատնտեսության հայկական ինստիտուտի (AI4DA) հիմնադիրն ու գործադիր տնօրենն է։ Ինստիտուտը թվային գյուղատնտեսության ոլորտում ձևավորվող գերազանցության կենտրոն է, որը խթանում է նորարարությունը, հետազոտություններն ու կարողությունների զարգացումը խելացի տեխնոլոգիաների միջոցով՝ ներառյալ IoT լուծումները, գյուղատնտեսական ռոբոտաշինությունը, ճշգրիտ գյուղատնտեսությունը և ագրոտեխնոլոգիական կրթությունը։
2008-2018 թթ․ նա ղեկավարել է «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամը, իսկ 2010-2018 թթ․ եղել է Տեխասի A&M համալսարանի գյուղատնտեսական էկոնոմիկայի դեպարտամենտի հրավիրյալ պրոֆեսոր։ ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար համալսարանների հետ համատեղ մշակել և իրականացրել է գյուղատնտեսության և ագրոբիզնեսի ոլորտի միջազգային մի շարք կրթական ծրագրեր։
2001 թվականից դասավանդում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում (ATC), որը ստեղծվել է Տեխասի A&M համալսարանի, ՀԱԱՀ-ի և ԱՄՆ գյուղդեպարտամենտի համագործակցությամբ և առաջարկում է միջազգային չափանիշներին համապատասխան ագրոբիզնեսի կրթական ծրագրեր։
Վարդան Ուռուտյանը նաև Երևանի գինու ակադեմիայի համահիմնադիրն է։ Ակադեմիան 2015 թվականից պատրաստում է մրցունակ մասնագետներ Հայաստանի զարգացող գինեգործության ոլորտի համար։
2018-2023 թթ․ նա եղել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր։ Այդ ընթացքում նախաձեռնել է կրթական ծրագրերի բարեփոխումներ, ստեղծել ուսանողակենտրոն կրթական միջավայր և հիմնել շուրջ 60 նորարարական լաբորատորիա, կենտրոն և ուսումնա-արտադրական ենթակառուցվածք։
Վարդան Ուռուտյանը հեղինակել է ավելի քան 40 գիտական հոդված և արժանացել բազմաթիվ ազգային ու միջազգային մրցանակների։