- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ պատվիրակությունը մասնակցել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի 70-ամյակին նվիրված միջոցառումներին
Մարտ 30, 2026 | 17:14
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
ԵՊՀ պատվիրակությունը մասնակցել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի 70-ամյակին նվիրված միջոցառումներին
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը մասնակցել են Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (JINR) 70-ամյակին նվիրված միջոցառումներին։ 1956 թվականի մարտի 26-ին հիմնադրված ինստիտուտն այսօր էլ շարունակում է պահպանել իր առանցքային դերը միջուկային և բարձր էներգիաների ֆիզիկայի ոլորտում՝ լինելով միջազգային գիտական համագործակցության կարևորագույն կենտրոններից մեկը։
Հոբելյանական միջոցառումների շրջանակում անցկացվել են տարբեր մակարդակների հանդիպումներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության ընթացիկ ուղղություններին և քննարկվել են այն նոր նախաձեռնություններով ու ձևաչափերով խորացնելու հնարավորությունները։
Բացի դրանից՝ ԵՊՀ պատվիրակությունը ծանոթացել է ինստիտուտի ժամանակակից գիտական և ենթակառուցվածքային հնարավորություններին, ինչպես նաև այցելել NICA կենտրոն։ Այն Դուբնայում կառուցվող նոր սերնդի արագացուցչային համալիր է, որը նախատեսված է խիտ բարիոնային նյութի հատկությունների ուսումնասիրման համար և գիտնականներին հնարավորություն է ընձեռում հետազոտելու տիեզերքի վաղ փուլերին բնորոշ նյութական վիճակները, այդ թվում՝ քվարկ-գլյուոնային պլազման։
Հոբելյանական միջոցառումների շրջանակում համալսարանականները հանդիպել են նաև ԵՊՀ պատվավոր պրոֆեսոր, աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանի հետ, որի գիտական վաստակն ու անունը վաղուց արդեն իրենց առանձնահատուկ տեղն ունեն համաշխարհային գիտության և ԵՊՀ պատմության մեջ։
Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի բազմաշերտ համագործակցությունն արդեն ունի տարիների պատմություն և շարունակական բնույթ։ Հայաստանի ներգրավվածությունն ինստիտուտի գործունեությանը ևս տասնամյակների պատմություն ունի․ Խորհրդային Հայաստանը ինստիտուտի անդամ է եղել դրա ստեղծման պահից, իսկ որպես ինքնիշխան պետություն՝ անդամակցությունը շարունակել է 1992 թվականից։
Այս համագործակցության շրջանակում ԵՊՀ գիտական խմբերը ներգրավված են ինստիտուտի մի շարք խոշոր ծրագրերում, իսկ համալսարանի հետազոտողներն ու երիտասարդ գիտնականները պարբերաբար մասնակցում են գիտաժողովների, դպրոցների և մասնագիտական այլ ծրագրերի՝ համալրելով միջազգային գիտական միջավայրում փորձառություն ձեռք բերելու իրենց հնարավորությունները։
Համագործակցության կարևոր հարթակներից է նաև ԵՊՀ-ում գործող Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տեղեկատվական կենտրոնը, որը ստեղծվել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի միջև ձևավորված համագործակցության շրջանակում։ Կենտրոնի գործունեությունը միտված է հետազոտությունների, գիտական կադրերի պատրաստման և գիտության հանրայնացման ուղղություններով գործընկերային կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը։
Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի 70-ամյակին ԵՊՀ պատվիրակության մասնակցությունը ևս մեկ անգամ վկայում է համալսարանի ակտիվ ներգրավվածության մասին միջազգային գիտական համագործակցության հարթակներում և վերահաստատում ԵՊՀ հանձնառությունը՝ շարունակաբար խորացնելու գործընկերությունը ինստիտուտի հետ՝ ի նպաստ կրթության, գիտության և երիտասարդ հետազոտողների մասնագիտական զարգացման։