- Главная
- Node
- Երազանքից իրականություն․ ԵՊՀ ուսանողի կրթական ճանապարհը դեպի Իսպանիա
Март 30, 2026 | 11:34
Կրթություն
Ուսանողական
Երազանքից իրականություն․ ԵՊՀ ուսանողի կրթական ճանապարհը դեպի Իսպանիա
ԵՊՀ ուսանող Էլեն Բաբախանյանը սովորում է Եվրոպական լեզուների և հաղորդակցություն ֆակուլտետի «Անգլերեն լեզու, իսպաներեն լեզու և հաղորդակցություն» կրթական ծրագրի չորրորդ կուրսում։ Ուսումնառության ընթացքում Էլենը մեկ կիսամյակ սովորել է Վալենսիայի համալսարանում (Իսպանիա): Նոր միջավայրը, մարդիկ և փորձը զգալիորեն ընդլայնել են նրա տեսական և գործնական գիտելիքները՝ մնալով հիշարժան ու արժեքավոր փորձ ուսանողական կյանքում։
«Ես միշտ սիրել եմ իսպաներենը և իսպանական մշակույթը, ուստի վաղուց էի երազում սովորել Իսպանիայում։ Նույնիսկ մինչև համալսարան ընդունվելս մտածում էի, որ պետք է օգտագործեմ համալսարանի ընձեռած հնարավորությունները և կրթություն ստանամ իմ սիրելի երկրում։ Այդ փորձառությունը ինձ հնարավորություն տվեց ծանոթանալու նոր մշակույթի, փորձառու դասախոսների ուսուցման մեթոդներին և ձեռք բերելու նոր ընկերներ»,- շեշտում է Էլենը։
Ուսանողը պատմում է, որ դասերի ընթացքում հաճախ աշխատել է թիմային նախագծերի շուրջ, ինչը նրան հնարավորություն է տվել համագործակցելու տարբեր երկրներից ժամանած և մշակութային տարբեր միջավայրերում ապրած ուսանողների հետ։ Նրա խոսքով՝ այս փորձառությունը օգնել է զարգացնելու հաղորդակցական և թիմային աշխատանքի հմտությունները, ինչպես նաև սովորելու արդյունավետ աշխատել միջազգային թիմում։
Բացի դրանից՝ Էլենը ծանոթացել է իսպանական կրթական համակարգին, որը, ըստ նրա, բավականին տարբերվում է հայկական կրթական համակարգից։ Սկզբում այդ տարբերությունները նրա համար անսովոր և որոշ չափով բարդ էին, սակայն ժամանակի ընթացքում նա կարողացել է հարմարվել և սովորել աշխատել այդ ձևաչափով։ Այդ ընթացքում ուսանողը նաև խորացրել է իր լեզվական գիտելիքները, հատկապես՝ իսպաներենի և անգլերենի։
«Վալենսիայի համալսարանում ուսանողները հնարավորություն ունեին առաջին շաբաթվա ընթացքում մասնակցելու տարբեր դասերի՝ հասկանալու համար, թե որոնք են իրենց համար առավել հետաքրքիր առարկաները, և ընտրելու այն դասերն ու հերթափոխը, որոնց ցանկանում են հաճախել։ Սա մեծ առավելություն է, քանի որ շատ ուսանողներ կարողանում են համատեղել ուսումը և աշխատանքը։ ԵՊՀ-ում կրթությունն ավելի շատ հիմնված է տեսական գիտելիքների վրա, ինչն ապահովում է ամուր հիմք մասնագիտական զարգացման համար։ Վալենսիայի համալսարանում, սակայն, ավելի մեծ ուշադրություն է դարձվում գործնական աշխատանքներին և քննարկումներին, ինչը նպաստում է թիմային աշխատանքի և գործնական հմտությունների զարգացմանը»,- պատմում է ուսանողը, որի ամենասիրելի առարկաները ակադեմիական գրավոր և բանավոր իսպաներենը, ինչպես նաև թարգմանությունն են։
Այդ առարկաների շնորհիվ նա ձեռք է բերել գործնական գիտելիքներ։ Քանի որ դրանք անմիջականորեն կապված էին իր մասնագիտության հետ, նա մեծ հետաքրքրությամբ էր մասնակցում դասերին և փորձում առավելագույնս օգտվել այդ հնարավորությունից։
«Երևանի պետական համալսարանը մեծ ազդեցություն է ունեցել իմ ակադեմիական հաջողությունների վրա․ հենց այստեղ եմ ստացել հիմնարար գիտելիքներ և հնարավորություն ունեցել մասնակցելու միջազգային ծրագրերի, որոնցից մեկն էլ «Էրազմուս+»-ն էր»,- ասում է Էլենը։
ԵՊՀ ուսանողը նշում է, որ նոր միջավայրին հարմարվելու լուրջ դժվարություններ չի ունեցել, քանի որ նախկինում էլ հաճախ շփվել է օտարերկրացիների հետ, ինչն օգնել է արագ գտնելու իր տեղը Իսպանիայում։ Դժվարությունները հիմնականում կապված էին ժամանակի և ֆինանսների ճիշտ կազմակերպման հետ։ Նրա խոսքով՝ այս փորձառությունը օգնել է դառնալու առավել ինքնուրույն, կազմակերպված և պատասխանատու։ Բացի դրանից՝ առօրյա տարբեր հարցեր՝ կապված համալսարանի, տրանսպորտի և կենցաղային խնդիրների հետ, հաճախ ստիպված էր լուծել ինքնուրույն, ինչը ևս նպաստել է նրա անձնական զարգացմանը։
«Բազմամշակութային միջավայրը ինձ օգնեց լավագույնս ներկայացնելու ինքս ինձ և իմ երկիրը, ընդլայնեց աշխարհայացքս և կոտրեց կարծրատիպեր։ Ես ձեռք բերեցի ընկերներ Լեհաստանից, Չեխիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Իտալիայից, որոնց հետ շարունակում ենք շփվել նույնիսկ հեռավորության պայմաններում։ Ինձ համար անսովոր էր, որ առաջին հանդիպումից հետո հնարավոր էր մտերմանալ և նույնիսկ պատմել անձնական կյանքի մանրամասներ։ Իմ գերմանացի ընկերուհին, որն անսահման զգացմունքային է, ամբողջովին փոխեց իմ կարծիքը գերմանացիների մասին»,- պատմում է Էլենը։
ԵՊՀ ուսանողը մասնակցել է միջազգային գիտաժողովների և մշակութային ծրագրերի, ձեռք բերել նոր ընկերներ ու մասնագիտական փորձ։ Այժմ նա դասավանդում է անգլերեն և իսպաներեն, անցնում պրակտիկա «Իսպանական կենտրոն» ուսումնական հաստատությունում և ՀՀ-ում Գվատեմալայի և Իսպանիայի պատվավոր հյուպատոսություններում։
Էլենի նպատակն է շարունակել ուսումը մագիստրատուրայում և խորացնել մասնագիտական գիտելիքները՝ ծավալելով աշխատանքային գործունեություն միջազգային հարթակներում: