- Главная
- Node
- Միջազգային գիտական համագործակցության նոր հեռանկարներ. ԵՊՀ գիտնականը՝ Չինաստանում
Марта 17, 2026 | 11:30
Գիտություն
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
Միջազգային գիտական համագործակցության նոր հեռանկարներ. ԵՊՀ գիտնականը՝ Չինաստանում
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, կ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Թռչունյանը աշխատանքային այցով Չինաստանում էր՝ մասնակցելու գիտական հանդիպումների և քննարկումների։ Այցի նպատակն էր ընդլայնել գիտահետազոտական կապերը և ստեղծել համագործակցության նոր հնարավորություններ։
Այցը կազմակերպվել էր Չինաստանի գիտությունների ակադեմիայի «Chinese Academy of Sciences President’s International Fellowship Initiative» ծրագրի շրջանակում, որի նպատակը միջազգային գիտական համագործակցության խթանումն է։
Գործուղման ընթացքում պրոֆեսոր Թռչունյանը այցելել է Ցինդաո (Չինաստան) քաղաքում գործող Օվկիանոսագիտության գիտահետազոտական ինստիտուտ, որը Չինաստանի գիտությունների ակադեմիայի խոշորագույն և առաջատար կենտրոններից է։
«Այցի հիմնական նպատակներից էր գիտական նոր կապերի ձևավորումը, հնարավոր համագործակցության ուղղությունների քննարկումը և գործընկերներին ԵՊՀ-ում կատարվող գիտահետազոտական աշխատանքների ներկայացումը։ Այցի ընթացքում հանդիպումներ են կայացել նաև Չինաստանի օվկիանոսի համալսարանի (Ocean University of China) գիտնականների հետ։ Քննարկումներին մասնակցել են նաև Գերմանիայից ժամանած հետազոտողներ, ինչը հնարավորություն է տվել ձևավորելու բազմակողմ գիտական համագործակցության նոր հարթակ»,- նշում է Կարեն Թռչունյանը։
Չինաստանում անցկացվել են գիտական մի շարք սեմինարներ և աշխատանքային քննարկումներ, որոնց ընթացքում գիտական տարբեր խմբեր ներկայացրել են իրենց հետազոտությունները, քննարկել հետազոտության նոր մեթոդներ և գիտական համատեղ ծրագրեր։ Հանդիպումների ընթացքում գիտնականները ծանոթացել են նաև երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների աշխատանքներին՝ առաջարկելով հետագա ուսումնասիրությունների նոր հեռանկարներ։
«Քննարկումների ընթացքում խոսել ենք հետազոտական համատեղ ծրագրերի, գիտնականների փոխայցելությունների և երիտասարդ հետազոտողների շարժունության հնարավորությունների մասին»,- ընդգծում է Կարեն Թռչունյանը։
Նրա խոսքով՝ սեպտեմբերին նախատեսվում է չինացի գործընկերների պատվիրակության այցը Հայաստան։ Այդ այցի ընթացքում կքննարկվի նաև Երևանի պետական համալսարանի և Չինաստանի գիտությունների ակադեմիայի համապատասխան ինստիտուտներից մեկի միջև համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունը։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստան-Չինաստան համատեղ գիտաժողովների կազմակերպման հնարավորությանը, ինչը գիտնականներին հնարավորություն կտա ներկայացնելու իրենց հետազոտությունները և ձևավորելու համագործակցության նոր ուղիներ։
Հետաքրքիր է նաև այն, որ այցի ընթացքում պարզվել է՝ Երևանը և Ցինդաոն «քույր քաղաքներ» են, ինչը կարող է լրացուցիչ խթան լինել գիտակրթական կապերի զարգացման համար։
Կարեն Թռչունյանի խոսքով՝ այսօրինակ նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն համալսարանի միջազգային կապերի ընդլայնման և գիտական նոր համագործակցության ձևավորման համար։
«Մեզ համար կարևոր է, որ համագործակցությունը չսահմանափակվի միայն մեկ լաբորատորիայի մակարդակով, այլ ընդգրկի համալսարանի գիտական տարբեր ուղղություններ և ստեղծի համագործակցության լայն հարթակ»,- նշում է նա։
Պրոֆեսորի գնահատմամբ՝ Չինաստանի գիտությունների ակադեմիայի հետ համագործակցությունը կարող է նոր հնարավորություններ ուղենշել ոչ միայն ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի, այլև համալսարանի գիտական տարբեր ուղղությունների համար՝ նպաստելով նաև ԵՊՀ միջազգային ճանաչելիության բարձրացմանը։