- Գլխավոր
- Նորություններ
- Կանայք գիտության մեջ՝ հավասար իրավունքներով, հավասար հնարավորություններով
Փետրվար 11, 2026 | 14:19
Գիտություն
Կրթություն
Հասարակություն
Կանայք գիտության մեջ՝ հավասար իրավունքներով, հավասար հնարավորություններով
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Կանայք գիտության մեջ՝ հավասար իրավունքներով, հավասար հնարավորություններով» խորագրով միջոցառումը՝ ուղղված գիտության ոլորտում կանանց և աղջիկների ներգրավվածության վերաբերյալ իրազեկման բարձրացմանը, առկա խնդիրների քննարկմանը, ինչպես նաև երիտասարդ աղջիկների շրջանում գիտության հանդեպ հետաքրքրության մեծացմանը:
Դեռևս 2015 թվականի դեկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև, որով փետրվարի 11-ը հռչակվեց Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օր։ Այսպիսով, այն դարձավ միջազգային տոն, որը միտված է խթանելու գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (ՍԹԵՄ) ոլորտներում կանանց լիարժեք և հավասար ներգրավվածությանը։
«Կանայք գիտության ոլորտում՝ հավասար իրավունքներով, հավասար հնարավորություններով» միջոցառմամբ ԵՊՀ-ն մեկնարկում է նաև «Գիտության ոլորտում կանանց և աղջիկների մասնակցության խթանում» ծրագիրը, որն իրականացվում է Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Ֆեմինիզմը գործողության մեջ՝ հանուն համակարգային փոխակերպման» (FAST) և «Կանանց հզորացում՝ հանուն բարեկեցության» (WoW) ծրագրերի շրջանակում։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ նշելով, որ փետրվարի 11-ը ոչ միայն օրացուցային նշանակալի օր է, այլև կարևոր հիշեցում առ այն, որ գիտությունը լիարժեք է դառնում այն ժամանակ, երբ կառուցվում է բոլորի ներուժի, ձայնի և գաղափարների հիման վրա՝ առանց որևէ խտրականության։
«Երևանի պետական համալսարանում հետևողականորեն ձևավորվում է միջավայր, որտեղ գնահատվում են տաղանդը, հետաքրքրասիրությունն ու աշխատասիրությունը՝ անկախ սեռից։ Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր աղջիկ ուսանող, յուրաքանչյուր երիտասարդ հետազոտող զգա՝ գիտությունը «իր տեղն» է, իսկ համալսարանը՝ հուսալի հարթակ՝ աճելու, փորձարկելու, ստեղծելու և գիտական ճանապարհ կառուցելու համար»,- ասաց ռեկտորը և հավելեց, որ դրանք հաղթահարելու համար անհրաժեշտ են համակարգային լուծումներ՝ կրթական ծրագրերից մինչև ինստիտուցիոնալ մեխանիզմներ և հանրային ընկալումների փոփոխություն։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը բարձր գնահատեց միջոցառման նկատմամբ ցուցաբերված մեծ հետաքրքրությունը և շնորհակալություն հայտնեց Երևանի պետական համալսարանին նախաձեռնության համար։ Նա ընդգծեց, որ կանանց և աղջիկների ներգրավվածությունը գիտության մեջ պետք է դիտարկել որպես հետևողական և երկարաժամկետ քաղաքականություն։
Անդրադառնալով հայաստանյան իրավիճակին՝ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ վերջին տարիներին ՀՀ Կառավարությունը զգալի ներդրումներ է կատարել գիտության ոլորտում։ 2018 թվականի համեմատ գիտության ֆինանսավորումն աճել է շուրջ 180%-ով։ Ըստ նախարարի՝ ներկայում բազային ֆինանսավորմամբ ընդգրկված 3761 գիտաշխատողների 53.6%-ը կանայք են, ինչը մոտ 1.7 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը։
«Երիտասարդ կանանց շրջանում գիտության ոլորտը դառնում է ավելի գրավիչ: Հատկապես ոգևորիչ է նաև այն, որ մինչև 50 տարեկան գիտաշխատողների շրջանում կանանց մասնաբաժինը գերազանցում է 58%-ը։ Այդուհանդերձ, գիտական կազմակերպությունների ղեկավար պաշտոններում կանանց ներկայացվածությունը դեռևս շուրջ 30% է։ Սա ցույց է տալիս, որ կարիերայի առաջխաղացման հարցում դեռ անելիքներ ունենք»,- ասաց Ժ․ Անդրեասյանը։
Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը՝ նշելով, որ գիտությունն ու նորարարությունը խթանում են սոցիալական և տնտեսական առաջընթացը, սակայն ամբողջ աշխարհում կանայք և աղջիկները դեռևս լիարժեք ներկայացված չեն ինչպես մի շարք կրթական ծրագրերում, այնպես էլ աշխատաշուկայում:
«Սա պայմանավորված է հասարակության մեջ առկա կառուցվածքային տարբեր խոչընդոտներով և գենդերային դերերի պահպանմամբ: ՀՀ Կառավարության և գործընկերների, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ, Գերմանիան աջակցում է այնպիսի նախաձեռնությունների, որոնք ուղղված են գիտության, նորարարության և տեխնոլոգիաների ոլորտներում հավասար մասնակցությունը Հայաստանում օրինաչափություն դարձնելուն»,- ասաց նա:
Գիտության ոլորտում կանանց և աղջիկների հավասար ներգրավվածությանը խոչընդոտող հիմնական և առավել խորքային պատճառների, խնդիրների ու մարտահրավերների թեմային առավել խորությամբ անդրադարձավ հիմնական բանախոսը՝ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դասախոս Անի Կոջոյանը, որը տարիներ շարունակ զբաղվում է գենդերային հավասարության հարցերով: Ներկայացնելով թեման՝ բանախոսն առանձնահատուկ ուշադրություն դարձրեց կրթական համակարգում ձևավորվող գենդերային կարծրատիպերին, մասնագիտական կողմնորոշման վրա դրանց ազդեցությանը, ինչպես նաև բնագիտամաթեմատիկական ոլորտներում կանանց առաջընթացին խոչընդոտող կառուցակարգային և ինստիտուցիոնալ խնդիրներին։
Մասնակիցները հնարավորություն ունեցան ներգրավվելու պանելային քննարկումներում, որոնց շրջանակում անդրադարձ կատարվեց գիտության ոլորտում կանանց մասնակցության քաղաքականությանը, գիտությամբ զբաղվելու մոտիվացիային, կին գիտնականների առջև ծառացած խնդիրներին։ Բացի դրանից՝ նրանք մասնակցեցին նաև աշխատարանների և գիտական խաղերի։
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, այլ բուհերի ռեկտորներ, գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների աշակերտներ, ուսանողներ, դասախոսներ, ինչպես նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ և հյուրեր։















